Հարություն Սուքիասյան – «Անզոր հայելի»


Թաքնված ես-ը…և ասա’ խնդրեմ,
Քանի° անգամ ես դու համարձակվել
Նայել այդ ես-ի աչքերի մեջ` առանց հայացքդ փախցնելու,
Իսկ երբևիցե կհասկանա°ս արդյոք,
Ինչու որոշեց նա թաքնված ապրել,
Ո°րն էր պատճառը:
Չէ’, չես հասկանա, էլի կվազես
Անգույն ու խառը վազքի մրցուղում
Եվ կմոռանաս գտնել քո ես-ին,
Այն թաքնվածին, որ մենք ենք, որ ես եմ և դու,
Ու չես դիմի երբեք ռիսկի` դու պարզ ճակատով
Կանգնել անխոհեմ հենց նրա առաջ ու գոռալ, հարցնել
-Ու°ր ես թաքնվել,- որ չասի հանկարծ,
Թե թաքնվել է քո իսկ հնարած պատրանք-ստերից,
Որ դու հենց ինքն ես, այն թաքնվածը,
Որ երբե’ք, երբե’ք ոչ ոք չտեսավ, ոչ ոք չլսեց, ոչ ոք չիմացավ:
Եվ հենց այս ճղճիմ բանաձևով էլ
Թաքնվում ենք մենք ինքներս մեզնից,
Հայելու առաջ լուռ երազելով` տեսնել այն մեկին,
Ում խեղճ հայելին հնամաշ պատի,
Ի զորու չեղավ մեզ ցույց տալ երբեք…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ