Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թվականի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում:Նա կյանքի մեծ մասն անց է կացրել Վանա լճի հարավային ափին գտնվող Նարեկավանքում,ըստ այդմ էլ ՝ կոչվել Նարեկացի:
Շատ քիչ բան է հայտնի Գրիգոր Նարեկացու կենսագրությունից:Նրա հայրը՝ Խոսրով Անձևացին,եղել է ժամանակի ուսյալ հոգևորականներից ու մատենագիրներից մեկը:
Գրիգոր Նարեկացին հիմնավոր կրթություն է ստացել Նարեկավանքի հիմնադիր և առաջնորդ Անանիա Նարեկացու մոտ,որը բանաստեղծի մոր հորեղբայրն էր:Վերջինս գրել է ճառեր,մեկնություններ:Որպես մանկավարժ ՝մեծ տեղ է հատկացրել գրականությանն ու երգեցողությանը՝ նպաստելով իր սանի բանաստեղծական տաղանդի ձևավորմանը:Բարձր գնահատելով իր ուսուցչին՝ Գրիգոր Նարեկացին նրան անվանել է «հոգեզարդ և մտավարժ փիլիսոփա»:
Կրթություն ստանալուց հետո Գրիգորը նույն վանքում դարձել է վանական,ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով :Նա ապրել է մաքրակենցաղ ճգնավորի վարքով, հոգևոր ու մտավոր տքնությամբ հասել գիտական ու բարոյական կատարելության:
Իր հոր և ուսուցչի նման Գրիգոր Նարեկացին էլ ,իբրև լուսավոր անհատ,հալածվել է,համարվել թոնդրակեցիների աղանդին հետևող:Բանաստեղծի հայրն այս պատճառով զրկվել է պաշտոնից,իսկ Անանիա Նարեկացին ստիպված գրել է իր անմեղությունն ապացուցող գործեր:Գրիգոր Նարեկացին էլ գրել է մի թուղթ,որտեղ դատապարտել է թոնդրակեցիներին:
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին:Նարեկավանքում կա մի գմբեթազարդ մատուռ-դամբարան,որտեղ հանգչում է հանճարեղ բանաստեղծի աճյունը:Այդ մատուռը դարեր շարունակ եղել է սրբազան ուխտատեղի:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ