Գոռ Մաթևոսյան – «Անվերնագիր»


Ընկել եմ անել մի թակարդ,

Ինձ զգում եմ անզոր զինապարտ,

Դժնի Տերը դարձրել է ինձ արդ

Ցնորված, վախկոտ, անհավատ։

Փակված եմ ընդմիշտ այս բանտում,

Մնացել եմ անհույս ու անտուն,

Սուրբ լույսն իմ առաջ չի բացում

Դռներն իր գալիք փրկության,

Այս մղձավանջից չկա արթնացում…

Ո՛չ այս կյանքն էր մի կյանք, ո՛չ այն…

Դարձյալ գրչածայրս արնոտ

Դիպչում է թղթին հարազատ,

Գուցե վիճակում իմ այս տոթ

Տողերս մնան անավարտ։

Բայց չէ՞ որ նրանք են միակ

Ցավերիս կրողն ու վկան։

Ողջ ուժով կողբան շարունակ

Մահվանս պահին վաղաժամ,

Ողբալով կպատմեն իմ մասին,

Թե ինչպես եմ թքել անընդհատ

Այս կյանքի անլվա երեսին,

Որ խլել է հավետ բարիք-բախտ։

…այդ օրը կլինի դառը մեգ,

Չորս պարոն՝ տխուր, գլխիկոր,

Կտանեն սմքած դիս առանց երգ

Դեպի բաղձալի խոր անդորր…

Ինձ սիրող, հարազատ մարդիկ հեգ

Դողալով, մտախոհ ու մոլոր

Կգան մոտ շիրիմիս մութ ու լերկ,

Կտեսնեն համբարձվող հոգիս մերկ,

Զարզանդով, սարսափով ահավոր

Փոսիս մեջ անհատակ, արնաներկ

Մի բուռ հող կլցնեն…լուռ… մեկ-մեկ

Եվ կհեռանան որպես սգավոր…

Տողերս կմնան խոցող հուշ,

Փաթաթված օրերին սգաշատ՝

Անձրևի պես կթափվեն անուժ

Ձեզ վրա, հետնորդնե՛ր անփարատ։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ