Հայկուհի Դավթյան – «Սենյակիս բնակիչները»

Մարդիկ միշտ մի բան անում են, ասում են, ցավեցնում են․անգիտակցաբար ցավեցնում են․․․ անգիտակցաբա՞ր, չէ, դժվար։ Անծանոթը մեզ չի ցավեցնի, համենայն դեպս մեր ներսը տակնուվրա չի անի, չի խառնի ամեն ինչ իրար ու իր ետևից ջրհեղեղից հետո եղող մի անմխիթար, լքված ու շուռ եկած սենյակ չի թողնի։ Անծանոթը չի կարող մեր սենյակը իրար խառնել, քանի որ անյտեղ մուտք չունի, երբեք չի եղել, իսկ նրանք, ովքեր մշտապես ելումուտ են արել քո սենյակ, անշուշտ կարող են։ Եկել են, նստել են, մնացել են, երբեմն գնացել են, բայց քո սենյակում ախր շատ տաք ու հարմար է, էլի ետ են եկել ու հարմարավետ տեղավորվել։ Ու արդյունքում ի՞նչ։ Անգիտակցաբար ցավեցնու՞մ են։ Անգիտակցաբա՞ր։ Չէ՛։ Չհավատաս։ Սենյակիդ ամեն պատը քո մասին է պատմում, սենյակիդ օդը քո էությամբ է լցված, կարծում ես չգիտե՞ն՝ ինչն է քեզ ցավեցնում։ Գիտեն։ Հասկացել են։ Բա էլ ինչի՞ են էնպես անում, որ ցավի։ Չես հասկանա։ Հետաքրքիր են մարդիկ։ Կասեն անգիտակցաբար էր ու կանցնի, կգնա։ Բայց իրավունք չունի անգիտակցաբար լինելու, եթե դու նստած ես իմ սենյակում ու այնտեղ հյուր չես, այլ բնակիչ, ուզում եմ, որ բնակիչներից մեկը լինես, ուրեմն էլ ի՞նչ անգիտակցաբար։ Դու շնչում ես իմ էությունը, ինձնից առաջ պետք է զգաս ցավը, որ զգալու եմ։ Բայց մեկ է «անգիտակցաբար» ցավեցնում ես։ Մեկ-մեկ, ցավոք, միտումնավոր ես անում ու չես թաքցնում։ Բայց ախր սենյակիս բնակիչ ես է։ Սենյակում ամեն ինչ այլ կերպ է լուծվում։ Ասում ես ինձ, խոսում ենք՝ իմ էությունը շնչելով, քոնն էլ արտաշնչելով ու վերջում բաժակ ենք բարձրացնում՝ տաքուկ անկյունում նստած։ Ուրիշի սենյակների մթնոլորտին չենք խառնվում ու չենք խառնում մերինին։

Բայց հետո․․․ հետո էլի գալիս ենք իմ սենյակ։ Չեմ ուզում, բայց իմ սենյակում ես։ Բնակիչ ես։ Ես քեզ դուրս չեմ հանի։ Չեմ էլ ուզում գնաս։ Բայց սենյակումս՝ պատերի վրա, ճեղքեր եմ տեսնում։ Ոչ մի բնակիչ չի գնալու։ Իսկ ճեղքերը շատանալու են, ու վերջում իմ ստեղծած պատերը ձեր պատճառով քանդվելու են։ Դուք ափսոսանքով կգնաք, բայց նոր սենյակներ կգտնեք, իսկ ես իմը միայնակ նորից պիտի կառուցեմ, որ հետո, շատ հետո, երբ նոր սենյակում նոր բնակիչներ լինեն, ձեզ էլի ընդունեմ, որովհետև իմ բնկաիչներն եք, ինձ միշտ ցավեցնող բնակիչները, որ էդպես էլ սենյակի պատերին գրված պատմությունն ու օդի մեջ լցված էությունը չհասկացաք։

 

 

 

Հետևեք ինձ՝

Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ