
Ա~խ, անարդար է
Ապրել միևնույն փոքր քաղաքի
Երկու մարդաշատ, լայն փողոցներում
Ու պատահաբար չհանդիպել երբեք:
Եվ նույնքան էլ անարդար է,
Սերեր վաճառել փառքի շուկայում,
Կամ փոխանակել անպետք կրքերով
Ու էժանագին այդ պրոցեսում`
Չհանդիպել կրկին, երբե’ք ու երբե’ք:
Նայել միևնույն երկնքին գունատ,
Կամ էլ ջերմանալ միակ արևով,
Ապրել նույն մուտքի տարբեր տներում,
Եվ երբե’ք, երբե’ք իրար չտեսնել:
Գուցե անզոր էր քաղաքը կրել
Ոտնահետքերդ քարե այտերին,
Կամ փառքի շուկան անզոր գտնվեց,
Ուզածդ գնով սերդ վերցնել,
Եվ փոխարենը փառքով վճարել:
Արի’ չփնտրենք անարդարություն,
Փոքր քաղաքի լայն փողոցներում,
Քաղաքն ի°նչ անի, երբ ամեն անգամ`
Իրար տեսնելիս շրջվում ենք լուռ,
Ու կարոտների փունջը երկբևեռ`
Լքված է մնում խաչմերուկներում…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0