
Հաշվապահություն․ Դաս 4 – Հաշվապահական հաշվառման տեսակները, մեթոդը և նրա հիմնական տարրերը
Գոյություն ունեն հաշվապահական հաշվառման երեք հիմնական տեսակներ, դրանք առաջացել են հաշվարկման տեղեկատվության սպառողների տարբերակումից և այժմ լինում են․
- Հարկային
- Ֆինանսական
- Կառավարչական
Հարկային հաշվառման տեղեկատվության սպառողները հանդես են գալիս հարկային մարմինները, այս տեսակի հաշվառումը հիմնականում զբաղվում է հարկերի առաջացման և վճարման հաշվարկներով։ Հարկային հաշվառումը հաշվապահության կարևորագույն բնագավառներից է: Ընդհանուր առմամբ, հարկային հաշվառումը հիմնականում հաշվապահական հաշվառում է` նպատակ ունենալով բավարարել տեղական և ազգային հարկային օրենսդրության պահանջները և ակնկալիքները: Հարկային հաշվառումը կարևոր նշանակություն ունի տնտեսվարող սուբյեկտների համար:
Ֆինանսական հաշվառման տեղեկատվության սպառողները ընկերությունից ֆինանսական կամ տնտեսական ակնկալիքներ ունեցող սուբյեկտներն են` պարտատերերը, մատակարարները և աշխատակիցները։ Այդ սուբյեկտները նման տեղեկությունն օգտագործում են իրենց տնտեսական շահերը կանխատեսելու նպատակով։ Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ֆինանսական գործարքների արդյունքները ամփոփվում են հաշվեկշռում, եկամուտների հայտարարագրում և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում:
Կառավարչական հաշվառման նպատակն ու էությունը ընկերության մենեջմենթին տեղեկությամբ ապահովելն է։ Կառավարչական հաշվառման հիման վրա միջին և վերին օղակի ղեկավարները կարողանում են ռացիոնալ որոշումներ կայացնել, բացահայտել այս կամ այն ռեսուրսի ծախսման արդյունավետությունը։
Մեթոդը և հիմնական տարրերը
Ինչպես ամեն մի գիտություն, հաշվապահական հաշվառման մասին գիտությունը նույնպես ունի իր ուսումնասիրման առանձնահատուկ եղանակները, որոնց ամբողջությունը կազմում է նրա մեթոդի բովանդակությունը: Այդ
առանձնահատուկ եղանակները կոչվում են հաշվապահական հաշվառման մեթոդի տարրեր: Դրանք են.
- Հաշվապահական հաշվեկշիռ,
- Ֆինանսական հաշվետվություն,
- Հաշվապահական հաշիվներ,
- Կրկնակի գրանցում,
- Փաստաթղթավորում,
- Գույքագրում,
- Գնահատում,
- Կալկուլյացիա:
Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության ակտիվները և այդ ակտիվների գոյացման աղբյուրները որոշ թվականի դրությամբ խմբավորելու և դրամական գնահատմամբ արտացոլելու եղանակ է: Յուրաքանչյուր կազմակերպություն հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմում է ֆինանսական հաշվետվություն, որը կազմված է մի շարք ձևերից: Հաշվետվության ձևերից առաջինը հաշվապահական հաշվեկշիռն է:
Ֆինանսական հաշվետվության նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվության ներկայացումն է այդ հաշվետվությունը օգտագործողներին (բաժնետերեր, կառավարող անձնակազմ, կազմակերպության աշխատողներ, պետական մարմիններ և այլն), որը նրանց անհրաժեշտ է տնտեսական որոշումներ կայացնելու համար: Ֆինանսական հաշվետվությունը, բացի հաշվապահական հաշվեկշռից, ընդգրկում է նաև հաշվետվության մի շարք այլ ձևեր, որոնք արտացոլում են կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության կարևոր կողմերը: Ֆինանսական հաշվետվության ցուցանիշները, վիճակագրական և օպերատիվ տեխնիկական հաշվառման տվյալների հետ միասին, հիմք են ծառայում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը վերլուծելու,
կազմակերպության գործունեության դրական և բացասական կողմերը բացահայտելու և հետագայում բարելավման ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համար: Կազմակերպության տնտեսական գործունեության գործընթացում անընդհատ փոփոխությունների են ենթարկվում նրա ակտիվները, սեփական կապիտալը և
պարտավորությունները: Այդ փոփոխությունների ընթացիկ հաշվառումը կազմակերպելու նպատակով ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին խմբերի, ենթախմբերի և տեսակների համար բացվում են առանձին հաշվապահական հաշիվներ, այսինքն հատուկ ձևի և բովանդակության երկու կողմից բաղկացած աղյուսակներ, որոնց մեջ գրանցվում են հաշվեկշռային մնացորդները և կատարված փուիոխությունները: Հաշվետու
ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի մնացորդը: Ստացված մնացորդներով կազմվում է հաշվեկշիռ հաշվետու ժամանւսկաշրջանի վերջի դրությամբ:
Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են կրկնակի գրանցման եղանակով, այսինքն’ գործառնության գումարը միաժամանակ գրանցվում է երկու տարբեր հաշիվներում: Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը:
Կրկնակի գրանցման եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի արտացոլումը:
Կազմակերպությունում կատարված յուրաքանչյուր գործառնության համար լրացվում է համապատասխան ձեի փաստաթուղթ: Գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշիվներում գրանցվում են այդ փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթերի կազմումը կոչվում է փաստաթղթավորում կամ
սկզբնական հաշվառում: Փաստաթղթավորումը հաշվապահական հաշվառմանը հաղորդում է ճշտություն և հավաստիություն: Փաստաթղթերում նշվում է կատարված գործառնության բովանդակությունը, դրա հետևանքով ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների կազմում առաջացած փոփոխությունները բնական և արժեքային արտահայտությամբ:
Կազմակերպության միջոցների կազմում առաջացած որոշ փոփոխություններ հաշվառելու, դրանց առկա չափը որոշելու համար կատարվում է գույքագրում: Գույքագրումը հատկապես կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական, գույքային և դրամական միջոցների չափը որոշելու, նյութական պատասխանատու անձանց վստահված արժեքների պահպանումը ստուգելու համար: Օգտվելով ընթացիկ հաշվառման տվյալներից կարելի է պատասխանել այն հարցին, թե տվյալ պատասխանատու անձի մոտ որքան արժեքներ պետք է լինեն այս կամ այն պահին, բայց թե իրականում որքան են այդ արժեքները կարելի Է պարզել միայն գույքագրման միջոցով: Համեմատելով ընթացիկ հաշվառման և գույքագրման տվյալները որոշում են նյութական արժեքների պակասորդը կամ ավելցուկը: Հայտնաբերված տարբերությունը սահմանված կարգով դուրս գրելով կամ ընդհակառակը մուտքագրելով, ընթացիկ հաշվառման տվյալները հավասարեցվում են գույքագրման տվյալների հետ: Գույքագրման միջոցով հայտնաբերվում և արտացոլվում են այնպիսի փոփոխություններ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր ժամանակին չեն կազմվել (օրինակ, նյութական արժեքների բնական պակասորդները, փչացումը և այլն): Գույքագրում Է կատարվում նաև հաշվետու ժամանակաշրջանում թողարկված պատրաստի արտադրանքի ինքնարժեքը որոշելիս: Քանի որ հաշվետուի ժամանակաշրջանում թողարկված պատրաստի արտադրանքի և այդ ժամանակաշրջանի վերջում առկա անավարտ արտադրության ծախսերը հաշվառվում են իրար հետ, ուստի գույքագրման միջոցով անավարտ արտադրանքի ինքնարժեքը որոշելու անհրաժեշտություն է առաջանում:
Դրամական գնահատման եղանակով հաշվապահական ընթացիկ հաշվառման մեջ հնարավոր է լինում որոշել թողարկված արտադրանքի յուրաքանչյուր տեսակի վրա կատարված ծախսումները’ ըստ ծախսերի տարրերի, այդ ծախսումների ընդհանուր գումարը, մեկ միավոր արտադրանքի փաստացի ինքնարժեքը:
Միավոր արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը կոչվում է կալկուլյացիա:
Ըստ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մասին օրենքի հոդված 13-ի սահմանված են հաշվապահական հաշվառման վարման հետևյալ հիմնական կանոնները.
Հաշվապահական հաշվառումը վարվում է
ա) Հայաստանի Հանրապետության արժույթով․ հայկական դրամով,
բ) Կրկնակի գրանցման եղանակով հաշվապահական հաշվառման պլանին համապատասխան,
գ) Անընդհատ հիմնադրման պահից մինչև լուծարումը:
Անալիտիկ (մանրամասնեցված) և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:
Բոլոր տնտեսական գործառնությունները պետք է հաշվապահական հաշվառման հաշիվներում գրանցվեն ժամանակին: