Ճանաչիր ինձ – Հարություն Դաշտոյան և Փառանձեմ Հովհաննիսյան

Բարև ձեզ։ Մի փոքր պատմենք մեր հետաքրքիր ընտանիքի մասին։

Հարություն Դաշտոյան/ամուսին/

Ես Հարություն Դաշտոյան եմ։
Ծնվել եմ Երևանում 1988 թվականին: Մանկությունս անցել է Երևանի կենտրոնում մեր սեփական տանը, որը քանդելուց հետո տեղափոխվել ենք Արաբկիր: Առաջինից ութերորդ դասարանները սովորել եմ Ստեփան Զորյան անվան թիվ 56 դպրոցում, այնուհետև տեղափոխվել եմ Պոլիտեխնիկի վարժարան և տասներորդը ավարտել եմ այնտեղ: Ընդունվել եմ Պոլիտեխնիկ Էլեկտրոնիկա մասնագիտությամբ և անընդմեջ շարունակել եմ ուսումս, ավարտելով ասպիրանտուրան պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսությունս տեխնիկական գիտություների բնագավառում: Այժմ աշխատում եմ Պոլիտեխնիկում որպես գիտաշխատող և դասախոս: Մանկուց ազգային երգն ու պարը հոգեհարազատ են եղել, և երբ ուսանողական տարիներին Պոլիտեխնիկում սկսեց գործել ազգագրական պարի խումբ ես էլ անդամագրվեցի: Եվ այդ օրվանից ազգագրական պարը դարձավ իմ կյանքի անբաժան մասը: Ուրախ եմ, որ այսօր ազգագրական պարը դասավանդվում է դպրոցում և երեխաները փոքրուց սովորում են մեր պարերը: Ուսանողական տարիներին սկսեցի ճապոնական մարտարվեստներ պարապել՝ այկիդո, ձյու-ձյուցու և այլ: Մեծ ոգևորությամբ էի մարզվում: Մեր Սենսեյը բացի մարտարվեստներից սովորեցնում էր՝ առողջ ապրելակերպ, հոգևոր գիտելիքներ էր փոխանցում: Այդ դասերի ընթացքում էր որ հասկացա, թե ինչ դաժանությամբ ենք վարվում կենդանիների հետ. նրանց շահագործելով և սպանելով ուտում ենք և որոշեցի դառնալ բուսակեր: Իմ բուսակերությունը միանշանակ չընդունվեց ընտանիքիս և շրջապատի կողմից, և որպեսզի կարողանամ պաշտպանել իմ որոշումը սկսեցի գրականություն կարդալ, բուսական խոհարարություն ուսումնասիրել և սկսեցի նաև պատրաստել: Խոհարարություն փոքրուց եմ սիրել և շատ փոքր տարիքից օգնել եմ մայրիկիս խոհանոցում: Հիշում եմ որ վեց տարեկանում կարողանում էի ինքնուրույն ճաշ պատրաստել, ունեի մի քանի հեղինակային բաղադրատոմս: Այս ամենը նպաստեցին որ շատ արագ յուրացնեմ բուսական խոհարարությունը: Արդյունքում բուսակերությունը դարձավ իմ կենսակերպը: Կնոջս հետ ծանոթացել եմ բուսակերների խմբում, նա ևս բուսակեր է: Երբ պլանավորում էին մեր հարսանիքը երկուս էլ միակարծիք էինք, որ հյուրասիրությունը պետք է բուսական լինի, իսկ խնջույքը պետք է ուղեկցվի ազգագրական երգ ու պարով:

Փառանձեմ Հովհաննիսյան/կին/

Ես Փառանձեմն եմ, ծնվել եմ 1987-ի մի հրաշալի օր՝ հուլիսի 4-ին, Կապանում, այնքան եմ տպավորված եղել ծնվածս օրով, որ մինչև 12 տարեկանս մտածում էի, որ պիտի Մհեր Մկրտչյանի գործը շարունակեմ, քիթս էլ մեծացնեմ։ Երկուսն էլ չստացվեց ։)

Նախ սովորել եմ Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, ապա ոչ ֆորմալ կրթություն եմ ստացել և կամավորություն արել Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՝ արտթերապիա հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապա Դանիայում հաշմանդամություն ունեցող անձանց ժամանցը արտառոց պայմաններում կազմակերպելու կուրս եմ անցել, ապա մագիստրատուրա եմ սովորել GIPA-ում՝ Թիֆլիսում։ Կրթությունս ավարտված չեմ համարում, սովորում եմ ամեն օր, իսկ ֆորմալ ու ոչ ֆորմալ եղանակով պատրաստվում եմ շուտով էլի նոր մասնագիտացում ստանալ։

Մի քանի մասնագիտություններ ունեմ՝ լրագրող, արտթերապիստ հաշմանդամություն ունեցող անձանց համար, հանրային կապերի պատասխանատու, երիտասարդական աշխատող։ Այս պահին ավելի շատ զբաղվում եմ երիտասարդական աշխատանքով, ունեմ իմ կազմակերպությունը՝ Երջանիկ Երիտասարդություն անվամբ, որտեղ բազմաթիվ տեղական ու միջազգային երիտասարդական ծրագրեր ենք իրականացնում։
10 տարեկանում մայրիկս ինձ տարավ բալետի դասերի, ահավոր չէի սիրում, զգում էի՝ պարն իմն է, բայց ոչ բալետը։ Հետո թողեցի։ Երկար տարիներ անգամ խնջույքների ժամանակ չէի պարում։ 7 տարի առաջ ընկեր Անդրանիկ Աթովանցը Գյուջիևյան պարերի խումբ ստեղծեց, սկսեցի հաճախել, ու հասկացա, որ պարն է իմ պարը, այնտեղ հանդիպեցի նաև սիրելիիս, և առ այսօր միասին պարում ենք, պարում ենք մեր կյանքի պարը, պարում ենք ազգագրական պարեր։ Վեց տարեկան մեր սիրո ընթացքում ծնվեց նաև երկուսիս ամենաչբացահայտված կողմը՝ սերը խոհարարության նկատմամբ։ Եվ ահա, մենք երկուսով պատրաստում ենք առողջ սնունդ։ Խոհարար եմ, ֆեյսբուքյան Xoharar.am նախաձեռնության շնորհիվ բազմաթիվ առողջ ուտելիքներ ենք հորինել, հաճույքով ենք պատրաստում և հյուրասիրում։

Մեր խոհարական ծրագրի մասին։
Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը բուսակերության նկատմամբ, մարդիկ հաճախ են հետաքրքրվում թե ինչով ենք սնվում, երբ հյուրեր ենք ունենում հարցնում են պատրաստված ուտեստների բաղադրատոմսերը: Այս ամենը առիթ հանդիսացավ մեր xoharar.am նախագծի ստեղծման համար: Այն ներկայացնում է բուսական առողջ սնունդի պատրաստումը, մատուցումը, ծանոթացնում է բույսերի օգտակար հատկություններին, ինչպես նաև ունենք ծլեցրած ցորենից և սերմերց մեր հացիկների տեսականին և մի քանի այլ յուրահատուկ բուսական սնունդ: Այս պահին կարող եք հետևել մեր ֆեյսբուքյան էջին , մինչ մեր կայքը պատրաստ կլինի: Այժմ ամբողջ աշխարհում լայն տարածում է ստանում բուսակերությունը և բուսակերական ռեստորաներ կան բոլոր մեծ քաղաքներում: Մեր նախագիծը ունի սոցիալական ուղվածություն, մեր նպատակն է Հայաստանում բուսակերության մշակույթի տարածումն է: Այդ նպատակով անցկացնում ենք սեմինարներ և դասընթացներ: Իմ կյանքի կարևոր մասն է կազմում հայրենաճանաչությունը, արշավները, շրջայցերը մեր երկրի տարբեր անկյուններ լավագույն միջոցն են ճանաչելու մեր բնաշխարհը և պատմությունը: Նպատակս է բարձրանալ Հայկական լեռնաշխարհի բարձրագագաթ սարերը և վերևից հիանալ հորիզոնից հորիզոն ձգվող տեսարանով: Սեփական աչքերով տեսածն ուրիշ է:

Հետևեք մեզ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ