
Գոք Մնացականյան – «Հաղթեմ ինքս ինձ»
Ձեռնոց եմ նետել
Բոլոր ցավերին
Ու պիտի հաղթեմ,
Բայց նախ և առաջ՝
Հաղթեմ ինքս ինձ։
Մենք դարերից ենք
Դեռ մարտեր վարում՝
Ցավի ու վշտի,
Լացի ու գժտի,
Եվ նաև մարդու,
Մարդու նկատմամբ։
Ձեռնոց եմ նետել
Բոլոր վայերին,
Եվ պիտի’ ապրեմ,
Եվ պիտի’ ապրենք։
Ու պիտի ապրենք
Նորին ծնելով,
Ոչ թե մեռնելով։
Պիտի ամենքիս
Գլխում ու հոգում
Ծնվի գալիքը
Ու դառնա ներկա՝
Այժմ և հիմա,
Որ բեղմնավորվեց
Դեռ դարեր առաջ,
Ու երբեք պիտի,
Լսու’մ եք,
Պիտի
Երբեք չվիժի։
Առողջ արգանդ է
Ազգին հարկավոր։
Ձեռնոց եմ նետել
Բոլոր ցավերին
Ու պիտի հաղթեմ։
Պարտություն չկա,
Քանի դեռ հայ կա։
Ու քանի մայր կա,
Պիտի դեռ ծնվի,
Պիտի դեռ սնվի
Ազգը մեր հզոր՝
Ոգով հայերեն։
Ծնեցե’ք մայրեր,
Ոգի ու որդի։
Նետեցեք բոլոր
Ձեռնոցները ձեր
Բոլոր վշտերին,
Որպեսզի ապրենք
Ու չքչանանք։