Հաշվապահություն. Դաս 1 – Հաշվապահական հաշվառում

Տնտեսական հաշվառման նախադրյալներ


Ամեն ինչ սկսվել է թվերից:

Հայտնի է, որ մարդկության, հասարակության զարգացման ամենավաղ շրջանում, երբ մարդիկ գրել և կարդալ չեն իմացել, կարողացել են տարբերել շատն ու քիչը. կատարել գրեթե հավասար փոխանակում և հիշել փոխանակվող բարիքի քանակը: Պատմական աղբյուրներից հայտնի է նաև, որ հաշվառումը վաղ շրջանում իրականացվել է կետերի ու գծիկների օգնությամբ, և գոյություն են ունեցել «վճարման փաստաթղթեր»: Որպես «վճարման փաստաթուղթ» է ծառայել հաշվետախտակը: Հաշվետախտակներն ունեցել են համարակալում․ գծիկների կամ կետերի տեսքով: Գործարք կատարողները հաշվետախտակը բաժանել են երկու հավասար մասի, որի մի մասն անդորրագրի դեր է կատարել: Հաշվետախտակների վրա գրանցումներն անհրաժեշտ են եղել նյութական բարիքների սպառումը հսկելու համար:


Հաշվետախտակը, փաստորեն, մեր նախա-նախա-հայրերի համար տնտեսական գործառնությունների գրանցման կարևոր «փաստաթուղթ» է եղել: Հաշվետախտակների վրա կատարվող պարզ գրանցումները դրեցին հաշվառման տեսության և պրակտիկայի էվոլյուցիոն զարգացման հիմքը:


Երբ հաստատվեց, որ հաշվապահական հաշվառումը բացի վերահսկող ֆունկցիայից կատարում է նաև կառավարման ֆունկցիա, մի շարք հեղինակներ արտահայտեցին այն կարծիքը, որ հաշվապահական հաշվառումը վերաբերում է իրավագիտությանը: Այդպիսի հեղինակներից էր Էդմոնդ Դեգրաջը (1797թ.), որը առաջ քաշեց տնտեսական գործառնության մասին հասկացությունը: Այդ գործառնությանը մասնակցում է առնվազն երկու անձ: Այստեղից էլ, ըստ նրա, բոլոր հաշիվները անձնական հաշիվներ են: Նա սահմանել է նաև թղթակցության կանոնը, ով ստանում է․ դեբետագրվում է, ով տալիս է․ կրեդիտագրվում:


Հաշվապահական հաշվառման զարգացման փուլերը


Ինչպես ամեն մի գիտություն, տնտեսական հաշվառումը նույնպես ունեցել է իր զարգացման փուլերը: Ստերնիսոնը առանձնացնում է հաշվառման զարգացման հինգ փուլ.

  1. Գույքա-բնեղեն,
  2. Գույքա-դրամական,
  3. Հաշվարկային,
  4. Պարզ հաշվապահություն,
  5. Հաշվեկշռային հաշվառում:

Գիտնականի այս դասակարգումը բավականին հիմնավոր է, քանի որ պայմանավորված է հասարակական տնտեսական կյանքի զարգացման աստիճանով:

  1. Գույքա-բնեղեն հաշվառումը վերաբերում է հասարակական֊տնտեսական զարգացման ամենավաղ շրջանին, երբ մարդը սկսեց զբաղվել ապրուստի միջոցների հայթայթմամբ. հաշվառման օբյեկտներ դարձան անասունները, հողատարածությունները, ջրային ռեսուրսները և այլն: Հաշվառումն անհրաժեշտ է եղել, որպեսզի մարդիկ պահպանեին իրենց գոյության միջոցները:
  2. Գույքա-դրամական հաշվառման փուլում հաշվառումը նոր զարգացում է ստանում: Հաշվառման մեջ միասնական դրամական չափիչի կիրառումը հնարավոր դարձրեց գույքի բոլոր տեսակները բերել միասնական չափիչի, որով ավելի վաղ գոյություն ունեցող հաշվառման գույքային և անձնական հաշիվները բերվեցին միասնական հաշվառման համակարգի, այսպես կոչված պարզ հաշվառման համակարգի: Այն հնարավոր դարձրեց համատարած և սիստեմատիկ դիտարկել տնտեսական կյանքի փաստերը: Այս համակարգում կենտրոնական դերը պատկանում է անձնական հաշիվներին: Գույքա-դրամական հաշվառումը, կիրառելով միասնական չափիչը, հնարավորություն տվեց տարբեր տեսակի իրեր միացնել միմյանց’ նրանց արժեքների միջոցով (աշխատանքի գործիքի, աշխատանքի առարկայի, աշխատուժի և այլն):
  3. Հաշվարկային հաշվառման փուլը սկսվեց այն ժամանակ, երբ սեփականատերը վճարումներ կատարեց այն սուբյեկտներին, ովքեր որոշակի աշխատանքներ էին կատարում իր համար հողն էին մշակում, անասուններ էին պահում և այլն: Փաստորեն, հաշվարկ կատարվեց սեփականատիրոջ և վարձու սուբյեկտի միջև։ Քանի դեռ հաշվառման մեջ չէր կիրառվում միասնական չափիչը դրամը, վարձի վճարումը կատարվում էր բնեղեն արտահայտությամբ: Հաշվարկների հաշվառումը զարգացավ ու կատարելագործվեց հաշվառման մեջ
    միասնական դրամական չափիչի կիրառման ժամանակ: Արտադրության զարգացման վաղ շրջանում հաշվարկները կատարվել են պարզ հաշվառման միջոցով դեբետագրվել է «Ա» ֆիզիկական անձը,
    կրեդիտագրվել է «Բ» ֆիզիկական անձը: Իսկ արտադրության զարգացման ավելի ուշ շրջանում հաշվարկները ներառել են սեփականատիրոջ բոլոր հաշվարկներն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ: 19-20-րդ դարերի արտադրության զարգացումը իր կնիքը դրեց հաշվարկների կատարելագործման վրա: Հաշվապուհությունը հաշվարկների համար սկսեց կիրառել բազմաթիվ սինթետիկ և անալիտիկ հաշիվներ: Այդ հաշիվներով հաշվառվում են նյութական ու դրամական արժեքները:
  4. Պարզ հաշվապահության փուլ. Գույքային հաշվառումը և դրա հետագա կատարելագործումը պայմանավորված էր բնական թվերի և դրամի կիրառմամբ: Հաշվապահության մեջ սկսվեց հաշվառման նոր փուլ, որը, ըստ գիտնականների սահմանման, կոչվեց պարզ հաշվառում: Միջին դարերում Եվրոպայում պարզ հաշվապահությունը ունեցել է իր տարատեսակները’ կամերալ հաշվապահություն, ունիգրաֆիական հաշվապահություն: Պարզ հաշվապահության սկզբնավորման հենց առաջին պահից կատարվել է տնտեսական կյանքի իրադարձությունների գրանցման ժամանակահատվածում, և այդ ամբողջ միջակայքում տեղի ունեցող տնտեսական կյանքի փոփոխությունը դիտվել է հաշվապահության ապարատի կողմից: Եթե պարզ հաշվապահական համակարգը ներկայացնենք կիբեռնետիկական համակարգի տեսքով, ապա այն կունենա ենթահամակարգեր 1) սկզբնական փաստաթղթերի, 2) տվյալների ամփոփման, 3) հաշվետվության: Այս
    համակարգերը գործել են տնտեսական զարգացման բոլոր փուլերում:
  5. Հաշվեկշռային հաշվառման փուլ. Կրկնակի գրանցումը հաշիվներում ենթադրում է տնտեսական տեղեկատվության ընդհանրացում և արտացոլում հաշվեկշռում: Հաշվեկշռային հաշվառումը, փաստորեն, գոյություն է ունեցել հաշիվների առաջացմանը զուգընթաց: Դա ապացուցում է նաև հաշվապահական
    հաշվառման տեսությունը, հաշվեկշիռը բխում է հաշիվներից և հաշիվները հաշվեկշռից: Եթե հաշվեկշռային հաշվառմանը մոտենանք պատմական տեսանկյունից, ապա հաշվառման տեսաբանները իրավացի են՝ հաշվեկշռի և հաշիվների միջև փոխադարձ կապը հնարավոր է միայն պարզ հաշվապահության/ունիգրաֆիական/ պայմաններում:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ