
Հաշվապահություն․ Դաս 3 – Տնտեսական հաշվառման չափիչներն ու տեսակները
Նախորդ դասում նշեցինք, որ տնտեսական հաշվառման մեջ օգտագործվել են բնեղեն և արժեքային չափիչներ: Անդրադառնանք դրան ավեւի մանրամասն:
Տնտեսական հաշվառման մեջ կիրառվում են երեք տեսակի չափիչներ․
- Բնաիրային,
- Աշխատանքային,
- Դրամական։
Բնաիրային չափիչները կիրառվում են կազմակերպության նյութական արժեքները` հիմնական միջոցները, նյութերը, վառելիքը, պատրաստի արտադրանքը, ապրանքները և այլն հաշվարկելու, ինչպես նաև տնտեսական գործընթացները արտացոլելու համար: Հաշվառման օբյեկտները կարող են չափվել հատով, երկարությամբ (մմ, սմ, դմ, մ և կմ), ծավալով, քաշով և այլն: Բնական չափիչների կիրառումը բացառիկ կարևոր նշանակություն ունի կազմակերպության գործունեութունը ճիշտ կառավարելու և վարելու, սեփականությունը պահպանելու գործում:
Աշխատանքային չափիչները օգտագործվում են արտադրանքի արտադրության կամ աշխատանքների կատարման վրա գործադրված աշխատանքի քանակը աշխատանքային օրերով, ժամերով, րոպեներով հաշվելու և արտահայտելու համար: Աշխատանքային և մյուս չափիչների կիրսւռմամբ որոշվում է մշակմունքի նորմայի կատարումը, աշխատանքի արտադրողականությունը, աշխատողներին հասանելիք աշխատավարձը և այլն:
Դրամական չափիչով արժեքային արտահայտությամբ չափվում և արտացոլվում են տնտեսական այնպիսի երևույթներ, որոնք չեն կարող չափվել և արտացոլվել բնական և աշխատանքային չափիչներով կամ դրանց համատեղ կիրառումով: Օրինակ ապրանքանյութական արժեքների տարբեր տեսակների շարժն ու մնացորդները հնարավոր չէ չափել ու արտացոլել միայն բնական չափիչով, որովհետև անիմաստ է մեկ ընդհանուր հանրագումարի բերել չափի տարբեր միավորներով հաշվառվող նյութերի ընդհանուր քանակը առանց արժեքային արտահայտության: Դրամական չափիչի կիրառումը պակաս կարևոր չէ նաև արտադրանքի արտադրության, ինքնարժեքի հաշվարկման, տնտեսական
գործունեության արդյունքների հաշվարկման համար: Դրամական չափիչը տնտեսական միջոցների ու գործընթացների չափման ու արտացոլման իր ընգրկումներով լայն կիրառություն ունի տնտեսական հաշվառման
պրակտիկայում, հատկապես հաշվապահական հաշվառման մեջ, որի համար այն պարտադիր է:
Տնտեսական հաշվառման տեսակները
Հասարակության սոցիալական, տնտեսական և հոգևոր ոլորտի բոլոր բնագավառները ընդգրկելու և արտացոլելու նպատակով կիրառվում են տնտեսական հաշվառման երեք տարբեր տեսակներ.
- Վիճակագրական հաշվառում,
- Օպերատիվ տեխնիկական հաշվառում,
- Հաշվապահական հաշվառում:
Վիճակագրական հաշվառումը դիտարկում և ուսումնասիրում է (խմբավորելով և ընդհանրացնելով) ոչ միայն տնտեսական, այլ նաև հասարակական կյանքում տեղի ունեցող մասսայական, որակապես միանման երևույթներն ու գործընթացները, տալիս է դրանց քանակական և որակական արտացոլումները իրենց միասնության մեջ: Վիճակագրությունը այլ կերպ կարելի է անվանել մակրոհաշվառում, այսինքն հաշվառում ամբողջ հասարակության մասշտաբով:
Օպետրատիվ-տեխնիկական հաշվառումը դիտարկում, խմբավորում և արտացոլում է կազմակերպությունների տնտեսական գործունեության առանձին գործառնություններն ու գործընթացները (տնտեսական գործառնությունը
կազմակերպության տնտեսական կյանքում տեղի ունեցող այն բոլոր փոփոխություններն են, որոնց վերաբերյալ հաշվապահական փաստաթուղթ է լրացվում և ենթարկվում հաշվառման): Օպերատիվ-տեխնիկական հաշվառման տվյալները կարևոր նշանակություն ունեն կազմակերպությունների կառավարումը կազմակերպելու գործում, քանի որ տնտեսական գործառնությունները հաշվառման են ենթարկվում կատարման պահին:
Հաշվապահական հաշվառումը ընդգրկում է կազմակերպությունների տնտեսական և ֆինանսական գործունեությունն ամբողջությամբ վերցրած: Հաշվառման են ենթարկվում ապրանքանյութական արժեքներն ու դրամական միջոցները, հաշվարկային, վարկային և հարկային այն բոլոր հարաբերությունները, որոնք առաջանում են կազմակերպությունների գործունեության ընթացքում: