Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է։ Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ աշխատանքի և արագ չի հոգնում։

                                                  

Առողջության հիմնական բնութագրերը

Առողջական վիճակը պայմանավորում են բազմաթիվ գործոններ՝ շրջակա միջավայրի լավ պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որն ամրացնում է մկանները, նպաստում արյան շրջանառության բարելավմանը, բջիջներին առատ թթվածնով մատակարարմանը և այնտեղից խարամների հեռացմանը։ Կարևոր են նաև ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը։ Վերջինս կախված է տարիքից. նորածինները քնում են 20–22 ժամ, հասուն մարդիկ՝ 6–7 ժամ։ Հարկավոր է խուսափել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ընդունման վտանգավոր սովորություններից։

Ծխախոտը պարունակում է նիկոտին և խեժեր. նիկոտինը շատ վտանգավոր ազդեցություն է թողնում սրտի և թոքերի աշխատանքի վրա, առաջացնում է ախորժակի անկում։ Խեժերն աղտոտում են շնչառական ուղիների լորձաթաղանթը, ներթափանցում թոքերի ու արյան մեջ, խանգարում բջիջների աշխատանքը և կարող են առաջացնել վտանգավոր հիվանդություններ (օրինակ՝ քաղցկեղ)։

Ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդը չի կարողանում իրագործել այն օրգանիզմից դուրս բերելու իր ֆունկցիան և սկսում է քայքայվել։ Բացի դրանից, ծխելն ու ալկոհոլի մշտական օգտագործումն առաջացնում են ֆիզիկական և հոգեկան կախվածություն. դա նշանակում է, որ մարդն ընտելանում է ծխախոտին ու ալկոհոլին, չի կարողանում ապրել առանց դրանց և դադարեցնել դրանց ընդունումը առանց բժշկի օգնության ու դեղանյութերի։

Մարդու առողջություն 

Մարդու առողջությունը բավականին բարդ սոցիալ-կենսաբանական կատեգորիա է, որի բնութագրման բազմաթիվ տարբերակներ են առաջադրվել, սակայն ամենաընդունելին և ամենաամբողջականն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բնութագրումն է. «Մարդու առողջությունը սոցիալ-կենսաբանական ու հոգեկան լրիվ բարօրության վիճակն է, երբ օրգանիզմի բոլոր օրգանների ու համակարգերի ֆունկցիաները բնակլիմայական ու սոցիալական միջավայրի հետ գտնվում են հավասարակշռված վիճակում, և երբ բացակայում է որևէ հիվանդություն, ախտաբանական վիճակ ու ֆիզիկական թերություն»։

Մարդու առողջական վիճակը բնորոշվում է նրա ֆիզիոլոգիական համակարգերի ու օրգանների ֆունկցիայով՝ կապված տարիքային, սեռային ու հոգեբանական գործոնների և արտաքին միջավայրի բնակլիմայական ու սոցիալական պայմանների հետ։

Անհատի «բացարձակ առողջությունը», որպես իդեալական չափանիշ, իրական կյանքում անհնար է պատկերացնել, քանի որ օրգանիզմի կենսագործունեությունը բնութագրող կարևոր ցուցանիշների անհատական տատանումների շրջանակները բավականին լայն են։ Այդ պատճառով բժշկության մեջ ավելի հաճախ կիրառվում է «գործնականորեն առողջ» հասկացությունը։ Սա այն բնականոն վիճակն է, որի սահմաններից դուրս այս կամ այն տատանումն արդեն բնութագրվում է որպես «հիվանդություն» կամ «ախտաբանական վիճակ»։ Թեկուզ առողջությունը դիտվում է որպես հիվանդության հակադիր վիճակ, այնուամենայնիվ, այն չի կարող ունենալ հստակորեն ընդգծված սահմաններ, քանի որ օրգանիզմը շատ հաճախ կարոդ է գտնվել, այսպես կոչված, «անցումային» կամ «սահմանային» վիճակում։ Այնպես որ «գործնականորեն առողջ» վիճակը լրիվ չի բացառում դեռևս անախտանշանական կլինիկորեն չդրսևորված ախտաբանական վիճակների առկայությունը, որն էապես չի անդրադառնում մարդու ինքնազգացողության ու աշխատունակության վրա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ