
Դաշնակահարն ամեն օր գործիքի առջև անցկացնում է ժամեր: Նա այդ ընթացքում է ձեռք բերում պրոֆեսիոնալիզմ: Եւ այն ամենը, ինչը մանրուք է թվում դիլետանտներին և ոչ կարևոր, հակառակը` պրոֆեսիոնալներից պահանջում է երկար ու մանրակրկիտ աշխատանք: Ուստի` հաջող աշխատանքում արտացոլված են կատարված աշխատանքի ծավալը, լարվածության մակարդակը, աշխատանքի մեթոդիկան, հանգամանքները և այլն: Այդ ամենն ազդում է նաև դաշնակահարի առողջության վրա: Պետք չէ մոռանալ, որ դաշնակահարի աշխատանքը լարված ստեղծագործական աշխատանք է: Այն պահանջում է մտավոր կարողությունների ամբողջական լարում և, միաժամանակ, ֆիզ. էներգիայի բավական սպառում: Ահա դա է ստիպում հատուկ լրջությամբ վերաբերվել այն բոլոր հարցերին, որոնք կապված են նրա ամենօրյա աշխատանքին, որքան էլ դրանք պարզունակ թվան:
Դաշնակահարի աշխատանքը ֆիզ. տեսանկյունից մարդկային ուղեղի, ներվերի, մկանների և զգացմունքների սպառում է, իսկ հոգնածությունը’ նրա աշխատանքի անխուսափելի հետևանքը: Դաշնակահարի աշխատանքի ներքին օրենքների խախտումը (շարունակ պարապելն առանց ընդմիջման, հոգնածության աստիճանն անտեսելը ևս) հանգեցնում է գերհոգնածության, ինչը կարող է ցածրացնել նաև ամբողջ օրգանիզմի աշխատունակությունը (կենսագործունեությունը): Այս ամենը ստիպում է գտնել աշխատանքի ավելի նպատակահարմար ռեժիմ և հիգիենա: Որպեսզի նրանց աշխատանքը լինի արդյունավետ` (պտղաբեր) նրանք պետք է ապահովեն այնպիսի երկարատև աշխատանքի պայմաններ, որոնք կպահպանեն թարմ ուժերը: Ահա թե ինչու է կարևոր անդրադառնալ հանգստին:
Հոգնածությունը բարդագույն պրոցես է, որի էության մասին բանավեճ կա: Դաշնակահարի աշխատանքին ներգրավված է ամբողջ օրգանիզմը: Հետևաբար, որպեսզի հասկանանք այս կամ այն օրգանի հետ կատարվող պրոցեսը, պետք է այն դիտենք, որպես ամբողջի մի մաս: Միանշանակ է սակայն, որ պայմանավորված այս կամ այն երաժշտական գործիքով (նկատի ունի գործիքների տեխնիկական տարբեր համակարգերը) տարբեր օրգաններ են հոգնում. դաշնակահարինը` ձեռքերը, շեփորահարինը` շուրթերը և այլն: Տարբեր է լինում նաև հոգնածության ի հայտ գալու ժամանակը, ինչը պայմանավորված է մարդկանց օրգանիզմների սուբյեկտիվ և օբյեկտիվ անձնական հատկություններով: Մեզ չեն կարող չհետաքրքրել ընդհանուր և մասնակի այդ առանձնահատկությունները: Տեղային հոգնածության հետ մեկտեղ (տեղային` օրինակ` ձեռքերը, ուսերը ) լինում է նաև կենտրոնական հոգնածություն ( ուղեղի կեղևի հոգնածություն): Այդ դեպքերը, սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշաններով, (սիմպտոմ) արտահայտվում են այն զգացումով, ինչը մենք անվանում ենք հոգնածություն:
Հոգնածությունը և հոգնությունը պարտադիր չէ, որ միասին լինեն և ուժով համարժեք չեն: Հոգնածությունն ավելի շատ ֆիզիկական երևույթ է, որը պայմանավորված է աշխատանքի չափով, արագությամբ, լարվածությամբ և հանգամանքներով, իսկ հոգնությունը հոգևոր և մտավոր, գաղափարական դաշտում է: Ուստի` լինում են դեպքեր, երբ հոգնություն է զգացվում, բայց հոգնածություն չկա, և հակառակը` ոգևորությամբ աշխատելով, (հետաքրքրված լինելով վերջնական արդյունքով) մենք չենք նկատում (մեր) հոգնածությունը և սկսում ենք աշխատել: Այնինչ` ոչ գոհացուցիչ, ձանձրալի, հետաքրքրություն չառաջացնող աշխատանքն առաջացնում է հոգնածություն` նույնիսկ պարապմունքի ամենասկզբում: Ուստի, եթե դաշնակահարն ուշադրություն չդարձնի այս ամենին, կարող է ձեռք բերել ինչպես թույլ, այնպես էլ` բավական լուրջ հիվանդություններ: Հայտնի է, որ հոգնածությունը իջեցնում է աշխատունակությունը, բայց այն կարող է առաջանալ նաև ուրիշ պատճառներով. ընդհանուր հիվանդ վիճակով, շոգ կամ ցուրտ եղանակով, քաղցով կամ գերհագեցվածությամբ: Աշխատունակության անկումը կարող է պայմանավորված լինել նաև բարոյահոգեբանական վիճակով, ողբերգական ապրումներով, և հաճախ, նաև հակառակը` ուրախ առիթներով, շեղող մտքերով և այլն: Պարզ հոգնածության բնութագրական հատկանիշը կատարված աշխատանքից առաջացած աշխատունակության անկումն է:
Չնայած հոգնածության ժամանակ հազիվ թե օրգանիզմի բոլոր համակարգերը տուժեն` մկանային, սիրտ_անոթային, շնչառական, ներվային և այլն, բայց, ամեն դեպքում, աշխատանքի նորմալ պայմաններում ավելի հոգնած են լինում օրգանիզմի “ռեակտիվ բջիջները” (ուղեղի մեծ կիսագնդերի բջիջները): Այդ բջիջներն ունեն աշխատունակության սահման, որից հետո նրանց չափից դուրս սպառումից առաջ է գալիս արգելափակում: Արգելափակման ժամանակ, մնալով աշխատանքից ազատ, բջիջները վերականգնում են իրենց նորմալ վիճակը:
Այն դեպքերում, երբ գրգռումը տևում է չափազանց ուժեղ կամ չափից դուրս երկար, առաջ է գալիս բացարձակ (տրանսցենդենտ) արգելափակում, կամ պաշտպանիչ արգելափակում: Տրանսցենդենտ անվանվում է այն պատճառով, որ փրկում է ուղեղի բջիջները ուժասպառումից այն դեպքերում, երբ նրանցից պահանջվում է գրգռում` ինչը դուրս է նրա աշխատունակության սահմանից: Արգելափակումը, իր վրա վերցնելով պաշտպանիչ դեր, պահպանում է ուղեղը` ապահովելով օրվա նորմալ աշխատանքից հետո անհրաժեշտ հանգիստը և քունը:
Հայտնի է, որ ոչ միայն հիվանդությունների բուժման համար, այլ նաև դրանց նախազգուշացման, պրոֆիլակտիկայի համար, կարևոր է ճանաչել համապատասխան ախտանշանները (սիմպտոմները): Այդ պատճառով, երբ կա հոգնածության նշան, մենք կանգ ենք առնում: Ընդհանուր հոգնածությունը մենք զգում ենք որպես ուժասպառություն. երևակայությունը կորչում է, կորչում է կատարվող աշխատանքի մասին պատկերացումը, շեղվում է ուշադրությունը, և պահանջվում է էմոցիոնալ կամ կամային լարում’ “մտրակ”, աշխատանքային առարկայի նկատմամբ ուշադրության կենտրոնացման համար, հիշողությունը դժվարությամբ է վերցնում սովորածը, կորչում է ձեռքերի թեթևությունը և կոնկրետությունը: Եվ, վերջապես, ի հայտ են գալիս այնպիսի նշաններ, ինչպիսիք են շնչարգելությունը, սրտխփոցը, գլխապտույտը և նույնիսկ գլխացավը: Այստեղ գծագրվում է ընդհանուր հոգնածության պատկերը, որից մի կերպ ազատվելու “դեղատոմսը” զբոսանքն է “ծույլերի” հետ, (հեղինակն օգտագործել է “հիմար” բառը, հավանաբար հումորային երանգ դնելով իր խոսքում) առանց մտքերի որևէ կենտրոնացման, առանց լուրջ նպատակի: Այսպիսի գերհոգնությունը փուլային է, էտապային շերտերով: Նրան հեշտ է դիտարկել երեխաների մոտ: Նրանց հետ պարապող ամեն մի ուսուցիչ չի կարող չնկատել, որ պարապմունքների ժամանակ, 15_20 րոպե հետո երեխան սկսում է ջղաձգվել աթոռի վրա, նայում է շուրջը, գունատվում է, դառնում քնկոտ, նայում է “քնած” աչքերով, սկսում է առանց իր կամքի ձգվել և հորանջել: Այս դեպքում, եթե ժամանակին դադար լինի, կարողանան զբաղեցնել երեխային, ծիծաղեցնել նրան կամ հետաքրքրությունը շարժել որևէ այլ, անսպասելի բանով, նա “կարթնանա”, և պարապմունքը կշարունակվի: Արդյունավետ են նաև որոշ խաղային_ատլետիկ վարժությունները, թեկուզև փոքրիկ վազքը բնակարանի շուրջ: Եթե այսպիսի կանխարգելիչ պահը բաց է թողնված` շարունակվող աշխատանքը օգուտ չի տա, և գործը կարող է վերջանալ արցունքներով: Իսկ ուսուցչի (ծնողների) համառ պնդումների դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ հաստատամիտ զզվանք պարապմունքի և դրա առարկայի նկատմամբ, որի դեմ պայքարելը դժվար է լինելու: Դաշնակահարի մոտ աճող հոգնածության ընթացքն այսպես է` ամեն բանից առաջ կորչում է ամբողջական կենտրոնացումն աշխատանքի վրա, սկսում է խանգարել նույնիսկ կողքի սենյակի աղմուկը, ուշադրությունը շեղում են անգամ գործիքի ենթաձայները, որոնք սկզբում աննկատ էին, հայտնվում են բոլորովին անսպասելի զուգորդություններ, (ասոցիացիաներ), անարժեք հիշողություններ, ֆիզիոլոգիայի լեզվով ասած’ թուլանում է նպատակի և կենտրոնացման ռեֆլեքսը, աշխատանքը դադարում է դառնալ “ամենակուլ” պրոցես: Մինչ հոգնածությունը գիտակցելը` սկսում են առաջանալ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին օրգանների ազդանշաններ: Մյուս էտապում սխալ է գնում և՛ աշխատանքի ընթացքը, և՛ նվագը: Հիշողությունը չի ֆիքսում սովորածը, իսկ ձեռքերը, չնայած բազմաթիվ կրկնություններին, ոչ միայն “տրտնջում” են, հրաժարվում նոր սովորած շարժումները կատարել, այլ նաև չեն կատարում արդեն իսկ սովորածը: Մնում է միայն մեխանիկական կրկնության ընդունակությունը և արմատավորված, անգիր (զուբրիտ) արված, վաղուց ճշգրտված և կարծրատիպային շարժումները: Այսուհետև խանգարվում է նաև այդ ընդունակությունը: Որքան համառորեն ենք ձգտում հաջողության, այնքան վատ է ստացվում: Համառելով` մեզ հնարավոր է հասցնել նրան, որ խանգարվի ամբողջ նվագի պրոցեսը: Կորչում է վստահությունը սովորույթ դարձած շարժումների նկատմամբ, և առաջանում է հոռետեսություն` “Միևնույն է, չի՛ ստացվելու”: Եւ իսկապես, ձեռքերը “կոտրվում” են պասսաժների և թռիչքների ժամանակ, կորչում է ավտոմատացումը և չենք կարողանում (թռչելով) հասնել թիրախային հնչյուններին: Լինում է և հակառակը. հոգնածության ժամանակ արգելափակման ֆունկցիան թուլանում է, անակնկալ ի հայտ է գալիս գրգռում. մատները սկսում են “վազել” ‘ չհնազանդվելով դաշնակահարին, շարժումները դառնում են վատ կառավարելի, արգելաբացվում են հնում հղկված, ճնշված սխալները նվագի մեջ:
Այս կամ այն տեսքով հոգնածության նկատմամբ արձագանքը կապված է հոգնածության այն աստիճանից, այն ֆոնից, որի վրա կատարված է աշխատանքը, և, իհարկե, նյարդահոգեբանական վիճակից: Այն կապված է նաև տարիքից և բարձրագույն նյարդային համակարգի տեսակից, որը կարող է լինել ավել, պակաս ուժեղ կամ թույլ, ավելի արգելակված կամ հակառակը` գրգռված: Այս բոլոր նշանները լավ հայտնի են դաշնակահարներին, սակայն ոչ մի դեպքում, առանձնահատուկ կերպով, միայն դաշնակահարների համար չեն: Դրանք ուղեկցում են ցանկացած մտավոր աշխատանքային գործունեությանը:
Հոգնածության նմանատիպ “աստիճանակարգ” է սահմանել ֆիզիոլոգ (բնախոս) Ուխտոմսկին:
Ի՞նչ է հոգնածությունը.
1. Անկարողությունն է պահպանել բավականաչափ ուշադրություն` աշխատանքի և նրա իրավիճակի նկատմամբ: Այստեղից էլ` սխալների և խոտանի ավելացումը, ձախողումները, որոնք հետևում են մեկը մյուսին: Ֆիզ. բնության տեսանկյունից` մեր առջև հավասարակշռության կորուստ է և սխալ պահվածք, սակայն, ավելի շուտ, արգելափակման ֆունկցիայի խանգարում:
2. Անկարողությունն է ստեղծելու և յուրացնելու նոր, օգտակար գիտելիքներ, և, միևնույն ժամանակ, ընդունակությունը` պահպանելու հին, արմատացած գիտելիքները:
3. Խանգարումն է հին, ավտոմատացված գիտելիքների, ինչը պահանջում է հավելյալ, հոգնեցուցիչ հսկողություն ինքդ քո վրա:
4. Եւ վերջապես, այն հոգնածության հոգեխանգարմունքն է:
Ուշադրությամբ քննելով ինքներս մեզ, պետք է ժամանակին բացահայտենք առաջացած ախտանշանները և ձեռնարկենք կանխարգելիչ, զգուշավոր միջոցներ: Հակառակ դեպքում’ նույնիսկ գիշերային քունը չի կարողանա հանել հոգնածությունը: Այդ դեպքում ստիպված կլինենք խոսել ոչ թե օրվա նորմալ հոգնության, այլ խրոնիկ հոգնածության մասին: Եւ, վերջապես, չի կարելի հաշվի չառնել սեզոնային հոգնածությունը, որը պահանջում է խելամիտ հանգիստ:
Ուխտոմսկին նկատում է. “Ակնհայտ է, որ գոհանալով հոգնածության սուր նշանները հեռացնելով, խորաթափանց չնայելով, միևնույն է` մենք նկատում ենք “բնակարանի ճաքերը”, որոնք պահանջում են հիմքից վերանորոգում: Հոգնածությունն անտեսելը խարխլված ուժերի շահագործում է:
Սկզբում` հոգնած դպրոցականների մոտ ավելի հաճախակի հայտնվում են մաթեմատիկական խնդիրների լուծման սխալներ, ընթերցանության ժամանակ` առոգանության սխալներ, իսկ դժվար տեքստերի բովանդակությունն հասկանալու համար անհրաժեշտ է լինում կրկին ընթերցել այն: Այդուհետև թուլանում է հիշողությունը, սկսվում է դժվարանալ հիշելը լավ հայտնի և սովորաբար հեշտ հիշվող բաները, ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, միտքը կտրվում է, գիտակցութան մեջ ներխուժում են պատահական, կողմնակի երևակայական պատկերներ: Իսկ մյուս էտապում` աշխատանքի շարունակման համար պահանջվում է կամքի ուժ: Վերջապես հայտնվում են ֆիզիկական խանգարման նշանները` գլխապտույտ, սրտամկանի աշխատանքի թուլացում կամ արագացում, շնչառությունը ևս սկսում է արագանալ:
Եթե այդ նշաններն հայտնվում են, անգամ նրանցից մի քանիսը, անպայման պետք է դադարեցնել աշխատանքը: Այն պարտադրաբար շարունակելն առաջացնում է լարում նյարդային համակարգի վրա, ինչը խելամիտ չէ, քանի որ անխուսափ է արդյունավետության և որակի իջեցումը, որոնք, աշխատանքը եթե դարձնում են ոչ լրիվ անպտուղ, ապա` քիչ արդյունավետ: Նյարդային համակարգի պարտադրված լարումը բերում է ուժասպառության, որի ժամանակ աշխատունակության վերականգնվելու համար անհրաժեշտ է արդեն երկար հանգիստ և հաճախ` նաև բուժում:
… Մտքի հոգնածության վնասակար կողմերի մասին, որոնք սպառնում են վտանգավոր հետևանքներով, գիտնականներ Ի. Պավլովան և Յու. Ֆրոլովը ուշադրություն են դարձրել ուրիշ տեսանկյունից: Հարկավոր է, որ դաշնակահարը նախանձախնդրորեն զգույշ լինի ուղեղի արյունատար անոթների ճնշման (տոնուսի) երկարատև և հաճախակի լարումից, ինչը հանգեցնում է աշխատանքային ռեժիմի (պարապմունք և հանգիստ) խախտման: Առաջանում է գլխացավ, (միգրեն և այլ տեսակի հիվանդություններ) իսկ հաճախ նաև` գլխուղեղի արյան շրջանառության դժվարացում:
Արյունատար անոթների սպազմը ուղեղի անդադար աշխատանքի հետ է կապված (դրա հետևանքն է): Պայմանավորված դրանով` սրտի շրջանում հաճախ հիվանդության զգացում է առաջանում: Սակայն` բնությունը ուշադիր է և շնորհալի. օրգանիզմի սխալ գործունեության նախազգուշական (նախնական) փուլը շրջելի է: Դրա դեմ հնարավոր է պայքարել ճիշտ մտածված, խելամիտ մեթոդներով:
Առաջնային խանգարումների ժամանակ տեղ ունեն պաթոլոգիկ, ժամանակավոր, պայմանական_ռեֆլեքսային կապերը:
Այնտեղ, որտեղ սպասելի է օրգանների գրգռում, ի հայտ է գալիս նրա գործունեության ամբողջական կամ մասնակի դադարեցում: Ավելին` գրգռման և արգելափակման պրոցեսները հաճախ բախվում են և “պայթյուն” է առաջանում:
Եթե օրգանիզմին հնարավորություն տրվի ամրանալու և արգելափակելու նրանց (այդ պայքարը), այդ դեպքում հիվանդագին հոգնությունը կարող է լինել վերացված: Իսկ անընդհատ կրկնվելու արդյունքում նրանք ամրանում են.այդ դեպքում նույնիսկ նրա մասին միտքը կարող է առաջ բերել հիվանդագին երևույթներ, և այդ ժամանակ աշխատունակությունը կարող է ընկնել նույնիսկ մինչև զրո:
Տրված այս պատկերացումների ճշգրտությունը (իրավացիությունը, հավաստիությունը) և սպառնալիքը’ դաշնակահարին պետք է ստիպի լուրջ վերաբերվել դրանց:
Մինչ այս պահը’ խոսքը հոգնեցուցիչ աշխատանքից առաջացող հոգնածության մասին էր: Վերևում ասված ամեն բան ուղիղ կապ ունի նաև դաշնակահարի աշխատանքի հետ: Բայց դաշնակահարի նվագը միաժամանակ նաև ֆիզիկական աշխատանք է և կարող է առաջացնել նաև ձեռքերի տեղային հոգնածություն:
Այն պարտադիր է և օրինաչափ այն դեպքերում, երբ դաշնակահարը պատրաստում է բեմական ելույթի ծրագիր: Հնարավո՞ր է արդյոք խուսափել հոգնածությունից, երբ նվագում ես Շումանի կամ Պրոկոֆևի տոկատները, Շոպենի, Լիստի, Ռախմանինովի էտյուդները, Բալակիրևի’ “Իսլամեյը” և այլն:
Հետևաբար` աշխատանքը պետք է կատարել ճիշտ, (ուժերը սպառել արդյունավետորեն) միևնույն ժամանակ խուսափել գերլարման վտանգից, որը սպառնում է դաշնակահարին, երբ նրանք ձեռքն են վերցնում իրենց ուժերից վեր աշխատանք:
Ս. Սավշինսկի