
Ամբողջ կյանքում մեզ փորձում են ուղղել…
Երեխաներին դպրոցում դասավանդում են երգ, երաժշտություն, նկարչություն, պահանջում, որ բոլորը լավ երգեն, չափված-գծված նկարեն, հետո առաջադրանքը լավ կատարածներին ավելի բարձր են նշանակում, քան նույնչափ աշխատած, բայց գուցե նման ձիրք չունեցողին, մանկուց կոտրելով ինչ-որ բան… Չեք կարծում, որ նման առարկաները գնահատման ենթակա չեն, որ լավ երգել ու նկարել պահանջելու փոխարեն պետք է զարգացնել երաժշտական ճաշակ, գեղեցիկն ընկալելու ունակություն սերմանել, ցույց տալ աշխարհի գույները…
Հետո տալիս են շարադրություններ: Գրառումներս կարդալով հաճախ կարծում են, որ դպրոցում լավագույն շարադրություններն եմ գրել: Երբեք շարադրություններ չէի կարողանում գրել: Ինչի, որովհետև միշտ տրվում էին պարտադրված թեմաներ, երբեմն` պարտադրված բառեր: Դու պետք է գրես ոչ քո խոսքերով, ոչ քո զգացածը, մտածածը: Դու պետք է գրես այն, ինչ ուզում է տեսնել ուսուցիչը, եթե ուզում ես բարձր թվանշան ստանալ: Դու պետք է էջեր ու տողեր սևացնես քո գնահատականին հասնելու համար, նույնիսկ եթե քեզ այն ոչինչ չի տալիս: Հակառակ դեպքում, եթե գրես քո խոսքերը, ուսուցիչդ մեծ հավանականությամբ կարմիրով կուղղի քո երազանքը, քո զգացմունքը, քո տեսակետը…
Տալիս են վարժություն, որը դու պետք է լուծես ուսուցչի իմացած, բացատրած և պահանջած ձևով: Չկա հնարավորություն սեփական մոտեցումներով լուծումներ գտնելու, սխալվելու: Կանոններ, կանոններ…
Ու երբեմն նույնը շարունակվում է կյանքում: Բոլորը <<ուսուցիչ>> են դառնում, պատրաստ գնահատելու դիմացինին, պատրաստ ուղղելու դիմացինին, որովհետև իրենք են ուսուցիչը, կանոններ որոշողը և պարտադրողը… Իսկ փոխարենը կարելի է ընդունել, որ մենք այն ենք, ինչ կանք․․․