
Հաշվապահական հաշվառումը գիտություն է տնտեսվարող սուբյեկտների տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների շարժի և կազմի վերաբերյալ։ Տնտեսական միջոցները կոչվում են ակտիվներ, ձեռքբերման ձևերը կոչվում են պասիվներ։
Հաշվապահական հաշվառումը լինում է օպերատիվ և հաշվապահական։
- Օպերատիվ հաշվառումը կազմակերպում է հաշվառումը տեղում․
- Հաշվապահական հաշվառումը կատարում է հաշվառում` շարժը ընդհանրացնելով։
Հաշվապահական հաշվառումը կատարվում է սինթետիկ և անալիտիկ ձևերով․
- Անալիտիկ հաշվառումը կատարում է հաշվառումը մանրամասնեցված ձևերով․
- Սինթետիկ հաշվառումը կատարում է անալիտիկ հաշվառման ընթացքում։
Յուրաքանչյուր կազմակերպություն երկրի մասշտաբով հանդիսանալով միասնական տնտեսության մի օղակը, կոչված է իրականացնելու այդ տնտեսության առջև դրված խնդիրների այս կամ այն մասը քանակական և որակական ցուցանիշներով: Այդ նպատակով յուրաքանչյուր կազմակերպություն ծավալում է իր տնտեսական գործունեությունը, որը և կազմում է հաշվապահական հաշվառման առարկայի բովանդակությունը: Այսպիսով, հաշվապահական հաշվառումը իր անմիջական կիրառումն է գտնում կազմակերպություններում:
Կազմակերպությունները իրենց տնտեսական գործունեությունը ծավալելու համար պետք է ունենան անհրաժեշտ նյութական և դրամական միջոցներ` շենքեր և կառույցներ, մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գործիքներ, արտադրական և տնտեսական գույք, հումք և նյութեր, պատրաստի արտադրանք, ապրանքներ, կանխիկ դրամ և այլն: Այս միջոցների ամբողջությունը կոչվում է տնտեսական միջոցներ, իսկ 2002թ. ընդունված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մասին օրենքով կոչվում է կազմակերպության ակտիվներ: Կազմակերպությունները իրենց ակտիվները ձեռք են բերում որոշակի աղբյուրների հաշվին, որոնք բաժանվում են երկու խմբի.
- Սեփական,
- Ներգրավված:
Կազմակերպության ակտիվները, ակտիվների գոյացման աղբյուրները նույնպես հաշվապահական հաշվառման ուսումնասիրման առարկան են: