
Փաստորեն, կախարդել հնարավոր է։ Չէ՞ որ սպիով, թիկնոցով ու մեծ կապույտ աչքերով այս տղան, ընդամենը փայտիկի մեկ շարժումով, արդեն մի քանի սերունդ տեղափոխում է հրաշքի, կախարդանքի և միֆերի դպրոց։
Գիտե՞ք, որ Հարրի Փոթերը ուղղակի չէր լինի, եթե հեղինակի՝ Ջոան Ռոուլինգի մայրը չմահանար։ «Այս գրքերը կան, որովհետև նա մահացավ։ Ես սիրում էի նրան, իսկ նա մահացավ»։ Ռոուլինգը վստահեցնում է՝ Հարրի Փոթերը մահվան մասին է։ Ամեն ինչ սկսվում է Հարրիի ծնողների մահվանից։ Ամբողջ վիպաշարում Վոլան դե Մորտը ձգտում է անմահության, և ի վերջո, բոլորը վախենում են նրանից։
Բայց «Հարրի Փոթերը» հաստատ տխուր պատմություն չէ։ Ընդհակառակը, Ռոուլինգը այս երևակայական աշխարհը ստեղծելիս դուրս է եկել տարիներ շարունակ իրեն տանջող ընկճախտից։ Ու հենց դեպրեսսիան նկարագրելու համար Հարրի Փոթերի մոգական աշխարհում ստեղծել է դեմենդորներին, որոնք սնվում են մարդկային երջանկությամբ ու դատարկություն թողնում։
Այսպես, կյանքի փորձառությունները, հեղինակը այլաբանորեն վերարտադրել է գրքում։ Օրինակ, քվիդիչ խաղը ստեղծել է ընկերոջ հետ ունեցած կռվից հետո․ գնացել է փաբ ու գրել այդ կոպիտ խաղի հատվածը։ Խոստովանել է՝ կուզեր այդ պահին տեսնել, թե ինչպես է ընկերոջը գնդակով հարվածում։ Իսկ ահա սանհանգույցում թափառող աղջկա ուրվականի կերպարը Ռոուլինգը ստեղծել է ակումբներում ու սրճարաններում հաճախ լացող աղջիկներ տեսնելով։ Եվ այդ ուրվականին տեղափոխել է տղամարդկանց սանհանգույց, որպեսզի Հարրիին ու Ռոնին անհարմար ու անսովոր դրության մեջ դնի։ Մի անգամ էլ շատ բարկացած ու վատ տրամադրությամբ եկել է տուն, մի ամբողջ գլուխ գրել ու սպանել գլխավոր հերոսներից մեկին՝ Ռոնին, բայց հենց հաջորդ օրը ջնջել է գրածը, քանի որ վիպաշարը սկսելիս որոշել էր՝ լավագույն եռյակը ապրելու է մինչև վերջ։
Ջոանը հստակ գիտեր, թե ինչպես է ավարտվելու «Հարրի Փոթերը» դեռ առաջին գրքի վրա աշխատելիս։ Մի օր նա սևագրում է վերջին հատորը ու տարիներ շարունակ փակի տակ պահում, չասելով գաղտնիքը նույնիսկ ամուսնուն։ Նա պատկերացրել էր, թե ինչպես է Հագրիդը ձեռքերի վրա տանում մահամերձ Հարրիի մարմինը, այսինքն Հագրիդը նրան բերել էր մոգության աշխարհ ու նա էլ դուրս է հանում։ Ջոան Ռոուլինգը փոշմանել է միայն Ռոնի և Հերմիոնայի զգացմունքային հատվածների համար․ նա համոզված է, այս երկուսը ավելի հասուն տարիքում իրար հանդուրժել չէին կարող, համապատասխան չէին։
Եվ ի վերջո, Ջոան Ռոուլինգը և Հարրի Փոթերը ծնվել են նույն օրը՝ հուլիսի 31-ին, բայց սա, թերևս, գրողի և կերպարի միակ նմանությունն է։ Հեղինակն ավելի շատ իրեն նմանեցնում է Հերմիոնային, մինչդեռ Հարրիի կերպարը ստեղծել է հիշելով իր մանկության հարևանին՝ Յան Փոթերին, որը միշտ փողոցներով վազվզում էր կախարդի հանդերձանքով։ Ի դեպ, Հարրի Փոթերում կա մի լրագրողի կերպար՝ Ռիտա Սկիտեր, որը հեռանում է կախարդանքի աշխարհից, որպեսզի մարդկանց պատմի նրա գոյության մասին։ Երկրպագուները վստահ են, որ Ջոան Ռոուլինգը գրքու հենց Ռիտա Սկիտերն է, քանի որ նման կատարյալ աշխարհ հորինել առանց տեսնելու գրեթե անհնար է։ Դժվար է հավատալ, բայց Հարրի Փոթերն արդեն 40-անց տղամարդ է։ Առաջին գրքի շնորհանդեսից ու ֆիլմի պրեմերիայից անցել է մոտ 20 տարի, բայց Հոգվարթսի դպրոցը իր բոլոր կախարդանքներով ու առեղծվածներով, և մոգ ուսանողներով շարունակում է մնալ սիրելի թե փոքրերի, թե մեծերի համար։
Եվ վերջապես, Հարրի Փոթերը հաջողության պատմություն է․ թե ինչպես սովորական մի կին, գիրք գրելով դարձավ միլիարդատեր։