Հայկական ժողովրդական պարեր

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջն է, բայց կան նաև ձախ ու հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը: Հայտնի են՝ գովնդ, շորոր, վերվերի, ետ ու առաջ, ծափ պար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով, քոչարի և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության դասակարգվում են՝ էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական ու պաշտամունքի հետ կապված հմայական պարատեսակների։ Ըստ ձեռքերը բռնելու ձևի պարերը լինում են ճկույթներով, ափերով, խաչված ափերով, ուսերով և գոտկատեղից: Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող ու շարժական տեքստ, անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա նպատակադրումը։ Թե՛ պարատներում, թե՛ հարսանիքներին հասարակական պարերն սկսվել են սգո, նախնիների հիշատակության պարերով, ապա անցել այլ պարաձևերի, որոնք համարվել են հաջողություն և երջանկություն բերող։ Այնուհետև կատարվել են, հատկապես արագ տեմպով, թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Հին ժամանակներում ընդհանուր ձախ տեղաշարժով պարերը նշանակել են ողբ իր համայնքին, ընտանիքին հասած աղետի, անհաջողությունը, վնասի կապակցությամբ։ Երբեմն այն նաև մոգական ծիսակարգ էր վնասակար, չար, կախարդական շարժումներով և երգեր – հմայությամբ աղետ, չարն ու փորձանք կանչել թշնամու գլխին: Հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում: Տղամարդկանց մոտ պարերը տեխնիկապես աշխույժ, կենսախինդ, առնական են, իսկ կանանց մոտ շարժումների ազնվականության և խորաթափանցության մեջ բյուրեղացվել է հայուհիների հոգեկան խառնվածքը, պատշաճությունն ու աշխարհիկ գեղեցկությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ