«Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվելու է․ ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը մոտ երկու տարի Հայաստանում և արտերկրում ապահովում է լեցուն դահլիճներ, շուտով էկրանավորվելու է։

Այս մասին Tert.am Life-ը տեղեկացել է Երևանի փոխքաղաքապետ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից։

«Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները: 2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին: Ստեղծագործական խմբի մասին․ պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմական տարբերակի հեղինակ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյան, օպերատոր Սուրեն Թադևոսյան, նկարիչ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր Հայկո, պրոդյուսեր Արման Միտոյան»,- գրել է Տիգրան Վիրաբյանը:

 

Մեզ հետ զրույցում Լյուդվիգ Հարությունյանն ասաց՝ ներկայացման էկրանավորման առաջարկը եղել է նախորդ տարի, որի մտահղացման հեղինակն ու առաջարկողն է Տիգրան Վիրաբյանը. «Նկատի ունենալով մեր հայրենակիցների պահանջարկը, ոչ միայն Հայաստանի սահմաններում և Արցախում, այլև սփյուռքում, Վիրաբյանի կողմից առաջարկ եղավ էկրանավորել և «Հարսանիք թիկունքում»-ը հասանելի դարձնել մեր հայրենակիցներին։ Դերասանական կազմի փոփոխություններ չի նախատեսվում, այսինքն լինելու են նույն դերակատարները, ովքեր ներկայացման ժամանակ հանդես են եկել։ Սյուժետային փոփոխություններ ևս չի լինի, հնարավոր է բեմավիճակների նոր մոտեցումներ, որը պայմանավորված է էկրանավորման ռեժիսորի ցանկությամբ»։

«Հարսանիք թիկունքում» ներկայացման իրադարձությունները ծավալվում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմնված են իրական դեպքերի վրա։ Պիեսի հեղինակ  Անահիտ Աղասարյանը այն գրել է հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար։  Երկու գործողությամբ պիեսը թիկունքի, հերոսների ծնողների, հարազատների մասին է, սակայն նուրբ թելով ներկայացվում են նաև այն տղաները, որոնք պատերազմի ժամանակ շտապեցին առաջնագիծ։

Աղբյուր՝ tert.am

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ