Ցանկացած զարգացած տնտեսություն ունեցող պետություն հիմնված է հարկերի ճիշտ հայտարարագրման վրա / Հայկ Խաչատրյան

– Ի՞նչ է պետք իմանալ սկսնակ հաշվապահին:

– Նախ ցանկացած մասնագիտություն ընտրելուց առաջ կուզեմ, որ ընտրողն իմանա, թե ինչպիսի՞ն է այդ մասնագետի առօրյան: Սկսնակ հաշվապահը պետք է իմանա իր ոլորտի ուժեղ և թույլ կողմերը։ Իսկ ստանդարտ գիտելիքներ ունենալը շատ հեշտ է։ Առանձնահատկություններից մեկը գործնականում անկախ լինելն է:

– Հաշվապահությունը արդի մասնագիտություն է, թե՞ … Որո՞նք են նրա առանձնահատկությունները:

– Մասնագիտությունը թեպետ դիտարկվում է որպես ապագայում մեռնող մասնագիտություն, բայց փաստացի այսօր ամենապահանջվածներից է և դեռ կմնա։ Ամեն ինչ տարվում է պարզեցման և թվայնացման, հետևաբար եթե նախկինում պետք էր հատուկ հաշվարկներ ու մեթոդներ իմանալ պարզ հաշվետվություններ տալու համար, այցելել տեսչություն, ապա այսօր արդեն վաղուց էլեկտրոնային համակարգի միջոցով ամեն ինչ շատ պարզեցված է և շատ հաշվարկներ կատարվում են ավտոմատ։

– Ըստ Ձեզ որո՞նք են ներկայիս արդի մասնագիտությունները:

– Ծրագրավորման ոլորտը, հոգեբանությունը, հումանիտար ոլորտի մասնագիտությունները:

– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:

– Պահանջեք ՀԴՄ կտրոն: Ցանկացած զարգացած տնտեսություն ունեցող պետություն հիմնված է հարկերի ճիշտ հայտարարագրման վրա, եթե իհարկե հարկերը ծառայում են իրենց նպատակին ու չեն յուրացվում։ Մեր տնտեսության մեջ մեծ բաց կա, որ կարող է շտկել միայն հասարակ քաղաքացին: Մանրածախ առևտրի կետերը հրաժարվում են աշխատել այն արտադրողների հետ, ովքեր փաստաթղթով են արտադրանքը տալիս։ Եվ օրինական աշխատող արտադրողները կանգնում են փակուղու առաջ։ Կամ աշխատել օրենքով, բայց կորցնել շուկան։ Կամ աշխատել ոչ օրինական՝ կրելով հարկային պատասխանատվության ռիսկը։

Մանրածախ առևտրի կետերը չեն ուզում փաստաթղթով ապրանք, որովհետև չեն տրամադրում ՀԴՄ կտրոն։ Եթե երևա, որ խանութը ստանում է 100 հազար դրամի ապրանք ամեն ամիս, բայց վաճառում է 50 հազար դրամի ապրանք ամեն ամիս, կնշանակի պահեստը լցվում է անընդհատ, ինչը խելամիտ չի կարող լինել։ Իսկ թե ինչքա՞ն է վաճառել, երևում է ՀԴՄ կտրոններով։ Պահանջելով հդմ կտրոն մենք օգնում ենք թե՛ գործատուներին, թե՛ աշխատողներին, թե՛ պետությանը և թե՛ ինքներս մեզ՝ ունենալ լավ ճանապարհներ, բարեկեցիկ թոշակներ և այլն։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ