Գյումրին բնակավայր է եղել անհիշելի ժամանակներից։ Դրա վառ ապացույցներն են տարածքում մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար հայտնաբերված հուշարձանները։


Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։
Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թվականներին արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։ Հավելենք նաև, որ Կումայրի -գրաբարով նշանակում է Շտեմարան։


Պատմական տարբեր ժամանակներում բնակավայրը կրել է տարբեր անուններ։ Ամենահին աղբյուրը, որ թվագրված է Ք.Ա. VIII դարով, այն հիշատակում է Կումայրի անունով։ Փաստորեն շուրջ 16 դար բնակավայրը հայտնի է եղել այս անվանումով։ Հետո երկար ժամանակ տեղեկություններ չկան, որից հետո սկսում է հիշատակվել «Գումիրի», «Գումրի», «Գյումրի» և այլ տարբերակներով, մինչև 1837 թվականը, երբ վերանվանվեց Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ Ռուսաց ցար Նիկոլայ Ա-ի կնոջ՝ Ալեքսանդրիայի։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից մի քանի տարի հետո՝ 1924 թվականին քաղաքը կոչվեց Լենինական՝ Վ.Ի Լենինի անունով։ Հայաստանի անկախացումից հետո 1991 թվականին շատ կարճ ժամանակով վերականգնվեց քաղաքի հնագույն Կումայրի անունը, որից հետո 1992-ին կրկին հաստատվեց միջին դարերից հայտնի Գյումրի տարբերակը։


1988 թ. աղետալի երկրաշարժը հիմնովին քայքայել էր Գյումրիի տնտեսությունը։ Փակվեցին կամ իրենց գործնեությունը գրեթե դադարեցրեցին քաղաքի բոլոր գործարանները։ Շատ նախկին բանվորներ մնացին անգործության մատնված և քաղաքն աստիճանաբար վերածվեծ շուկայական մեծ քաղաքի։ 1995 թ. դրությամբ քաղաքում 3 խոշոր շուկաներ կային, որոնցից մեկը ստեղծվեց նախկին սառանարանի գործարանի, իսկ մյուսը՝ նախկին միկրոշարժիչների գործարանի դիմաց՝ ավտոկայան տանող ճանապարհին։ Քաղաքի վերականգնման աշխատանքները բավականին դանդաղ էին ընթանում, քանի որ շենքերը հիմնականում վերականգնվում էին հայազգի բարերարների տրված գումարների հաշվին։ Այսօր Գյումրին գրեթե զուրկ է ավերակներից, քաղաքը բարեկարգվել է, վերանորոգվել և հիմա աշխատում է Գյումրու Կինոհոկտեմբերը։ Քաղաքի նախկին Կիրովի փողոցը բարեկարգվել է և անվանափոխվել Ռիժկովի ճեմափողոց։ Կառուցվել է Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը, որը գտնվում է Վարդանանց հրապարակում։ Վերականգնվել են քաղաքի գլխավոր փողոցները։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ