
Գոռավան գյուղը գտնվում է Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի գետի ձախ ափին, Արարատյան դաշտում, հեռավորությունը մարզկենտրոն Արտաշատից՝ 19 կմ հվ-արլ,ծովի մակարդակից 925 մ բարձրության վրա։
Պատմություն
Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանը, գյուղի մոտակայքում արաբական զավթիչների զորախմբի հետ ճակատամարտում մեծ հաղթանակ է տանում։ Ժողովուրդը, ի հարգանս այդ ավանդության, գյուղն անվանում է Գոռ իշխանի անունով։ Գոռավանը հիմնադրվել է 1831 թվականին։
Բնակչությունը գաղթել է Մուշի, Շատախի և Վանի գյուղերից 1914-1927 թթ.։ 1951-1970 թթ. այստեղ են հաստատվել Նախիջևանի Հանրապետության և Հայաստանի` Մարտունու, Սիսիանի, Կամոյի շրջաններից։ Նախկինում ունեցել է Գյորովան, Ենիքենդ, Կորովան անվանումները։ Անունը ստացել է պատմական Գոռովանի անունով, հետագայում կոչվել է Գորովան, այժմ կրկին Գոռավան։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։ 1968 թվականից վերանվանվել է Գոռավան։
Բնակչություն
Գյուղի բնակչությունը ըստ տարիների բաշխվում է հետևյալ կերպ՝
1. 1831 թվական – 59
2. 1897 թվական – 330
3. 1926 թվական – 548
4. 1939 թվական – 851
5. 1959 թվական – 801
6. 1970 թվական – 1277
7. 1979 թվական – 1703
8. 2001 թվական – 2470
9. 2004 թվական – 2458
10․ 2011 թվական – 2910
Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 52%, կանայք` 48%:
Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 40%, աշխատունակները` 50%, հետաշխատունակները` 10%:
Կլիմա
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Տնտեսություն
Գյուղն ունի առկա 749 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 90%։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 390 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև ծխախոտ, հացահատիկ։ Պահուստային հողերը օգտագործվում են որպես խոտհարքեր և արոտավայրեր, համապատասխանաբար կազմելով 13 և 628 հեկտար։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Կրթություն
Համայնքը ունի ընդհանուր հիմնական դպրոց , կառուցվել է 1970-ական թվականներին, որը կոսմետիկ վերանորոգվել է, տանիքը հիմնովին վերանորոգվել է պետական բյուջեի միջոցների հաշվին : Դպրոցի շենքը կարիք ունի հին պատուհանները նորերով փոխարինման : Դպրոցն ունի սանհանգույց, կոյուղի , գազաֆիկացված է : Դպրոցի տարածքը՝ 1, 46 հա : Համայնքի աշակերտների թիվը 358, ուսուցիչների թիվը 45 է , որից մանկավարժներ` 29 : 2017թ.-ի սեպտեմբերի 1-ից դպրոցում բացվել է նաև նախակրթարան: Դպրոցը չունի ազատ տարածքներ՝ այլ ծրագրեր իրականացնելու համար։
Համայնքի մանկապարտեզ
Գոռավանի մանկապարտեզը գործում է 2007թ.-ի մայիսի 12-ից: Մանկապարտեզ հաճախում են 90 երեխա և ունի 14 աշխատող: Շենքային պայմանները բավարար վիճակում են:
Մշակույթ
Գյուղն ունի մշակույթի տուն,որը կարիք ունի վերանորոգման : Այնտեղ գործում են պարի և կարատեի խմբակներ: Համայնքն ունի ֆուտբոլի դաշտ, որը ցանկապատվել է 2018թ-ին:
Համայնքի գրադարանը ունի 4321 միավոր գիրք , որը ևս տեղակայված է մշակույթի տան շենքում:

Հուշարձան Արցախյան ազատամարտիկներին, Գոռավան
Ենթակառուցվածքներ
Համայնքում ոռոգման ջրի անբավարար քանակի պատճառով հողագործությամբ զբաղվելու անհեռանկարայնությունը վտանգում է գյուղատնտեսության այդ ճյուղի զարգացումը: Նախատեսվում է 2019-2021թթ.-ին ոռոգման ցանցի գյուղամիջյան ջրատարների կիսախողովակների տեղադրում:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 10 մլն դրամ, որից համայնքը կկարողանա տրամադրել 3 մլն դրամը:
Գոռավան համայնքը գտնվում է Արարատի ցեմենտի գործարանի հարևանությամբ, ինչի հետևանքով համայնքն ունի օդի աղտոտվածության խնդիր: Գործարանից արտանետված նյութերը մեծ վտանգ են հասցնում ինչպես մարդկանց առողջությանը, այնպես էլ բուսականության և կենդանական աշխարհին։
Ներհամայնքային ճանապարհների մոտ 60%-ը խճապատված են , կարիք ունեն մշտական նորոգումների: 2019 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառավարության և համայնքապետարանի միջոցներով ասֆալտապատվեց դեպի դպրոց տանող ճանապարհը, ինչպես նաև աղացած ասֆալտով բարեկարգվեցին աղբից մաքրված փողոցները։
Մշակույթի տան պատուհանների փոխարինումը նախատեսվել է 2020-2021թ.-ին համայնքային բյուջեի միջոցներով /3 մլն. դրամ/:
Համայնքն ունի այգի, որը 2019թ.-ին /8 մլն. դրամ/ որի կառուցումը սկսվել է 2019 թվականին կառավարության կողմից հովանավորվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Նախատեսվում է կառուցել մանուկների և ծերերի համար ժամանցի արժանավայել անցկացման վայր: Այգու տարածքի կառուցման ծրագրի հիմնական նպատակն է բնակիչների համար ստեղծել 21-րդ դարին համահունչ ոճային և թեմատիկ հարուստ լուծումներով մի վայր՝ բոլոր տարիքային խմբերի համար, որտեղ միաձուլված են լինելու հանգստի, ժամանցի բոլոր տարրերը: Այգում կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղահրապարակներ, տարեցների տաղավար՝ նարդի, շաշկի, շախմատ և այլ խաղեր խաղալու համար, նստարաններ, ցայտաղբյուրներ: Այժմ շինարարական աշխատանքները կատարված են, շուտով կկատարվեն նաև հողահարթեցման և կանաչապատման աշխատանքներ։
Կենսաբազմազանությունը
Գոռավան համայնքի տարածքն ունի չգործածվող հարստություն: Դա նրա կենսաբազմազանությունն է:

Astragalus paradoxus – բույսը գրանցված է Կարմիր գրքում

Astragalus paradoxus
Գոռավանի ավազուտները վայրի բույսերի ու կենդանիների անկրկնելի մի համակեցության տունն է: Կենդանաբաններն ու բուսաբանները ճանաչում են այս տեղամասը, որպես Հայաստանի ու Արաքս գետի հովտի ավազուտային կիսաանապատային կենսաբազմազանության վերջին բնօրրան, որը մեր՝ հայերիս ազգային հարստությունն է: Ըստ 1996-2007թթ. կատարված դաշտային հետազոտական աշխատանքների, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում ու դրանց շրջապատող ժայռոտ լանջերի վրա գրանցված են շուրջ 160 տեսակի վայրի բույսեր, 34 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, ինչպես նաև բազմաթիվ սնկեր, քարաքոսեր ու անողնաշարավոր կենդանիներ, որոնք դեռ լիովին ուսումնասիրված չեն: Այս տեսակներից շատերը Հայաստանում հանդիպում են միայն «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում, ու որպես հազվագյուտ, վտանգված կամ անհետացող տեսակներ գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր Գրքում, ու ըստ ՀՀ օրենսդրութան պետք է լինեն հատուկ պահպանման ենթակա: Բույսերի ու կենդանիների պահպանությունը մեր բոլորիս ազգային պարտականությունն է:

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ (Phrynocephalus horvathi)։ Այս մողեսը ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։
Դեռ ավելին, քանի որ «Գոռավանի ավազուտներ» արգելավայրը կտրվածեն հյուսիսարևելյան Թուրքիայի, հյուսիսարևմտյան Իրանի և հարավային Ադերբեջանի նմանատիպ կիսանապատներից, ու հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ավազուտային կիսանապատի վերջին ու ամենախոշոր մնացորդը, «Գոռավանի Ավազուտների» կենսաբազմազանության պահպանությունը ունի կարևոր տարածաշրջանային ու համաշխարհային նշանակություն: Արարատյան դաշտավայրում հազարամյակներով բնակվող մեր նախնիները թողել են մեզ այս բնական հարստությունը: Դրա շնորհիվ, այսօր մենք կարող ենք սովորել անապատային բույսերի ու կենդանիների մասին հենց մեր համայնքում ու մեր հանրապետությունում: Անապատային բույսերն ու կենդանիները հետաքրքիր են ոչ միայն իրենց յուրահատուկ կենսակերպերով ու չոր կլիմայական պայմաններում ապրելու զանազան ու դեռ լիովին չհասկացված հարմարություններով,այլև մի շարք դեռ չբացահայտված այլ կենսաբանական հատկություններով:

Գոռավանի ավազուտների կենդանիներից՝ Միջերկրածովային կրիա (Testudo graeca)։ Այս կրիան ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում
Նյութը պատրաստեց Հակոբ Փափազյանը։