Գոք Մնացականյան – «Աչքերով ենք խաբված… »

Աչքերով ենք խաբված…
Ու դեռ խաբվում ենք
Այնպե՜ս մանկական
Միամտությամբ,
Որ թվում է, թե պիտի կատարվեն
Մեր մտացածին երազանքները։
Խո՜ր մանկական սպասումն է
Մեր մեջ արթուն…
Ու քնած է, դե՜ռ քնած է,
Իրականության զգացումը մեր։
Իսկ երբ իրապես չեն կատարվում դրանք,
Լաց-ղողանջը մանկան,
Դադարում է միայն
Խոստումով մի նոր։
Խաբվում ենք այսպես,
Դարերով ենք խաբվում,
Բայց էլի մնում ենք
Միամիտ մի մանուկ։
Աչքերով ենք խաբվում.
Ու հավատում ենք մեր ականջների
Հատարմությանը,
Թե մեր լսածը բարության կոչ է,
Խաղաղության ձայն,
Համազգային անդորր։
Համամարդկային բարձր բեմերից ու ամբիոններից
Լսում ենք այդպես ու գրողը տանի,
Հավատում ենք նորից
Մեր ականջների հավատարմությանն
Ու մեր աչքերի վստահությանը։
Ու քանի դար է կամ քանի տարի՝
Մենք զրկված ենք
Մեր ականջներից
Ու մեր աչքերից
Ու հավատում ենք
Կույրերի նման ու խուլերի պե՜ս,
Հավատարմությանը տեսած-լսածի,
Ասած-չարվածի,
Չարվա՛ծի, բայց մե՜ծ ներկայացվածի
Այն ցնծությանը,
Որ եթե նույն այդ եռանդով փորձեինք
Ինչ-որ բան անել, մե՜ծ գործ կստացվեր։
Աչքերով ենք խաբված…
Մեր աչքերի այն իրական հետագծով
Պիտի նայենք այս աշխարհին,
Որ մաքրվեն մեր աչքերն ու ականջները
Խաբկանքներից «խաղաղության»։
Խաղաղությունը դա հակադարձն է
Համեմատական պատերազմների,
Ինչը կամովին չի տրվում և մեզ
Ուստի չի՛ տրվի,
Քանզի պետք է այն պահանջել ու
Միմիայն ուժի լեզվով։
Այդ հավաքական մշտական ուժի,
Ոչ միայն լեզվով,
Այլև ձեռքերով ու ատամներով
Պետք է պահանջել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ