
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը:
«Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր…»,- նշել է Միլիտոնյանը:
Բանաստեղծը նշել է նաև, որ Խորհրդային տարիներին էլ կար ծայրահեղություն, երբ մարդիկ իրենց տներում գրադարաններ էին ստեղծում և հաճախ չէին կարդում ունեցած գրքերը: Անկախության տարիներին գրքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, սակայն այսօր այն վերականգնվում է: Նրա գնահատմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հայ ժամանակակից գրողների շրջանում չկան արժանի ստեղծագործություններ:
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0