
Երբ կանցնի օրը, և մայրամուտը
Կվառի արդեն հուշերը կարմիր
Ալեկոծ սրտում լայն հորիզոնի`
Վե’ր կաց և արի’,
Գիտե’ս, սպասում եմ:
Երբ քամու թևին կպարեն արդեն
Հուշերդ ճերմակ տխուր օրերի,
Եվ պարզ կլինի` փակված են արդեն
Դռներն անցյալի` Վե’ր կաց և արի’,
Գիտե’ս, սպասում եմ:
Երբ հետագիծը մոլոր քայլերիդ
Չափել չստացվի լոկ բանաձևով,
Ու ազատ անկմամբ էլ հարց չլուծվի,
Դու միայն արի’,
Թեկուզ` չսպասեմ:
Մի’ լսիր, արի’:
Շտապել պետք չէ, դու դանդաղ արի’,
Այստեղ չեն շտապում, իմաստ էլ չունի,
Այստեղ կանգնած է ժամանակն արդեն:
Եկե՞լ ես, չեմ տեսնում, եկե՞լ ես, նստի’ր,
Նայի’ր աստղերին, այդ ես եմ փայլում`
Որպես ուղենիշ մութ ճանապարհիդ:
Խոսի’ր կամ լռի’ր, բղավի’ր, գոռա’,
Կուզես` անարցունք , նստած հեկեկա,
Գուցե չհավատամ, որ դու եկել ես,
Այստեղ չեն տեսնում գալուստն այլևս,
Այստեղ չեն լսում, չեն հպվում այստեղ,
Այստեղ հիշում են` լավագույն դեպքում…
Քանզի եկել ես գերեզման…
Իսկ գերեզմանում արև չեն փնտրում,
Լույսը բացվում է այս գերեզմանում,
Բայց չի թափանցում հողաշերտից ներս,
Կխոսեի սրտանց, բայց դու լավ գիտես` ինձնից ավելի
Հողերից անդին էլ խոսել չկա, մարդիկ լռում են մութ գերեզմանում…