
Ես Հեղինե Խաչատրյանն եմ` 17 տարեկան, ծնվել եմ Գյումրի քաղաքում: Մանկուց սեր եմ ունեցել երաժշտության հանդեպ, և տեսնելով իմ հետաքրքրվածությունը 7 տարեկանում ծնողներս տարել են երաժշտական դպրոց` դաշնամուրի: Մեծ ոգևորությամբ հաճախել եմ դասերին, հետո պարզվեց լսողությունս բացարձակ է, իսկ ես գիտեի, թե բոլորն են ինձ նման լսում: Մի քանի անգամ մասնակցել եմ Վերածնունդ Միջազգային մրցույթ-փառատոնին, 3-րդ կարգի դափնեկիր եմ:
Երաժշտականն ավարտել եմ գերազանց և ընդունվել Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ` դաշնամուրային բաժին: Ներկայումս 4-րդ կուրսի ուսանողուհի եմ:
Բացի դաշնամուրից տիրապետում եմ նաև` ֆլեյտա, կիթառ, շրթհարմոն գործիքներին` ինքնուս եմ, երբևէ չեմ հաճախել դասերի, երևի լսողությունս է թույլ տալիս նվագել, դրանից զատ ստեղծագործում եմ, ունեմ լսարան, ովքեր սիրով կարդում են գործերս և կարծիքներ հայտնում, որից էլ ավելի եմ ոգևորվում:
Ստեղծագործական ձիրքս շատ պատահմամբ եմ բացահայտել: Քոլեջում, երբ ազատ ժամանակ էինք ունենում, ընկերներով սկսում էինք բանաստեղծություններ «հորինել», հանգավորված, գեղեցիկ և հումորային մտքեր էին ստացվում, որոշեցի փորձել, և ավելի լուրջ մոտենալ, ինչը ստացվեց ինձ մոտ:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են և ոգևորում են առաջ գնալուն: