«Հայ ժողովրդի մայր Դիանա»

Դիանան մեծ հայրենասիրությամբ տոգորված, մի բարեգործ հայուհի էր, որը շուրջ 50 տարի ապրել եւ ստեղծագործել է Ճապոնիայում և իր կյանքի 30 տարին անմնացորդ նվիրել իր հայրենիքին ու իր ժողովրդին՝ անկախ նրանից, որ նրա ոտքը երբեք չի դիպել հայկական հողին։ Նա անդադար պայքարել է իր ժողովրդի նկատմամբ ցուցաբերած անարդարության դեմ և ահռելի աջակցություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ճապոնիա հասած հարյուրավոր հայ փախստականներին՝ ճանապարհելով նրանց դեպի ապահովություն։

«Հայ ժողովրդի մայր Դիանա» այսպես էին նրան կոչում հայ փախստականները։

Դիանան, ինչպես հայտնի է, ծնվել է 1859թ. Բիրմայում, այժմյան Մյանմարում, Աղաբեկյանների բազմազավակ ընտանիքում։ Երբ Դիանան դպրոցական էր, Աղաբեկյանների ընտանիքը տեղափոխվում է Հնդկաստան՝ Կալկաթա, որտեղ էլ նա ստանում է իր անգլալեզու կրթությունը։ Հենց Կալկաթայում էլ Դիանան հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ վաճառական Միքայել Աբգարին, որի հետ ամուսնացավ 1889թ. Ռանգունի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որից հետո նորապսակ զույգը մեկնել է Ճապոնիայի Կոբե քաղաք՝ մեղրամսի։

Այդ ժամանակ Ճապոնիայի դռներն արդեն բաց էին բանիմաց և եկամտաբեր արտասահմանցիների առջև։ Դա Միքայելին մեծ հնարավորություն էր տալիս, ընդլայնել իր՝ արդեն իսկ գրեթե ողջ հարավ-արեւելյան Ասիան գրաված առեւտրական գոործունեությունը։ 1890 թ.-ին իրենց առաջնեկ Ռոզի հետ Դիանան և Միքայելը տեղափոխվում են Ճապոնիայի Յոկոհամա քաղաք, որտեղ էլ Դիանան ապրում և ստեղծագործում է մինչեւ կյանքի վերջ։

Դիանան զբաղվում էր գրական գործունեությամբ։ Գրում էր հոդվածներ, հիմնականում քաղաքական վերլուծություններով հարուստ, պատմվածքներ, քաղաքական մեկնաբանական գրքեր, որոնց մեծ մասը նվիված էր հայկական հարցին, աշխարհի առաջին քրիստոնյա ազգի նկատմամբ ցուցաբերած քրիստոնյա Եվրոպայի արհամարանքին, իմպերիալիզմի դատապարտմանը և «փոքր» ժողվուրդների նկատմամբ իրագործվող աշխարհի անարդարությանը։ Նրա՝ 1909թ.-ից ի վեր ծավալած գրական գործունեության միակ նպատակն էր սևեռել համայն աշխարհի ուշադրությունը դեպի հայկական հարցը և օսմանյան հայերի դառը կացությունը։

Դիանան այնքան լավ էր տիրապետում միջազգային քաղաքական իրավիճակին, որ տեսնում էր, թե ինչ է սպասվում, հատկապես այն, ինչ վերաբերում էր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին։

«Բոստոն Իվնինգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Կլեմենտը Դիանային համեմատել է Կասանդրայի հետ։ Ըստ հին հունական դիցաբանության՝ Կասանդրան  Պրիամ թագավորի դուստրն էր և ուներ ճշգրիտ գուշակելու շնորհ։ Սակայն անիծված էր Ապոլլոն Աստծո կողմից, որ նրա գուշակությունները անհավատ են մնալու։ Ինչպես և Դիանայի՝ ցեղասպանության մասին պնդումները, որոնք մնում էին անպատասխան։ Դիանան դեռ 1913-ին արդեն նախազգում էր, որ Ռուսաստանում հեղափոխություն է լինելու և ասում էր, որ Հայաստանը անկախություն ձեռք կբերի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի Կայսրությունը փլուզվի։ Եվ այդպես էլ եղավ։ Նա անգամ համաշխարհային 2-րդ պատերազմն էր կանխատեսել։ Դեռևս 1930-ականներին , զգուշացնում էր իր որդուն շտապ հեռանալ Ճապոնիայից ընտանիքի հետ միասին, սակայն նրա խոսքերն անտեսվում էին։  Շատ թերթեր և ամսագրեր երբեմն չէին համաձայնվում նման հոդվածները տպագրել, քանի որ չէին ուզում պատասխանատվություն վերցնել այն ամենի համար, ինչ Դիանան գրում էր։ Թերթերի ու ամսագրերի մեծ մասը նրա հոդվածները տպագրում էին ոչ թե հոդվածի, այլ տվյալ խմբագրին ուղղված նամակի տեսքով։

Դիանան հայ փախստականներին սկսել է անմիջական աջակցություն ցուցաբերել 1915թ.-ի կեսերից։Դիանայի բանակցությունների շնորհիվ է, որ Ճապոնիայի կառավարությունը երկիր մուտք գործելու հատուկ թույլատվություն է տվել այն փախստականներին, որոնք չեն ունեցել անձը հաստատող որևէ  փաստաթուղթ և Ճապոնիայի մուտքի արտոնագիր։Փախստականներին ապահովում էր ժամանակավոր կացարաններով, սնունդով, հագուստով, բուժական օգնությամբ, ապահովում էր անվտանգ տեղափոխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Եվրոպա։

Եթե Դիանան Ճապոնիայում չլիներ, ապա հարյուրավոր փախստականների ապահով տեղափոխումը Ճապոնիայով դեպի Ամերիկա և Եվրոպա, չէր իրականանա։ Շատերն անգամ չէին կարողանա մուտք գործել երկիր։

Իր ազգին նվիրված երկարամյա գործունեությունը աննկատ չմնաց։ Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը 1920թ.-ի հուլիսին Դիանային նշանակեց Ճապոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս։ 1920թ.-ի մարտի 6-ին Փարիզում տեղի ունեցած 5 երկրների՝ Ամերկայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի և Ճապոնիայի դեսպանների մասնակցությամբ համագումարի ընթացքում  Ճապոնիայի կառավարությունը հատարարել է իր Հայաստանի Հանրապետության անկախության փաստացի ընդունման մասին։ Սակայն, ինչ վերաբերվում էր Հայաստանի և Ճապոնիայի դիվանագիտական կապերին, ապա դրանք բացակայում էին։ Ճիշտ է, Դիանան հյուպատոս նշանակվել էր Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունը դե ֆակտո ընդունելուց հետո, բայց նրա նշանակումը, ցավոք, չի ընդունվել Ճապոնական կառավարության կողմից։ Այստեղ կցանկանայի մանրամասնել չընդունման պատճառները և, հիմնվելով այն դարաշրջանի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, պատճառաբանել, թե ինչու չենք կարող Դիանային անվանել «աշխարհում առաջին կին դեսպան», «առաջին կին դիվանագետ» եւ անգամ՝ «առաջին կին հյուպատոս»։

Հայաստանի Առաջին Հանրապետությունն առաջին երկրներից էր, ով կանանց շնորհեց ընտրելու իրավունք և իր պառլամենտում ընդգրկեց կին անդամներ։ Նա, մարտահրավեր նետելով այդ դարաշրջանի հասարակությանը, որտեղ արական սեռի ներկայացուցիչներն էին գերիշխում, աշխարհում դարձավ առաջին պետությունը, որ կնոջը նշանակեց հյուպատոս։ Եկեք նախ պարզենք, թե ինչու է Ճապոնիայի կառավարությունը մերժել այս նշանակումը։

Պատճառները մի քանիսն են եղել։ Ըստ Ճապոնիայի դիվանագիտական փաստաթղթերի, պատճառներից մեկը եղել է այն, որ անկախության դե ֆակտո ընդունումը դեռ լիարժեք ընդունում չէր համարվում։ Երկրորդը, որ ՀՀ-ի սահմանները դեռ որոշված չէին։ Երրորդը, որ հյուպատոսի նշանակման ընթացակարգը ճիշտ ձևով չի իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Չորրորդը, որ Դիանայի տարբեր խաղաղապահ կազմակերպություններին հայերին օգնության նպատակով ուղարկած շրջաբերականները կասկած են առաջացրել Ճապոնական կառավարության  աշխատակազմի մեջ, որն էլ խթանել է Դիանայի նշանակման մերժմանն անձնական բնույթ կրելու պատճառով։

Քանի որ Դիանայի նշանակումը  պաշտոնապես չի ընդունվել Ճապոնիայի կառավարության կողմից, հետևաբար, նա պաշտոնապես չի դարձել հյուպատոս և, ցավոք, չենք կարող նրան համարել առաջին կին հյուպատոսը աշխարում՝ չնայած այն բանի, որ նրա նշանակման լուրը տարածվել է աշխարհով մեկ, «աշխարհի առաջին կին հյուպատոս» խորագրով։ Ավելորդ է արդեն նշել այն, որ նա չի եղել դիվանագետ։ Բայց իհարկե չենք կարող ժխտել այն փաստը, որ Դիանան առաջին կինն է եղել աշխարհում, որը նշանակվել է հյուպատոս։ Ուզում եմ կրկին շեշտել՝ հյուպատոս և ոչ թե դեսպան կամ դիվանագետ։

Նյութի աղբյուրը ՝civilnet.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ