
Շիրակ աշխարհի գեղատեսիլ Սառնաղբյուրը` Արագածին հենված, նրա նման առնական ու գեղեցիկ, նրա նման տեսանելի ու գրավիչ` դարեր ի վեր բնական ձգողական ուժով լեցուն, ինչպես բնիկների` հայերի, այնպես էլ, ցավոք, ասպատակողների համար:
Հայկական աշխարհի այս գողտրիկ անկյունը նման է մի ձեռքի ափի, որի հարթ տարածքները հարուստ են լեռնային բուսական աշխարհի բազմազանությամբ, իսկ ափը եզրափակող լեռներն իրենց վեհությամբ ու ամրությամբ կարծես սերված լինեն բնիկ հայերից…
Այս հրաշք բնակավայրը՝ Սառնաղբյուրը, գտնվում է ՀՀ Շիրակի մարզի հարավարևելյան մասում,ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա։ Գյուղն ունի գեղատեսիլ դիրք,ամառանոցային կլիմա և խմելու սառնորակ ջուր։Առանձնատները քարաշեն են ու հարմարավետ։
Նախկինում այն մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Շիրակ գավառի,իսկ հետագայում՝ Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ։
Սառնաղբյուրի անվանացանկում կարելի է հիշատակել Գյոդիքենդի,Ուռենուտ,Սյոգութլի կամ Սոգթլու անունները։Սառնաղբյուրն ունի շուրջ 3500 բնակչություն,որոնցից շատերի նախնիները այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի,Կարսի,Բասենի և Մուշի շրջանի գյուղերից 1828-1829թթ.։
Գյուղը հայտնի է իր հերոսական ինքնապաշտպանությունով՝ 1918թ մայիսի 18- 24-ն ընկած ժամանակահտվածում։Այս դեպքերի վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ։Ի դեպ պետք է փաստել,որ գյուղացիները բավականին լուրջ դիմադրություն են ցույց տվել թուրքական ջարդարարներին։
Սառնաղբյուրը բացի լեռներից ու բազմաթիվ սառնորակ ինքնահոս աղբյուրներից,հայտնի է նաև թոնրագործ վարպետներով։Գյուղացիների մի մասը արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ, իսկ մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ,հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։Գյուղն ունի արհեստական ջրամբար, որը ոռոգում է Անիի տարածքի 1000 հեկտար հողատարածություն։
Սառնաղբյուրը հայտնի է նաև քրիստոնեական մի շարք գործող կոթողներով։Գյուղի կենտրոնում վեհ բազմած է սրբատաշ կարմրավուն տուֆով կառուցված Սբ.ԹԱԴԵՈՍ եռանավ բագիլիկ եկեղեցին (կառ.1883թ.)։Մյուս եկեղեցին՝ Սբ. ՀԱԿՈԲ -ը կիսավեր է (կառ.5-6րդ դդ.)։Սառնաղբյուրի մոտ է գտնվում նաև ՀՈԳԵՎԱՆՔ վանքը (5-13րդ դդ.)
և իհարկե Սբ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ուխտատեղին։
Վերջինս գտնվում է մեծ քարայրի մեջ,որտեղից բխում է հորդառատ և բուժիչ ջուրը։Շատ հիվանդներ հավատով գալիս են այստեղ աղոթելու և բժշկվելու։
Այստեղ են ծնվել բանաստեղծ Արշալույս Սարոյանը,ակադեմիկոս և քանդակագործ Գուրգեն Սահակյանը,Նախկին շրջկոմի քարտուղար Ռուդիկ Գևորգյանը,պատմաբան-աշխարհագրագետ Խաչիկ Սարգսյանը և բազմաթիվ այլ գիտական և քաղաքական գործիչներ։