«Գինովցած մահ» – Ռաֆ Մար

Մեկ շիշ գինի և հաշիվը խնդրում եմ, ասացի ես նորից միայնակ նստած սրճարանի ամենավերջին սեղանի մոտ, այն սեղանի, որտեղ նստում էինք ու անվերջ խոսում, որտեղ մեր ձեռքերը սեղանը բաժանում էր հավասար մասերի, մենք լռում էինք, գինու մեջ թաղելով ինքներս մեզ,թաղում այն թախիծը, որը ինչ որ ժամանակ մեզ համար երջանկություն էր։ Ես նստած եմ լուռ, ու իմ դիմաց փորձում եմ պատկերել քեզ, որտե՞ղ ես հիմա, ու՞մ կողքին, ու՞մ ձեռքը ամուր բռնած, ո՞վ է հիմա քեզ ուղղում իր գինու բաժակն ու ասում սիրո խոսքեր դյութիչ։ Ես արբած քո սիրուց կորցրել եմ ինձ, նայում եմ շուրջս, չկաս, ժպտում եմ, սփոփում ինձ կիսաքաղցր գինու շշի մեջ։ Փշրվել են բաժակները, ու ես փորձում եմ հավաքել քո բաժակից մնացած փշրանքները, համբուրում եմ, ամուր սեղմում ափիս մեջ, բայց ցավ չեմ զգում, միայն արյունս է կաթիլ֊կաթիլ թափվում գետնին, ու էլի ես չեմ զգում ոչինչ։ Անզգայացել եմ… Անէացել… Ցավը կուրացրել է ներաշխարհս, սիրտս, միտքս, անզգայացել են զգայարաններս, ցավը դաջվել է կոպերիս։ Ծանր է ցավը, հեռացումդ, մոռացումդ, փակում եմ աչքերս, որ խաղաղվեմ, բայց դու ճկվում ես բիբերիս ու արցունքներս հոսում են աչքերիցս։ Կարմրել են, այնպես՝ ինչպես գինին, արբեցնող է սերդ, ինչպես՝ գինին, ափսոս է վերջանալը, ինչպես գինին է վերջանում շշերից ու դատարկվում։ Ես էլ եմ վերջանում, օր օրի կում֊կում խմում ես ինձնից իմ կյանքը, ինձ…ու ես էլի վերջանում եմ դառը գինու կորսված վերջաբանով… Մի կաթիլ է մնացել ինձնից… Վերջանում եմ… Ավարտս կնիքում ես…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ