
Հաղորդակցում
Հաղորդակցումն այն միջավայրն է, որտեղ ապրում են մարդիկ, և այն «օդը», որը շնչում են: Մենք շփվում ենք անընդմեջ, նույնիսկ երբ լռում ենք` ժեստերի, շարժումների, դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով: Սակայն շփումը ոչ միայն հաղորդակցվելու, տեղեկություններ և հույզեր փոխանակելու միջոց է, դա իսկական արվեստ է:
Ի՞նչ է արդյունավետ հաղորդակցումը կամ շփումը: Դա այն է, երբ քեզ հասկանում են, իսկ դու հասկանում ես ուրիշներին, կարող ես վստահորեն կիսվել քո մտքերով, կարծիքներով և զգացմունքներով և իհարկե, կարողանում ես վիճահարույց իրավիճակներից դուրս գալ առանց ավելորդ ագրեսիայի և պահպանելով արժանապատվությունը:
Հաղորդակցման ծագումը
Հաղորդակցական ունակությունները կամ հաղորդունակությունները անձի այն հատկությունն է, որով նա բնականոն փոխհարաբերություններ է հաստատում ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ հաղորդում և ընդունում՝ ճշտորեն վերծանելով դրանք, ապահովելով պատշաճ հետադարձ կապը։ Այն բազմաֆունկցիոնալ գործընթաց է։ Որպես հիմանական կարելի է նշել հաղորդակցման կոմունիկատիվ-տեղեկատվական, կոմունիկատիվ-կարգավորիչ, կոմունիկատիվ-աֆեկտիվ գործառույթները։ Առաջինը, իր լայն իմաստով, կայանում է հաղորդակցվողների միջև տեղեկատվության փոխանակման մեջ, ինչը ենթադրում է սուբյեկտների փոխադարձ ազդեցությունը միմյանց մտքերի, զգացմունքների և վարքի վրա։ Կոմունիկատիվ-կարգավորիչ կամ ինտերակտիվ գործառույթը վերաբերում է շփման ընթացքում համատեղ գործունեության կարգավորմանը, ղեկավարմանը և կազմակերպմանը։ Աֆեկտիվ-կոմունիկատիվ ֆունկցիան կապված է մարդու հուզական ոլորտի հետ, քանի որ մարդկային շատ հույզեր և զգացմունքներ պայմանավորված են հաղորդակցմամբ, առաջանում և զարգանում են դրա ընթացքում։ Բացի այս հիմանականներից առանձնացնում են նաև երկրորդային գործառույթներ, որոնք են. ինքնաարտահայտման, սոցիալականացման, սոցիալական վերահսկաման, մարդկանց միավորման, դերային և միջանձնային հարաբերությունների կայացման և զարգացման, փոխադարձ ճանչման գործառույթները։
Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ, սոցիալական խումբ) փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների փոխանակություն։ Որպես հաղորդակցման սուբյեկտ հանդես են գալիս ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր։ Հաղորդակցությունը վերահսկում է հասարակական կյանքի բոլոր կողմերը, մարդականց, սոցիալական խմբերին։ Մարդը ապրում է ինֆորմացիոն դարաշրջանում՝ հաղորդակցության տարածման մեջ, որը կազմված է տարբեր պատկերներից, իմիջից, հաղորդագրություններից, սիմվոլներից, միֆերից, կարծրատիպերից։
Նույնիսկ առաջացել է «տեղեկացված մարդ» տերմինը. նրա համար հմտություն է ստանալ, մշակել և փոխանցել տեղեկատվությունը։ Հաղորդակցությունը կայանում է ոչ միայն մարդկանց միջև տեղեկատվության փոխանցմամբ, այլ նաև անձի ինքնորոշմամբ։ Հաղորդակցությունը և՛ հաղորդագրության ուղի է, և՛ կապի տեսակ է, և՛ հաղորդագրության գործողություն է, ինչպես նաև տեղեկատվության հաղորդումն է տեխնիկական միջոցների օգնությամբ։ Հաղորդակցությունը և երկխոսությունը մարդկանց համար հանդիսանում են ներկայանալու միջոցներ, իսկ երկխոսության էությունը կայանում է մարդկանց միջև խոսակցությունները։ Հաղորդակցությունը հաղորդագրության ուղին է, շփման գործընթացն է, տեղեկատվության հաղորդումն է, որն իրականացվում է տեխնիկական միջոցների օգնությամբ։
Հաղորդակցությունը (լատ. communicatio հաղորդագրություն, փոխանցում, communicare կապ հաստատել, հաղորդել, փոխանցել),
- Հաղորդագրության ուղին է (ջրային, օդային, ցամաքային հաղորդակցություն է),
- Տեղեկատվության փոխանցման ձևն է (հեռախոս, հեռագիր, ռադիո, էլեկտրոնային փոստ),
- Շփման գործընթացն է, երկու կամ ավելի անձանց միջև՝ հիմնված փոխադարձ հասկացվածության վրա (ակնարկ, հայացք, ժեստ, պատասխաններ, խոսակցություններ, վեճեր, բանակցություններ)։
- Հաղորդագրության փոխանցումն է երկու և ավելի մարկանց միջև։
- Մասսայական հաղորդագրություն է. տեղեկատվության հաղորդման գործընթաց՝ տեխնիկական միջոցների օգնությամբ (թերթեր, ռադիո, կինեմատոգրաֆիա, հեռուստատեսություն)։
Ներկա ժամանակներում հաղորդակցություն տերմինը մեկնաբանվում է հետևյալ կերպ.
- կապի միջոց,
- շփում, տեղեկատվության փոխանցում մեկ անձից մյուսին (միջանձնային հաղորդակցություն),
- զանգվածային հաղորդակցություն,
- Տեղեկատվության փոխանցում հասարակության մեջ։
Հաղորդակցությունը կապ է, որի միջոցով իրականանում է տեղեկատվության փոխանակում կենդանի և անկենդան բնության համակարգերի միջև։ Տրանսպորտային հաղորդակցությունը, հեռագրային կապը, հավատքի աղոթքները, երգերը, ողջույնները, ժպիտը, գրքեր-թերթեր կարդալը, կրթական դասախոսությունները, հանրային ներկայացումները, ֆիլմերի դիտումը, սեր բացատրելը, բջջային հեռախոսով զրուցելը, գովազդային հոլովակի նկարահանումը և տարածումը, վեճերը և հաշտությունները, պետությունների առաջնորդների բանակցությունները, էլեկտրոնային փոստը, սոցիալական միֆերի ստեղծումը, քաղաքական գործչի և պետության իմիջի ձևավորումը սրանք բոլորը հաղորդակցության գործընթացի օրինակներ են։ Հաղորդակցությունը լայն իմաստով ներառում է իր մեջ դեմքի արտահայտություն, դիրքեր և ժեստեր, ձայնի տոնը, բառերը, գրավոր փաստաթղթերը, տրանսպորտային միջոցները, հեռագիրը, հեռախոսը և այլն։ Հաղորդակցությունը տեղի է ունենում երեք տարբեր ընտրությունների սինթեզից, մասնավորապես տեղեկատվության ընտրություն, այդ տեղեկատվության հաղորդագրության ընտրություն և հասկացվածություն կամ չհասկացվածություն հաղորդագրությանը և նրա տեղեկատվությանը։ Այս 3 բաղադրիչներից որևէ մեկը չի կարող առանձին գոյություն ունենալ։ Միայն միասին են նրանք իրականացնում հաղորդակցությունը։ Հաղորդակցության կարևոր 3 կոմպետենտներից են՝ տեղեկատվությունը, հաղորդագրությունը և ընկալումը։
հաղորդակցության գործընթացը նկարագրելու համար հարկավոր է պատասխանել հետևյալ հարցերին. ո՞վ, ի՞նչ է ասում, ի՞նչ եղանակով, ու՞մ, ի՞նչ ազդեցություն ունի։ Գիտական ուսումնասիրություններում փորձում են բացահայտել հետևյալ հարցերի պատասխանները։ Ո՞վ ասելով հասկանում ենք ուղարկողին, ի՞նչ է ասում հասկանում ենք բովանդակության վերլուծությունը, ի՞նչ եղանակով՝ հաղորդակցության փոխանցման ուղիները՝ գրավոր, բանավոր, ռադիո, հեռուստատեսություն։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ գործընթացը, որո՞նք են հետևանքները, ի՞նչ արդյունքով և արդյունավետությամբ։
Հաղորդակցման կառուցվածքի մեջ, դրա հիմնական գործառույթներին համապատասխան, առանձնացնում են 3 հիմնական ոլորտ՝ կոմունիկատիվ, ինտերակտիվ և պերցեպտիվ։ Շփման կոմունիկատիվ կողմը կապված է անհատների միջև տեղեկատվության փոխանակման յուրահատկությունների բացահայտման հետ։ Մարդիկ գործունեության ընթացքում փոխանակում են մտքեր, կարծիքներ, զգացմունքներ, տրամադրություններ, մտավախություններ, հիշողություններ, որոնք կարելի է համարել տեղեկատվություն, իսկ դրա փոխանակումը՝ կոմունիկացիա կամ հաղորդակցություն։ Շփման ինտերակտիվ կողմը բնութագրում է հաղորդակցման այն բաղադրիչները, որոնք կապված են համատեղ գործունեության կառուցման և դրա շուրջ փոխհամագործակցման հետ։ Սոցիալական պերցեպցիան մարդկանց կողմից սոցիալական օբյեկտների՝ իրենց, այլ մարդկանց, սոցիալական խմբերի, ըմբռնում է։ Շփման պերցեպտիվ կողմը ներառում է այլ մարդու՝ ֆիզիկական հատկանիշների, վարքի ընկալման միջոցով և հիման վրա հոգեկան պատկերի ձևավորումը։
Հաղորդակցման ձեաչափերը հին և ժամանակակից աշխարհում
Երկար ժամանակ հաղորդակցության ձևերը և գաղափարները զարգացել են տեխնոլոգիաների շարունակական զարգացման միջոցով։ Առաջընթացն ներառում է ուսումնասիրության համար առաջ եկած նոր դաշտ՝ հաղորդակցության հոգեբանություն և մեդիա հոգեբանություն։
Մեզ հասած տեղեկություններով մարդիկ մինչև հաղորդակցվելը միմյանց հետ հաղորդակցվում էին հնչյունների արտաբերման և դեմքի ծամածռությունների միջոցով։ Հաղորդակցման լավագույն միջոց էր պատկերելու, շուտով նաեւ գրելը, որոնք պատկերվում էին ժայռերի վրա։
Գրավոր հաղորդակցության առաջընթացը կարելի է բաժանել 3 «տեղեկատվական հաղորդակցության հեղափոխությունների»։
- Գրավոր հաղորդակցությունը առաջին անգամ ծագեց պատկերագրության օգտագործման ժամանակ։ Պատկերագիրը պատկերված էր քարի վրա, հետևաբար գրավոր հաղորդակցությունը դեռ մոբիլ չէր։ Պատկերագրերը սկսեցին զարգանալ ստանդարտներին հարմարեցված և հեշտացված կերպով։
- Հաջորդ քայլն առաջ եկավ, երբ առաջին գիրը հայտնվեց թղթի, պապիրուսի, կավի, մեղրամոմի վրա և այլ մեդիաներում, որոնք կիսում են միացյալ գրավոր համակարգը, տանելով դեպի հարմարեցվող այբուբեններ։
- Վերջին փուլը բնութագրվում է, որպես տեղեկատվության փոխանցում էլեկտրամագնիսական ռադիացիայի միջոցով կառավարվող ալիքներով և այլ էլեկտրոնային ազգանշաններով։
Հաղորդակցությունն այն գործընթացն է, որի նշանակությունը տրված է և փոխանցվում է ընդհանուր գաղափար ստեղծելու համար։ Այս գործընթացը պահանջում է հմտությունների լայն շրջանակ՝ միջանձնային գործունեություն, լսելու, ստուգելու կարողություն, խոսքի վարպետություն, վերլուծական հմտություններ, ժեստեր։ Այն ապահովում է համագործակցություն և գործակցություն։
Մեր ժամանակներում ամեն ինչ զարգանում է շատ ավելի արագ ու բազմաթիվ ուղղություններով, քան երբևէ: Իսկ այդ զարգացումների հիմնական առանցքը կազմում են ԶԼՄ-ները, ընդ որում, գերակշռում են էլեկտրոնային տարբերակները:
Ժամանակակից աշխարհում հաղորդակցման հիմնական միջոցներից է մեսիան։ Մեդիա (media) բառը լատինական ծագում ունի և նշանակում է միջոց: Ժամանակակից աշխարհում սովորաբար օգտագործվում է որպես զանգվածային լրատվամիջոցներ` ԶԼՄ իմաստով՝ տպագիր, ֆոտո, ռադիո, կինո, հեռուստատեսություն, վիդեո, մուլտիմեդիա, համակարգչային համակարգեր, այդ թվում` ինտերնետային:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում մեդիակրթությունը (ԶԼՄ կրթություն) դիտվում է «մանկավարժության կոնկրետ և ինքնավար ճյուղ, որը ժամանակակից ԶԼՄ-ների և զանգվածային հաղորդակցության միջոցով տեսական և գործնական հմտություններ է իրականացնում այլ առարկաներ ուսուցանելիս, ինչպիսիք են, օրինակ` մաթեմատիկան, ֆիզիկան կամ աշխարհագրությունը»:
Այսօր մեդիան ուսումնասիրության համապարփակ միջոց է մարդու և աշխարհի համար (սոցիալական, բարոյական, հոգեբանական, գեղարվեստական, ինտելեկտուալ առումներով):
Բանավոր հաղորդակցում, խոսք
Բանավոր խոսք, առաջանում է հնչյուններ արտաբերելով՝ ի տարբերություն գրավոր խոսքի։ Շատ լեզուներ առկա են միայն գրավոր տարբերակով և խոսակցական ձև չունեն։ Բանավոր խոսքը կամ հնչող խոսքը առաջանում է ձայնային ուղով, ի հակադրություն կինետիկ լեզվի, որն արտահայտվում է դիմախաղով և ժեստերով։ «Բանավոր խոսք» տերմինը երբեմն օգտագործվում է բնորոշելու միայն ձայնային լեզուն, հատկապես լեզվաբանների կողմից, ովքեր այս տերմինի տակ ընդգրկում են վերևում նշված բոլոր երեք հոմանիշները՝ բացառությամբ կինետիկ լեզվի։ Որոշ լեզվաբաններ կինետիկ լեզվին վերաբերում են որպես «բանավոր խոսք»-ի, հատկապես ժեստերի գրավոր արձանագրությունների հետ հակադրելիս։ Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում։ Պայմանավորված է խոսքային իրադրությամբ, հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, խոսողի հոգեվիճակով և այլն։ Կարևոր են նաև ուղեկցող միջոցները (միմիկա, շարժուձև և այլն)։ Հիմնականում բարձրաձայն խոսողություն է, կարող է ձայնագրվել, վերարտադրվել, հաղորդվել տեխնիկական միջոցներով (ռադիո, հեռուստատեսություն, հեռախոս)։ Արտահայտության ձևերն են՝ զրույցը, բանավեճը, դասախոսությունը, ճառը, կոչը, հայտարարությունը, երգը, չափածո և արձակ խոսքը և այլն։ Բանավոր խոսքը սահմանափակված է տարածականորեն (չհաշված տեխնիկական միջոցների գործադրումը) և ժամանակով (բանավոր միմյանց հետ կարող են հաղորդակցվել միայն ժամանակակիցները)։
Արտաքին խոսքը սովորական հնչյունական-արտասանական իրացում ունեցող խոսքն է։ Ներքին խոսքը մենախոսության այն տեսակն է, երբ խոսքը հնչյունական-արտասանական դրսևորում չունի, ուղղված չէ ինչ-որ մեկին, և եթե խոսակից էլ կա, ապա այն երևակայական է։ Գիտական, ուսուցողական և այլ շարադրանքները հենվում են հենց ներքին խոսքի վրա։ Միայն բեմական խոսքում այն կարող է ներկայացվել բարձրաձայն արտասանությամբ։
Ընթերցանությունը խոսողության այն ձևն է, երբ մեկը բարձրաձայն կամ մտքում վերարտադրում, արտաբերում է իր կամ ուրիշի գրավոր խոսքը։
Բանավոր խոսքում իմաստը հիմնականում որոշվում է համատեքստի մեջ այն դիտարկելու ժամանակ։ Սա հակադրվում է գրավոր խոսքին, որտեղ իմաստը ուղակիորեն արտահայտվում է տեքստում։ Բանավոր խոսքում թեորեմի իրավացիությունը որոշվում է փորձից բխող առողջ բանականությամբ, իսկ գրավոր խոսքում հիմնական կենտրոնացումը դրված է տրամաբանական և կոհերենտ փաստարկի վրա։ ։ Նույն կերպ, բանավոր լեզուն փորձում է հաղորդել սուբյեկտիվ տեղեկություն, այդ թվում հասցեագրողի և հասցեատիրոջ միջև հարաբերությունը, մինչդեռ գրավոր խոսքը փորձում է փոխանցել օբյեկտիվ տեղեկություն։ Գրավոր և բանավոր խոսքի փոխհարաբերությունը բարդ է։ Լեզվաբանության մեջ, համաձայն ներկայիս տեսակետի, բանավոր խոսքը մարդուն ի ծնե տրված ունակություն է, մինչդեռ գրավոր խոսքը՝ մշակութային հայտնագործություն։ Բայց և այնպես, որոշ լեզվաբաններ՝ այդ թվում և Պրահայի լեզվաբանական խմբակի ներկայացուցիչներ պնդում են, որ գրավոր խոսքը և բանավոր խոսքը ունեն հստակ հատկանիշներ, որոնք իրենց հերթին վիճելի են դարձնում այն տեսակետը, ըստ որի՝ գրավոր խոսքը իր գոյությամբ կախված է բանավոր խոսքից։
Թե՛ ձայնային, թե՛ ժեստերի լեզուները կազմված են բառերից։ Ձայնային լեզուներում բառերը կազմված են սահամանափակ թվով ձայնավորներից, բաղաձայններից և հաճախ հնչերանգից։ Ժեստերի լեզուներում բառերը կազմված են սահմանափակ թվով պատկերներից, ուղղություններից, ձեռքերի շարժումներից և հաճախ դեմքի արտահայտություններից. երկու դեպքերում էլ կառուցողական հատվածները կոչվում են հնչյուններ։ Ձայնային և ժեստերի լեզուներում բառերը քերականորեն ներկառուցված են արտահայտությունների, նախադասությունների և խոսույթի ավելի մեծ միավորների մեջ։
Երեխաներն իրենց շրջապատում օգտագործվող լեզուն լսելով ընկալում են այն որպես իրենց առաջին լեզու. լինի դա ձայնային, թե ժեստերի։ Խուլ երեխաները լեզուն կարող են նույն կերպ ընկալել նշանների կամ ժեստերի լեզվի դեպքում, եթե նրանց շրջապատում կիրառվում է տեսողական հաղորդակցության համակարգը։ Ձայնային լեզուն դասավանդվում է նրանց նույն կերպ, ինչպես որ գրավոր լեզուն՝ լսելու կարողություն ունեցող երեխաներին։ Ուսուցիչները հատուկ ուշադրություն են դարձնում բանավոր լեզվին այն երեխաների դեպքում, ովքեր դպրոցից դուրս օգտագործում են այլ լեզու։ Երեխայի համար հասարակական և կրթական տեսանկյունից կարևոր է համարվում մի քանի լեզու հասկանալու ունակությունը։
Գրավոր հաղորդակցում, խոսք
Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեսքի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով, ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով։ Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում։ Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային և ոճարտահայտչական որոշ հատկանիշներից։ Կարևոր դեր են խաղում գրության եղանակները, կետադրությունը։ Գրավոր խոսքն, ի տարբերություն բանավորի, չունի տարածական և ժամանակային սահմանափակումներ։
Ըստ ծավալի տարբերում են համառոտ խոսք և ընդարձակ խոսք։ Համառոտ խոսքը կարող է արտահայտված լինել նույնիսկ մեկ բառով։ Համառոտ են կոչերը, հայտարարությունները, առածները, ասացվածքները և այլն։ Ընդարձակ խոսք են պատմվածքը, նովելը, հոդվածը, ակնարկը, իսկ առավել ընդարձակ խոսք են վեպը, վիպակը և այլն։
Ըստ պարունակած ինֆորմացիայի բնույթի տարբերում են՝ մտավոր խոսք, զգացական խոսք, պատկերավոր խոսք, քաղաքավարական խոսք և այլն։ Մտավոր խոսքը պարունակում է մտածական, դատողական ինֆորմացիա, զգացական խոսքը` կամահուզազգացական միտումներ, երանգներ։ Պատկերավոր խոսքը բնորոշ է լեզվաարտահայտչական միջոցների գործադրմամբ։ Քաղաքավարական խոսքին բնորոշ են ոճային հատուկ երանգներ, բառեր, ձևեր, արտահայտություններ։
Հեղինակային խոսքը խոսողից կամ գրական ստեղծագործության հեղինակից սերող խոսքն է` ի տարբերություն ուրիշի և գրական հերոսների խոսքի։ Ուրիշի խոսքը խոսողի, հեղինակի կողմից պատմողաբար կամ բառացի մեջբերված խոսքն է։ Խոսակցությունը կարող է իրացվել հարցուպատասխանական եղանակով։ Հարցուպատասխանական խոսքն ունի հնչերանգային բնորոշ գծեր, ինչպես, օրինակ, հարցական և պատասխանական բառեր, հնչերանգային համապատասխան կաղապարների գործադրում և այլն։
Ըստ գործառական ոլորտների տարբերում են խոսքի հետևյալ տեսակները. առօրյա, կենցաղային, գործնական, պաշտոնական, բանաստեղծական, մասնագիտական, հրապարակախոսական, ճարտասանական, բեմական, գրական, բարբառային և այլն։
Մշակույթ, մշակութային ինքնություն
Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։ Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։
Մշակութային ինքությունն անհատի կողմից տվյալ մշակույթի նորմերի, վարքային պատտերների, արժեքային կողմնորոշիչների և լեզվի գիտակցված ընդունումն է, իր Ես-ի գիտակցումը այն բնութագրիչների դիրքից, որոնք ընդունված են տվյալ հասարակությունում, ինքնանույնականացումը հենց տվյալ հասարակության մշակութային պատտերնների հետ։ Եթե ավելի նեղացնենք այս ձևակերպումը, ստացվում է, որ մշակութային ինքնությունը իրենից ներկայացնում է որոշակի կայուն որակների ամբողջություն, որոնք կանխորոշում են հաղորդակցման, վարքի որոշակի առանձնահատկություններ, մարդկանց նկատմամբ համակրանքը կամ հակակրանքը և այլ առանձնահատկություններ։ Մշակութային նույնականացումը այն մեխանիզմն է, որով տեղի է ունենում անհատի համապատասխանեցումը, նմանեցումը մշակույթին։ Մշակութային ինքնություն հասկացության մասին ընդհանրապես և դրա՝ ինքնության այլ տարատեսակների հետ կապի մասին մասնավորապես կխոսենք ստորև։
Տարբեր հայեցակարգերում մշակութային ինքնության վերաբերյալ տեսական վերլուծությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա մեկ ընդհանուր մոտեցում մշակութային ինքնության սահմանման հետ կապված։ Այսպես, օրինակ մշակույթի տեսության և մշակութաբանության մեջ ինքնությունը դիտարկվում է որպես մարդու մշակութային կյանքի նույնականացում որոշակի մշակույթի, ավանդույթների, համակարգի հետ։ Դրա շրջանակներում համարվում է, որ մարդը յուրացնում և ընդունում է տվյալ մշակույթի բովանդակային միջուկը, արժեքները, նորմերը, դրանց արտահայտչամիջոցները։
Միջմշակութային հաղորդակցման խնդիրներով զբաղվող գիտնականների կարծիքով մշակութային ինքնությունը անհատի գիտակցված ընտրությունն ու նույնականացումն է տվյալ մշակույթում ընդունված նորմերին և վարքաձևերին։ Ըստ այս մոտեցման մշակութային ինքնության հիմքում ընկած որակները հարաբերականորեն կայուն են կյանքի ընթացքում, ընկած են անձի կառուցվածքի հիմքում։
Հակաէքզիստենցիալիստական հայեցակարգում մշակութային ինքնությունը դիտարկվում է որպես դիսկուրսիվ դրույթների համակարգ։ Այստեղ կենտրոնական նշանակություն է տրվում դասակարգին, սեռին, ռասային, էթնիկ պատկանելիությանը, տարիքին և այլն։ Ի տարբերություն նախորդ մեկնաբանության՝ այստեղ մշակութային ինքնությունը դիտարկվում է որպես դինամիկ/փոփոխական համակարգ, ինչպես դիսկուրսիվ համակարգերից յուրաքանչյուրն է փոփոխական։
Սոցիոմշակութային ինքնության մեկնաբանությամբ մշակութային ինքնությունը հասանելի է դառնում միայն սեփական մշակութային պատկանելիության գիտակցումից հետո և մեկնաբանվում է որպես այս կամ այն մշակույթին պատկանելիություն, որը դառնում է ռեֆլեքսիայի առարկա։
Մշակությաին ինքնություն եզրը վերաբերվում է անհատների կողմից որոշակի մշակույթին իմաստավորված /գիտակցված և անգիտակցական/, և այդպիսով հոգեբանական /ռեֆլեքսիայի առարկա դարձած/ անդամակցությանը։
Մշակությաին ինքնությունը արդյունք է անհատի կողմից կոգնիտիվ-հուզական ինքնիմաստավորման և նույնականացման որոշակի մշակույթի սոցիալապես ընդունելի արժեհամակարգի հետ։ Այն ոչ միայն ինքնաիմաստավորված է, այլև համապատասխանեցված է միջավայրի հետ, հաստատված դրա կողմից։
Կոլեկտիվ մշակութային ինքնությունը ձևավորվում է հանրության ինքնառեֆլեքսիայի ընթացքում նույնականացման մեխանիզմների շնորհիվ, որոնք տարբերվում են անհատական մշակութային նույնականացման մեխանզիմներից։ Այստեղ էականը նմանեցումը, կրկնօրինակումը, նույնականացումը չէ, այլ մեկ մշակութային հանրույթի համադրումը, համեմատումը այլոց հետ: Այդ համեմատության արդյունքում հանրույթը իմաստավորում է իր ամբողջականությունը խմբային նույնականացման հատկանիշներով, հանրույթը դառնում է ինքնակա ամբողջություն, որի հետ նույնականանում են դրա բոլոր անդամները։ Այդ պատկերացումը վերածվում է ինքնագիտակցության կոլեկտիվ անգիտակցականում։
Կոլեկտիվ մշակութային ինքնությունը այսպիսով հանդես է գալիս որպես հանրության ինքնագիտակցում, տեղեկատվական-նշանային դինամիկ համակարգ, որն արդյունք է ինքնառեֆլեքսիայի, կառուցված և պատկերացված հանրույթի կողմից որպես ինքնակա ամբողջություն՝ հիմնված մշակութային արժեքների, նորմերի, դիրքորոշումների և կարծրատիպերի վրա։
Այսպիսով հասկանալի է դառնում, որ մշակութային ինքնությունը համակարգային հասկացություն է. այն չի կարելի դիտարկել անհատից կամ կոլեկտիվից առանձին, քանի որ դրա ձևավորումը անցնում է այս երկուսի սերտ փոխներգործության գործընթացում և արդյունքում։ Դիտարկելը մշակութային ինքնությունը սոսկ որպես գործընթաց կամ սոսկ որպես արդյունք հնարավորություն չի տալիս համակողմանիորեն մոտենալ հասկացությանը։
Մշակութային արժեքներ
Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ, այդ թվում` հայ ժողովուրդը, աշխարհին ներկայանում է իր մշակութային ժառանգությամբ, ավանդույթներով, ժամանակակից արվեստով: Մշակութային արժեքներ են համարվում կրոնական կամ աշխարհիկ բնույթի այն արժեքները, որոնք յուրաքանչյուր պետության կողմից դիտվում են որպես հնագիտության, նախապատմական ժամանակաշրջանի, պատմության, գրականության, արվեստի և գիտության համար նշանակություն ունեցող արժեքներ: «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է մշակութային արժեքների հետևյալ տեսակները.
1. պատմական, ներառյալ՝ ժողովրդի կյանքի հիշարժան դեպքերի, հասարակության և պետության զարգացման, գիտության և ճարտարագիտական պատմության, ինչպես նաև նշանավոր մարդկանց (պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, ազգային հերոսների) կյանքին ու գործունեությանն առնչվող առարկաներ, ընտանեկան մասունքներ։
2. հնագիտական հետազոտություններից և պեղումներից ստացված գտածոներ, և պատմահնագիտական առարկաներ։
3. գեղարվեստական արժեքներ (ամբողջովին կամ մասամբ ձեռքով արված պատկերներ և նկարներ, ցանկացած նյութից պատրաստված քանդակներ, գեղարվեստական հորինվածքներ և համակցված կառուցվածքներ, պաշտամունքային նշանակություն ունեցող գեղարվեստորեն ձևավորված առարկաներ՝ սրբապատկերներ (իկոնաներ), փորագրություններ, վիմատպություններ, կիրառական արվեստի գործեր (ապակուց, կավից, փայտից, երկաթից, ոսկրից, գործվածքներից պատրաստված գեղարվեստական իրեր), ավանդական ժողովրդական արհեստների ստեղծագործություններ)։
4. ձեռագիր և տպագիր գրական, գեղարվեստական, պատմագիտական, պատմամշակութային արժեք ներկայացնող, ճարտարապետական և կոթողային արվեստի հուշարձանների բաղկացուցիչ մասեր և բեկորներ։
5. առանձին կամ հավաքածու հնագույն զենքեր, փաստաթղթեր։
6. հազվագյուտ ձեռագրեր և փաստաթղթային հուշարձաններ, արխիվներ (ձայնագրման, տեսագրման, լուսանկարչական և կինոարխիվներ)։
7. առանձին կամ հավաքածու փոստային նամականիշներ, երաժշտական գործիքներ, երաժշտական գործիքներ, կավագործական իրեր, մակագրություններ, դրամներ, շքանշաններ,մեդալներ, կնիքներ։
8. բուսական, կենդանական և երկրաբանական հավաքածուներ և նմուշներ։
9. կահույք, գոբելեններ, գորգեր, կարպետներ, տարազներ, ազգագրական, մարդաբանական նյութեր, բանահյուսական նյութերի անտիպ ժողովածուներ, հնատիպ հրատարակություններ 10. պատմական, գեղարվեստական, գիտական կամ մշակութային այլ նշանակություն ունեցող պատճեններ, որոնք, որպես պատմության և մշակույթի հուշարձաններ, որոնք գտնվում են պետական պահպանության տակ:
Հայ ժողովուրդն ունի շատ հին և հարուստ մշակույթ: Երբ ասում ենք մշակույթ, առաջին հերթին հասկանում ենք այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է ժողովուրդը: Օրինակ’ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը, ամրոցները, կամուրջները և այլն:
Մշակութային արժեքներ ստեղծվում են նաև այսօր՝ մեր օրերում: Դրանք, օրինակ, շատ գեղեցիկ գորգերն են, ոսկե կամ արծաթե իրերը, հուշարձանները և այլն:
Երևանի կենտրոնոււմ՝ բարձրադիր սարալանջի վրա, վեր է խոյանում մի գեղեցիկ շենք: Դա Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքն է: Այստեղ պահպանվում են ձեռագիր մատյաններ:
Մեր ժողովուրդը դրանք ստեդծել է երկար դարերի ընթացքում, պահել, պահպանել ու մեզ է հասցրել: Մատենադարանում կարելի է տեսնել շատ մեծ և փոքրիկ ձեռագրեր: Կա, օրինակ, մի շատ փոքր ձեռագիր մատյան, որը կոչվում է «Տոնացույց»: Այն բաղկացած է 103 էջից և ունի ձեռքի ափի մեծություն: Այս ձեռագիրը հայտնի է նաև «Թզուկ» անունով: Ձեռագրերը հին գրքեր են, որոնք գրված են ձեռքով, մագաղաթի վրա և ունեն շատ գեղեցիկ նկարազարդումներ: Այդպիսի նկարազարդումն անվանում են մանրանկարչություն:
Մանրանկար բառն արդեն հուշում է, որ այդ նկարները փոքր չափեր ունեն: Դրանք շատ տարածված են եղել Հայաստանում: Հայ մանրանկարիչների գործերն այսօր էլ զարմացնում ու հիացնում են իրենց բարձրաճաշակ արվեստով, ինքնատիպ զարդանախշերով, պայծառ գույներով: Մանրանկարիչներից շատերի անունները չեն պահպանվել: Մեգ են հասել Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Մոմիկի և ուրիշների անունները: Նրանք տաղանդավոր մանրանկարիչներ են. որոնց գործերը զարդարում են նաև մեր ձեռագիր մատյանները:
Խաչքար: Խաչքարը հայկական կոթող-հուշարձան Է: Մեզ հայտնի ամենահին խաչքարերը 9-10-րդ դարերում են ստեղծվել: Խաչքարերը ստեղծվել են ամենատարբեր առիթներով՝ ռազմական հաղթանակների եկեղեցիների, կամուրջների և այլ շինությունների ավարտը, պատմական կարևոր դեպքերը հիշատակելու համար և այլն: Մեր ժողովրդի համար խաչքարը ծառայել է նաև որպես հուշաքար’ հանգուցյալների հիշատակը վառ պահելու համար:
Խաչքարերը շատ գեղեցիկ են. դրանք սովորաբար ունեն ուղղաձիգ սալաքարի ձև, վրան պատկերված է խաչ և տարբեր զարդաքանդակներ: Այդ զարդաքանդակները երբեմն այնպիսի նրբությամբ են կատարված, որ քարի վրա քանդակած զարդը ասես ասեղնագործ աշխատանք լինի: Երբեմն Էլ դրանք նման են ոսկերչական գործերի: Այդպիսի բացառիկ արժեքավոր խաչքարեր են Գեղարդի ժայռափոր Մոմիկ վարպետի խաչքարերը խաչքարը՝ Նորավանքում, «Սիրուն խաչը»՝ Դսեղում, Գեղարդի ժայռափոր խաչքարերը և այլն:
Մեր օրերում նույնպես հայ վարպետները, շարունակելով ավանդույթները, կերտում են շատ գեղեցիկ խաչքարեր:
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն։
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում։
Դիցաբանություն, լեզու, արվեստ, խոհանոց
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով։
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է։ Այն Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական լեզուն է։ Օգտագործվում է նաև Հարավային Կովկասում (հիմնականում Ջավախքում, Թբիլիսիում, Աբխազիայում, Օսեթիայում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում և խոշոր քաղաքներում), Եվրոպայում (առավել հաճախ Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեցարիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Մոլդովայում, Մերձդնեստրում և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում) ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (հիմնականում Ուրուգվայում, Արգենտինայում, Բրազիլիայում), Ուիզբեկստանում, Ղազախստանում, Հնդկաստանում, Ավստրիալիայում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։
Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումից հետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցի է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։ 1002-ին Նարեկացին ավարտում է իր «Մատյան Ողբերգությանը»` որը հիրավի համարվում է հայ միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։ Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։ XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։
Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը»։ Թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145 թվականին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը, ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։
Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։
17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։
Հայկական խոհանոց, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Վանի թագավորությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրում է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։
Հին դարերում, հատկապես Վանի թագավորության դարաշրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) Հայաստանի տարածքում ապրող բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և գյուղատնտեսական մթերքներից պատրաստի սննդանյութեր վերամշակելով։
Կարմիր բլուր (Թեյշեբաինի բերդի) պեղումերը անգնահատելի նյութ տվեցին հին Հայաստանում ընդունված սննդակարգերի բնույթի վերաբերյալ։ Ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի տվյալների համաձայն երկրագործական մշակույթը այն ժամանակվա համար գտնվում էր բավականին բարձր մակարդակի վրա։ Պեղումների ժամանակ հայտնաբերվեցին ծավալուն շտեմարաններ, հացահատիկով լեցուն կարաս-կճուճներ, գարեջուր և քաղցրածիկ պատրաստելու և պահելու հատուկ անոթներ։ Այն ժամանակների բրուտագործական տեխնիկան նույնպես բավականաչափ բարձր մակարդակի վրա էր։ Պատրաստվում էին բազմազան ձևերի և պարունակության կավե ամաններ ոչ միայն կենցաղային կարիքների, այլ նաև սննդամթերքի արտադրության համար։
Պեղումների ժամանակ հայտնաբերվեց նաև ցորենի ձավար։ Ձավարը պատրաստում են ցորենը թեթև խաշելով և չորացնելով։ Չխաշած, բայց մանրացրած հատիկները կոչվում են կորկոտ։
Թեյշեբաինի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերած հացահատիկային մթերքների մեծ քանակությունը վկայում է այն մասին, որ մեզանից ավելի քան 2,5 հազար տարի առաջ Վանի թագավորությունում մշակում էին բարձր կուլտուրայի, մերկահատիկ ցորենի մի քանի տեսակներ։ Դրանց շարքում հատուկ տեղ էր գրավում փափուկ ցորենը, որը ներկայումս աճում է Արարատյան դաշտում։ Դատելով այդ պեղումներից Վանի թագավորության բնակչությունը մշակում էր նաև շատ մեծ քանակությամբ գարի։ Ըստ երևույթին, լայնորեն տարածված էր գարեջուր պատրաստելը, ընդ որում որպես հումք օգտագործում էին ոչ միայն գարին այլ նաև կորեկը։ Հույն պատմաբան Քսենոֆոնը (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) Հայաստանում իր ճանապարհորդության ժամանակ տվել է տեղական բնակչության հետևյալ նկարագիրը. «… տներում էին գտնվում այծերը, ոչխարները, կովերը և թռչունները իրենց ձագերով։ Այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն և գարու գինի. խառնարաններում։ Ամանների եզրերին հավասար գինու մակերեսի վրա լողում էր գարին և նրանց մեջ խրած էր մեծ և փոքր չափերի եղեգ, բայց առանց հանգույցների։ Ով ուզում էր խմել, պետք է այդ եղեգը վերցներ բերանը և նրա միջոցով գինին ծծեր»։
Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված կորեկի պաշարները վկայում են, որ ուրարտացիներն այն օգտագործում էին ոչ միայն գարեջուր պատարստելու համար, այլ նաև որպես սննդանյութ։ Վանի թագավորությունում հիմնականում մշակվում էր երկու տեսակի կորեկ. սովորական և եվրոպական կամ իտալական «ղոմի» տեսակի։ 1948 թ. մեծ քանակությամբ սննդի պաշարների հետ հայտնաբերվեցին նաև խոշոր աղացած կորեկի ալյուրից թխած հացի մնացորդներ։ Այդ հացը ձվաձև էր, հաստ եզրերով, մեջտեղը ծակ։ Նույն տեղում երևան եկան կորեկի քաշովու մնացորդներ, ինչպես նաև չաղացած ցորենից թխած բլիթներ։
Վանի թագավորությունում լայնորեն տարածված էին մանրասերմ ձիաբակլան և մանրահատիկ ոսպը։ Մշակում էին նաև սիսեռ, ձիթաբեր խաչածաղկավոր հմդաու և այլ հացազգիներ։ Ձիթաբեր բույսերից մշակում էին քունջութը, որը տալիս էր բորձրորակ ձեթ։ Պեղումների ժամանակ գտնվել են ցորենի, սիսեռի և քունջութի տարբեր համադրություններ։ Հայաստանում քունջութ մշակվում էր նաև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակներում։ Այսպես պատմաբան Քվինտուս Կուրցիուս Ռուֆուսը (մ.թ.ա. մոտ 54-41 թթ.) գրում է «Ալեքսանդր Մակեդոնացին արդեն անցավ Կովկասը… Մակեդոնացիք ձեթի փոխարեն մարմիններն օծում էին սեզամ բույսի հյութով, այսինքն քունջութի ձեթով, այդ հյութի մեկ չափն արժեր երկու հարյուր քառասուն դինար»։
Ուրարտացիների երկրում սկսած հնագույն ժամանակներից մեծ չափով զարգացած էր խաղողի մշակույթը։ Վանի թագավորության սեպագիր արձանագրությունները խոսում են խաղողաբուծության և գինեգործության բարձր զարգացման մասին։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին գինու խոշոր մառաններ։ Այստեղ էլ գտնվել են մեծ քանակությամբ կավե կարաս-կճուճներ, որոնք պարունակում էին հսկայական քանակությամբ գինի։ Պեղումների արդյունքները մեզ տալիս են խաղողի տեսակների մեծ բազմազանություն։ Խաղողի այդ տեսակները տարածված են նաև այժմ։ Այսպես օրինակ հայտնաբերվել են ոսկևազ կորիզներ։ Ուրարտացիները լայնորեն գործադրում էին կարասները ծծումբով ծխահարելը։
Վանի թագավորության բնակչությունը կենդանական մթերքներից օգտագործում էր ոչխարի, տավարի, այծի, խոզի, գոմեշի և ընտանի թռչունների միսը։
Վանի թագավորությունում զարգացած էր նաև կաթնատնտեսությունը։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ գտնվել են խնոցիներ, որոնք ապշեցուցիչ կերպով նման են ներկայումս Անդրկովկասում գործածվողներին։
Թվարկված բոլոր կերակրատեսակները այժմ էլ Հայաստանի ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակչության կողմից ամենասիրվածներն են։
Հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններից մեկն էլ նրա բարձր համեմվածությունն է և կծվությունը։ Որպես համեմունք գործածում են տաքդեղ, սխտոր, քեմոն և զանազան համեմունքային կանաչիներ։ Պետք է ենթադրել, որ հայերի սննդի այդ առանձնահատկությունը պայմանավորվում է կլիմայական պայմաններով և այն բազմապիսի լեռնային բուսականությամբ, որը արևելյան խոհանոցներին, այդ թվում նաև հայկականին, տալիս է զանազան եթերաբեր նյութեր։
V դարի պատմագիր և փիլիսոփա Դավիթ Անհաղթը հիշատակում է հայերի մոտ սև և սպիտակ պղպեղ գործածելու սովորության մասին։ Պատմագիր Մաթևոսը (IX դար) հաղորդում է դաղձ, չաման/քեմոն, սոխ, սխտոր և այլ բույսեր գործածելու մասին։
Հայերի սնունդի մյուս բնորոշ առանձնահատկությունն այն է, որ սննդի մեջ շատ կերակրաաղ է գործածվում։ Այս բնորոշ տրադիցիան ևս իր խոր պատմական արմատներն ունի։ Աղը մարդկանց սննդի համար կենսականորեն այնքան անհրաժեշտ ամոքանք է եղել, որ հին դարերում այն որոշ առումով նույնիսկ երկրպագում էին։
Կասկած չկա, որ հայ ժողովրդի սննդի այդ առանձնահատկությունը նույնպես սերտորեն կապված է կլիմայական պայմանների հետ։
Երաժշտություն, երգ, պար
Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։ Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։ Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։ Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։
Հայ եկեղեցական երաժշտության զարգացմանը նպաստեց 406 թ-ին հայկական այբուբենի ստեղծումը։ Վարդապետարաններում (հայկական դպրոցներում, որոնք, ինչպես հայտնում է Մովսես Խորենացին, առաջին անգամ հիմնադրում է Մեսրոպ Մաշտոցը), ուսուցանվում են երաժշտություն և երգ։
Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։
Հայկական արվեստ
Հայկական արվեստ, վերջին հինգ հազարամյակում ձևավորված արվեստի եզակի ձև, որի ընթացքում հայ ժողովուրդն ապրել է Հայկական լեռնաշխարհում։ Հայկական արվեստում գերիշխել են ճարտարապետությունն ու մանրանկարչությունը և դարեր շարունակ զարգացել են։ Հայկական արվեստը ներառում է քանդակ, որմնանկար, խճանկար, խեցեգործություն, մետաղից պատրաստված իրեր, փորագրություն և տեքստիլ, հատկապես հայկական գորգեր։
Նախնադարյան Հայաստանը Ուրարտուի մշակույթի հայրենիքն է եղել երկաթի դարում, որը ուշագրավ է իր վաղ մետաղական քանդակներով, դրանք հաճախ լինում էին կենդանիներ։ Այս տարածաշրջանը, ինչպես և ավելի ուշ, հաճախ վիճարկվել է Պարսկաստանի, Միջագետքի և Անատոլիայի հարևան շրջանները տիրապետող խոշոր կայսրությունների կողմից, նրանք բոլորը զգալի ազդեցություն են ունեցել հայկական արվեստի վրա։ Հայերը շատ վաղ են ընդունել քրիստոնեությունը և զարգացրել արևելաքրիստոնեական արվեստի իրենց սեփական տարբերակը՝ լայնորեն օգտագործելով սրբապատկերներ, հայկական գրքերի մանրանկարներ և իրենց եկեղեցիների ու վանքերի շատ ինքնատիպ ճարտարապետությունը։
Հայերը մասնագիտացել են դեկորատիվ կիրառական արվեստում, ինչպիսին է գորգագործությունը։
Հայկական արվեստի ուսումնասիրությունը սկսվել է 20-րդ դարի սկզբին։ Հայկական արվեստի ականավոր գիտնականներ են եղել կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը և պրոֆեսոր Սիրարփի Տեր-Ներսիսյանը։ 20-րդ դարի վերջին Ժան-Միշել Թիերին և պրոֆեսոր Դիկրան Քույմջյան դարձել են հայկական արվեստի նշանավոր գիտնականներ։