
Հասարակական ներուժի ճիշտ օգտագործմամբ կարելի է շատ խնդիրներ լուծել / Գարիկ Աղասյան
«Հայի բռունցք» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գարիկ Աղասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով նշում էր կազմակերպության հասցեին հնչող սուտ լուրերի մասին։ Առավել մանրամասն հասկանալու համար` ինչո՞ւմն է խնդիրը, զրուցել ենք Աղասյանի հետ և փորձել հասկանալ՝ ի՞նչ մեղադրանքներ են դրանք։
Գարի՛կ, իմ հարցազրույցի հրավերը Ձեզ պայմանավորված է Ձեր ֆեյսբուքյան վերջին գրառմամբ։ Բավականին խիստ էիք Ձեր տեքստում, ի՞նչ աղմուկ է բարձրացել Ձեր և Ձեր կողմից ղեկավարվող «Հայի Բռունցք» ՀԿ-ի շուրջ։
Նախ ասեմ, որ գրառումս որևէ աղերս չունի էմոցիոնալ պոռթկումների հետ, դա հավասարակշռված և ադեկվատ խոսք է, որի կարիքը զգացվեց նախօրեին։ Աղմուկը հետևյալում է․ քաղաքական թիմերի զգալի հատված փորձում է այս կամ այն կերպ քաղաքական պիտակավորում տալ մեր միությանը․ անշուշտ, քաղաքական լինելը սխալ չէ, բայց այդ ֆորմատը մերը չէ: Մենք հիմնադրվել ենք 2018-ի մարտին, տեսել ենք հեղափոխություն, աժ ընտրություն, համայնքային ընտրություն, սահմանադրական ընտրությունների նախապատրաստական փուլ, և երբևէ որևէ քաղաքական քայլ չենք կատարել, ավելին՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ միությունը գործունեության ժամանակավոր կասեցում է հայտարարել, այսօր կլինի մեր հայտարարությունը այդ մասին, և կկասեցվի գործունեությունը մինչև հունիսի 20-ը:
Ձեր գրառման մեջ գրում եք, մեջբերեմ. «Ընկերնե´ր, կոտորվեցի մեզ վարկաբեկող սուտ կարծիքատերերին ինքնասիրությունից ու բարոյականությունից զրկող հայհոյանքներ հնչեցնելուց» ենթադրում եմ, որ առաջին դեպքը չէ, որ վարկաբեկում են Ձեզ…
Իհարկե, սա այնքան ծեծված հարց է մեզ համար, մենք ամեն օր ենք այս խնդրին բախվում։ Բանն այն է, որ հասարակության որոշ շերտեր մեր գործունեության մեջ ենթատեքստեր են փնտրում, իրենք իրնց հետ չեն հաշտվում և փորձում են վարկաբեկել ազնիվ մարդկանց, իհարկե, նմանօրինակ դեպքերը արժանանում են կոշտ արձագանքի։
Ի՞նչ շրջանակներ են սրանք։ Ունե՞ք ինֆորմացիա, աղմուկը տարածողների մասին։
Սրանք շրջանակներ են, ովքեր իրենց բան ու գործը թողած, քիթ են ուզում խոթել այլոց գործերում, ամեն ինչ պարզ է․ մենք ունենք լայն կապեր և կայուն համագործակցություններ բազմաթիվ կառույցների և անհատականությունների հետ, մի օր տեսնում են, որ համագործակցել ենք մի քաղաքական ուժ ներկայացնող պատգամավորի հետ, տարածում են, որ այդ քաղ. ուժին ենք հարում, մյուս օրը մեզ նկատում են մյուս ուժի ներկայացուցիչ մեր ընկերների հետ, տարածում են, որ այդ ուժին ենք հարում, և այդպես հաճախ դառնում ենք այս կամ այն ուժին հարող, սա սահամանափակ ուղեղի ռեսուրս ունեցող մարդկանց քայլ է:
Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում վերջիններիս պատասխանատվության ենթարկելու համար, ի վերջո, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ։
Գիտե՞ք, ես այսօր մտածում եմ՝ արժե՞ ժամանակ ծախսել նման շրջանակներին պատժելու վրա։ Կարծում եմ ժամանակը լավագույն պատիժները կբերի նմանօրինակ խեղկատակներին:
Գրում եք, որ «Հայի բռունցք» ՀԿ-ի կամավորները ազատ են քաղաքական ինքնադրսևորումներում, ասել կուզեք, որ թիմում կա՞ն տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցողներ։
Իհարկե, այս մասով կարևոր սկզբունք պետք է ֆիքսենք՝ ովքե՞ր են զբաղվում ակտիվ կամավորությամբ և ովքե՞ր՝ ակտիվ քաղաքականությամբ․ մեծ հաշվով երիտասարդները հիմնականում ընդգրկված են լինում 2 ոլորտում էլ, եթե ունեն ակտիվություն։ Եվ, այո՛, մեր միության կամավորական ռեսուրսը մեծ հաշվով տարբեր քաղաքական թիմերում ակտիվություն ունեցող երիտասարդներ են, մենք ունենք տարբեր քաղ. ուժերի համար ակտիվ շտաբային աշխատանք ծավալող 7-8 կամավոր, ունենք կամավորներ, որ ամենատարբեր ուժերի կողմից հանդես են գալիս որպես վստահված անձ, հանձնաժողովի անդամ և այլն, քաղաքական անհամատեղելի կարծիքներ ունեցող երիտասարդներին մենք միավորել ենք և հանուն հասարակության իրականացնում ենք նախագծեր՝ երբեք չխոչընդոտելով նրանց ազատ կամարտահայտմանը:
Գրառման մեջ նշում եք մոնիթորինգի մասին, ի՞նչ մոնիթորինգ եք կազմակերպում, կխնդրեի մի փոքր բացել չակերտները լսարանի համար։
Դա մշտական գործողություն է, որ իրականացվում է մեր կողմից, թե՛ մոնիթորինգը, թե՛ օգնությունների հավաքագրումը և տրամադրումը մեր որդեգրած սկզբունքին համապատասխան երբեք չեն լուսաբանվում, ցավում եմ, որ հանգամանքների բերումով ստիպված եղա տեղեկացնել հանրությանը մեր ներկայիս զբաղվածության մասին:
Գարի՛կ, մի փոքր շեղվենք թեմայից, վերջում կուզեի խոսեինք մեր այս դժվարին ժամանակաշրջանից։ Բավականին դժվար ժամանակներում ենք ապրում, ցավոք ունենք մեծ կորուստներ, Դուք Հրազդան համայնքում բավական ակտիվ գործունեություն եք ծավալում, այ ի՞նչ բացեր են այսօր առկա, ի՞նչ խնդիրներ կան, որոնք ըստ Ձեզ օրհասական են և պետք է ժամ առաջ տալ դրա լուծումը։
Խնդիրները բազմաթիվ են, դժվարանում եմ հատ-հատ թվարկել՝ հոգեբանական, սոցիալական, համայնքային, այստեղ չեմ կարող չնշել, որ մեր համայնքի ջանքերը խնդիրների օպտիմալ լուծման հարցում տեսանելի է, ու մենք դա բարձր ենք գնահատում, նաև պատրաստակամությունը ՀԿ ոլորտին աջակցելու, որ մշտապես տեսանելի է համայնքապետի հետ համագործակցելու ընթացքում: Սակայն, չենք կարող սահմանափակվել միայն համայնքային խնդիրներով, այստեղ կա առողջ հասարակություն ձևավորելու խնդիր, մենք բոլոր խնդիրների լուծումը փորձում ենք գտնել քաղաքականության մեջ, այնինչ շատ ու շատ խնդիրներ հենց հասարակության ներսում են և կարող են լուծվել հասարակական ներուժի ճիշտ օգտագործմամբ, հայրենասիրության, մշակույթի, կրթության խնդիրների լուծմամբ: