Գրիշ Դավթյան – «Գույնի մատիտներ»

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ԳՈՒՅՆԻ ՄԱՏԻՏՆԵՐ

Մեր պարտեզի երփներանգ ծաղիկների գույներն եք,
Որ արեվն է ներկել ձեզ իմ իղձերի ցոլքերով,
Թիթեռները հույսերիս թեվածում են սիրահեվք
Ձեր գույներով զուգվելու երջանկությամբ ու խինդով։

Այժմ տենչում եմ, որ կյանքս ներկեք սիրո հրաշքով,
Լցնեք սիրտս կենսաբուխ նրա սրտի ջերմությամբ,
Սերերի մեջ իմ փնտրած հաղորդության նշխարքով,
Ու խաղողի քաղցրության անխառն հյութի արբությամբ։

Եվ ուզում եմ, որ ներկեք կյանքիս ճամփեն կանաչով,
Վարդագույնով գալիքի հորիզոնը ճառագի,
Իսկ տարածքները ներկեք շուտ հասնելու կարճույթով,
Ու եզրերի պերճաշուք ճոխ ծոպերով արծաթի։

Իմ ուզածները գույնեք որպես արդեն ունեցած,
Ընկերներիս հաստատեք անկեղծության որակով,
Գծագրեք կերպերը նվիրությամբ քանդակված,
Փոխօգնության անկաշառ պատրաստակամ խնամքով։

Համբերությունս հողի գույն արեք հանց հողեղեն,
Արցունքներս դուք ներկեք ուրախության երփներով,
Չտեսնելու անգույնով՝ չուզածներս չհիշեմ,
Որ չեմ պահում նույն ծալքում ուր շարված եք գույներով։

Իմ գունավոր մատիտներ, իմ արյամբ եմ ձեզ ներկում,
Յոթ գույներով ճառագող, տարիքովս խելահաս,
Պահում եմ իմ դպրոցի նկարչության տետրակում,
Ուր մտքերս եմ խզմզել, հասել ահա այս օրվաս։

*****

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ՄԱՆՈՒՇԱԳՈՒՅՆ ԹԵՐԹԵՐ

Մանուշագույն թերթերով նա մի ծաղիկ է դալար,
Նա մի աղջիկ է քնքուշ, մանուշակի պես բուրյան,
Նրա մեղրոտ շուրթերին սրտի խոսքեր սիրահար,
Ու մեղրագույմ աչքերում երազներ կան աննման։

Նա եկել է հայրենի հեռուների կարոտով,
Ու ծվարել իմ սրտի ջերմ խորքերում սերերիս,
Մանուշակի թերթեր է սփռում վրաս հոգեթով,
Եվ հեքիաթներ է պատմում, որ սիրելի են սրտիս։

Պատանության արեվով բացվող մի օր է եղել,
Պարտեզի մեջ թափառող մեն պարանի մի խնդուն,
Թիթեռներ է որսացել, գույներով է հմայվել,
Եվ ինչ որ բան զգացել սրտում պահել է թաքուն։

Ու հուշերում իր վառման պահել է ցոլքը աչքի,
Որ դիպել է ու խանձվել այն աղջկա հայացքով…
Որ թիթեռի թեվերով թրթռում է առաջին,
Բայց բռնել չի կարենում իր դողացող մատմերով։

Հիացումի ու սիրո սարսուռով եմ սրսըփում,
Փշաքաղվում եմ ամբողջ պարման սիրով հնօրյա…
Նա մի աղջիկ է քնքուշ, մանուշակի պես բուրում,
Մանուշագույն թերթեր է նա շաղ տալիս իմ վրա։

*****

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ԸՆԴԴԵՄ ՎԱՏԻ

Փսփսում են քամիները բամբասանքի ու դավի
Արձագանքում չար ու չարքին ժամանակի թունալից,
Որ վատ այլոց վիժվածքներ են ներթափանցված ազգի մեջ
Եվ ժահում են հոտած արյան մահահոտով սնամեջ։

Մենք տոգորված մեր ազգային նպատակով սրբազան
Չենք վարակվի ոսոխների մանրեներից աղբազան,
Կշեփորենք ազատության մեր հիմներգը օրհնալի
Վասն կյանքի ու գալիքի նվիրումի ցնծալի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ