Հաշվապահություն․ Դաս 14 – Հիմնական միջոցների ձեռքբերման փաստաթղթային ձևակերպումը, մուտքի և մաշվածության հաշվառումը

Հիմնական միջոցները ձեռք են բերվում և մուտքագրվում են հետևյալ դեպքերում․

  • Նոր օբյեկտների կառուցման կամ ձեռքբերման դեպքում,
  • Հիմնադիրների կողմից կանոնադրական կապիտալ ներդրում կատարելիս,
  • Անհատույց ստացման դեպքում,
  • Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ձեռք բերելիս,
  • Նախկինում ֆինանսական վարձակալության տվածի հետընդունման դեպքում,
  • Գույքագրման ժամանակ հայտնաբերված ավելցուկի դեպքում,
  • Ներդրումային գույքը որպես հիմնական միջոց վերադասակարգելիս,
  • Բտվող անասուններին հիմնական հոտ վերադարձնելիս։

Հիմնական միջոցների հաշվառումը կատարվում է 111 հաշվում, հաշիվն ակտիվային է, հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ, հաշվի մնացորդը դեբետային է և ցույց է տալիս հիմնական միջոցների  գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ։


Հիմնական միջոցների մաշվածության հաշվառումը

Օգտագործման ընթացքում հիմնական միջոցները ենթարկվում են մաշվածության, և իրենց արժեքը դուրս են գրում մաս-մաս, որպես ծախս՝ ակտիվի հաշվեկշռային արժեքից։ Եւ այսպես մաշվածությունը լինում է երկու տեսակ․

  1. Ֆիզիկական,
  2. Բարոյական

Ֆիզիկական մաշվածությունը օգտագործման արդյունք է։

Բարոյական մաշվածությունն առաջանում է տեխնիկայի զարգացման ժամանակ, երբ ակտիվը չի համապատասխանում արդի ժամանակաշրջանին։


Բոլոր հիմնական միջոցներն ունեն օգտակար ծառայության ժամկետ, բացի հողից։ Օգտակար ծառայության ժամկետն օգտագործման այն տարիների քանակն է, որի ընթացքում ակտիվը փոխհատուցում է իր արժեքը։ Հիմնական միջոցների մաշվածությունը հաշվառվում է 112 հաշվում, հաշիվը պասիվային է, որին կից բացվում են ենթահաշիվներ, կրեդիտում գրվում է հիմնականում հիմնական միջոցների մաշվածության հանրագումարը, իսկ դեբետում մաշվածության հաշվեգրված գումարների դուրսգրումը․ հաշվի մնացորդը կրեդիտային է, և ցույց է տալիս կուտակված մաշվածության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ