Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

Մորս գրկի մեջ ծերություն չկա,
Եվ միշտ մանուկ եմ մորս աչքերում,
Իսկ այս աշխարհի հրաշքներն անգամ
Ինձ համար այնպես անփայլ են թվում։

Մորս գրկի մեջ այնքան ջերմություն,
Այնքան հուշեր կան ուսերիս փռված,
Որոնք տանում են կրկին մանկություն,
Կարոտով լցնում սիրտս տանջված։

Մորս գրկի մեջ կարոտն է հառնում,
Եվ այս աշխարհը թվում է դատարկ,
Իսկ իմ անցյալի լայն պահարանում,
Չկա դրանից թանկ մի ժամանակ։

Մորս մատները այնքան են փափուկ,
Ինչպես թերթերը բոսորյա վարդի,
Մորս հայացքը՝ խամրած ու դալուկ,
Իմ ամենից մեծ պարգևն է կյանքի։

Եվ մորս աչքում հին մանուկն եմ այն,
Ով միշտ վազում էր ,աղմկում, կռվում,
Որը սովոր չէր լսել մեղմաձայն
Մորս խորհուրդը հարազատ որդուն։

Որքան հուշեր կան մորս գրկի մեջ,
Որքան թաքնված քնքշանք, նրբություն,
Որոնք ինձ սեր են նվիրում անվերջ,
Եվ սրտիս բոլոր ցավերը հանում ։

Չէ որ մոր գրկում ծերություն չկա,
Որքան երկար էլ վայրկյանը քայլի,
Թեկուզ արևը խամրի ինքնանամ,
Մորս աչքերը պիտի միշտ փայլի։

Մորս գրկի մեջ ծերություն չկա,
Եվ միշտ մանուկ եմ մորս աչքերում,
Իսկ այս աշխարհի հրաշքներն անգամ
Ինձ համար այնպես անփայլ են թվում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ