Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության որոշակի ժամանակահատվածի համար տնտեսական միջոցների և դրանց գոյացման աղբյուրների արտացոլումն է դրամական արտահայտությամբ: Հաշվապահական հաշվեկշիռը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական գործունեությունը հաշվառելու, կառավարելու, վերահսկելու և համապատասխան օգտագործողներին հաշվետվություն ներկայացնելու համար և իր մեջ ամփոփում է կազմակերպության ակտիվների, պարտավորությունների և սեփական կապիտալի մասին տեղեկատվություն որոշակի ժամանակահատվածի համար: Հաշվապահական հաշվեկշիռը երկկողմանի աղյուսակ է, որի ձախ կողմում արտացոլված են կազմակերպության ակտիվները, իսկ աջ կողմում պարտավորություններն ու սեփական կապիտալը:


Ակտիվները այն միջոցներն են որոնք պատկանում են կազմակերպությանը: Դրանք այն ռեսուրսներն են, որոնք ձեռք են բերվել գործարքների միջոցով և ունեն ապագա տնտեսական օգուտ, որը կարող է չափվել դրամային արտահայտությամբ: Ակտիվները ներառում են նաև կատարված կանխավճարները, ինչպիսիք են օրինակ՝ գովազդի, ապահովագրության, տուրքերի և վարձավճարի համար կատարված կանխավճարները: Ակտիվները բաղկացած են երկու բաժնից՝ ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվներ: Ոչ ընթացիկ ակտիվները 1 տարուց ավելի օգտագործվող այն միջոցներն են, որոնք ձեռք են բերվում երկարաժամկետ օգտագործման նպատակով և որոնց օգտագործումից ակնկալվում է ստանալ շահույթ։ Ոչ ընթացիկ ակտիվները նախատեսված չեն վաճառքի համար։ Դրանց թվին դասվում են շենքերը, սարքավորումները, գույքը, համակարգչային ծրագրերը, լիցենզիաները և այլն։ Ընթացիկ են կոչվում այն միջոցները, որոնք վաճառվում, օգտագործվում և սպառվում են 12 ամսից պակաս ժամկետում։ Ընթացիկ ակտիվներ են հանդիսանում նյութերը, արտադրանքը, ապրանքները, վաճառքի գծով դեբիտորական պարտքերը, դրամական միջոցները և այլն։


Սեփական կապիտալը կազմակերպության սեփականատերերի (շահագրգիռ կողմերի) կողմից ներդրված միջոցների գումարի և չբաշխված շահույթի հանրագումարն է:

Պարտավորությունները կազմակերպության այն գումարներն են, որոնք կազմակերպությունը պարտավոր է վճարել պարտատերերին նախկինում իրականացված գործարքների համար: Պարտավորությունները սեփական կապիտալի հետ միասին համարվում են կազմակերպության ակտիվների ֆինանսավորման աղբյուր: Պարտավորությունները, նույնպես, ակտիվների նման, բաժանվում են երկու խմբի՝ ոչ ընթացիկ և ընթացիկ պարտավորություններ: Ոչ ընթացիկ պարտավորությունը ժամկետային այն պարտավորությունն է, որը պետք է մարվի մեկ տարուց ավելի ժամկետում, իսկ ընթացիկ պարտավորությունը գոյանում է գործառնական գործունեության ժամանակ և մարվում 12 ամսից պակաս ժամկետում։

Հաշվեկշռի ակտիվ և պասիվ կողմերի գումարները միշտ պետք է իրար հավասար լինեն: Այսինքն՝ ակտիվները պետք է հավասար լինեն սեփական կապիտալի և պարտավորությունների հանրագումարին:

Ներկայացված ձևանմուշը հաշվապահական հաշվեկշռի օրինակ է, սակայն Դուք կարող եք փոփոխել այն Ձեր կազմակերպության իրավական ձևին համապատասխան, օրինակ՝ ավելացնել և/կամ հեռացնել հոդվածները, վերանայել և փոխել ձևաչափը կամ ձևափոխել ըստ Ձեր կարիքների:


Հաշվապահական հաշվեկշիռը որոշակի ժամանակահատվածի համար կազմակերպության տնտեսական օգուտների և դրանց գոյացման աղբյուրների արտացոլումն է  դրամական արտահայտությամբ:

Հաշվապահական հաշվեկշռի բանաձևը հետևյալն է՝

Ակտիվներ = Պարտավորություններ + Սեփական կապիտալ

Ինչպե՞ս օգտագործել այս գործիքը:

Այն իրենից ներկայացնում է պարզ և պրակտիկ գործիք, որն օգտագործվում է տարբեր ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների կողմից: Դուք կարող եք այն հարմարեցնել Ձեր բիզնեսի կարիքներին, հաճախորդների տեսակներին և Ձեր կողմից առաջարկվող  ապրանքների ու ծառայությունների տեսակներին համապատասխան:


Հաշվեկշռային փոփոխությունների դասակարգում

Յուրաքանչյուր տեղի ունեցող տնտեսական գործառնություն հաշվեկշռում առաջացնում է փոփոխություններ և հենց դա է այն կարևոր պատճառներից մեկը, որ հաշվեկշիռը կազմվում է որոշակի ամսաթվի դրությամբ։

Հաշվեկշռում փոփոխությունները լինում են չորս տեսակ․

  1. Ակտիվային փոփոխություն,
  2. Ակտիվապասիվային փոփոխություն ավելացումով,
  3. Ակտիվապասիվային փոփոխություն նվազեցումով,
  4. Պասիվային փոփոխություն։

Ակտիվային կոչվում է այն փոփոխությունը, որի դեպքում փոփոխության են ենթարկվում հաշվեկշռի ակտիվ կողմում գտնվող 2 հոդվածները, ինչի դեպքում մի հոդվածում գումարն ավելանում է, իսկ մյուսում՝ նվազում՝ պահպանելով 2 կողմերի միջև հավասարակշռությունը։ Օրինակ, հաշվարկային հաշվից ստացվել և մուտքագրվել է դրամարկղ 500 հազար կանխիկ դրամ՝ աշխատավարձ վճարելու նպատակով։

Պասիվային կոչվում է այն փոփոխությունը, որի դեպքում փոփոխության են ենթարկվում հաշվեկշռի պասիվ կողմում գտնվող 2 հոդվածները՝ մի հոդվածում գումարն ավելանում է, իսկ մյուսում՝ նվազում, պահպանելով 2 կողմերի հավասարակշռությունը։ Օրինակ, շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 200 հազար դրամով։

Ակտիվապասիվային կոչվում է այն փոփոխությունը, որի դեպքում փոփոխության են ենթարկվում հաշվեկշռի և ակտիվ, և պասիվ կողմերում գտնվող 2 հոդվածները միաժամանակ։, որի հետևանքով հաշվեկշռի և ակտիվ, և պասիվ կողմերի հանրագումարը ավելանում կամ նվազում է միևնույն գումարի չափով։ Օրինակ, հաշվարկային հաշվում ստացվել է բանկի երկարաժամկետ վարկ 5 միլիոն դրամ։ Օրինակ, դրամարկղից վճարվել է աշխատողների աշխատավարձը՝ 500 հազար դրամ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ