
– Դու ՆՐԱՆ սիրու՞մ ես . . . , – վերջապես Մանէն, հարմար պահ գտնելով, թեթևակի կասկածով հարցրեց ընկերուհուն։
– Ինձ թվում էր՝ արդեն կռահել ես այդ հարցի պատասխանը։
Մանէն մի պահ լռեց, ճիշտ է, վստահ էր, որ գիտի պատասխանը, բայց, միևնույնն է, կուզեր Նարէից լսել։ Նա՝ ինքը, զգաց դա և հասկանալով, որ Մանէն որևէ պատասխանի է սպասում, վերջապես ասաց.
– Ես ՆՐԱՆ ատում էի։
* * *
Մանէն և Նարէն նստած էին սրճարանում։ Արդեն մի քանի ամիս իրար չէին տեսել։ Երկուսն էլ զբաղված էին ավարտական հարցերով։ Ավագ դպրոցն են ավարտում։ Ահա վերջապես հանդիպել են և . . .
* * *
– Ես ՆՐԱՆ ատում էի։
Մանէն ցնցվեց պատասխանից և ստիպեց սկսել սկզբից։ Ճիշտ է, մոտիկ ընկերուհիներ են, բայց Մանէն միայն վերջերս էր հաճախ լսում ՆՐԱ մասին, միայն մի քանի կցկտուր տեղեկություն ուներ և նկարն էր տեսել։ Ու չնայած, որ հստակ գիտեր հարցի պատասխանը, «ատում էի»-ից հետո ահա հարմար առիթ ստեղծվեց, և նա սիրով պետք է լսեր այդ հետաքրքիր սիրո կամ փաստորեն, դե երևի ատելությունից սիրո վերածված զգացմունքի պատմությունը։
* * *
– Մենք հանդիպել ենք հենց այս դպրոցում, որտեղ որ հիմա սովորում եմ, – ժպիտը դեմքին սկսեց Նարէն։
– Դե լա՜վ, – գլուխն օրորեց Մանէն, – այնպես հիացմունքով սկսեցիր. անցողիկ դպրոցական սեր է։
Նարէն քմծիծաղեց. պատասխանը չուշացավ.
– Սերը սեր է, անկախ նրանից հասունացել է մանկապարտեզում, թե համալսարանն ավարտելուց հետո։ Ամեն տարիքի սեր ունի իր յուրահատկությունը։ Սիրո բնույթը չպետք է քննարկման առարկա դառնա։ Ինչևէ, շարունակեմ. . .
Մանէն ուշադիր զննեց Նարէի դեմքն ու անհապաղ սպասում էր, բայց վերջինիս աչքերից պարզ էր դառնում, որ չգիտեր, թե ինչ պատմել, որը պատմել. . . Մեկ էլ ահա մանկահասակ երեխայի նման ուրախ տեղից վեր ցատկեց, աչքերը փայլեցին․
– Ես նոր էի տեղափոխվել այս դպրոց։ ՆԱ նստում էր . . . մեր շարքում։ Դասերի ժամանակ միշտ խանգարում էր, չէ՛, ինձ չէ, բոլորին, խոսում էր, ծիծաղում, ուսուցիչներին բարկացնում . . .
Մանէի դեմքին «հասկացա» ասող արտահայտություն ուրվագծվեց։ Նարէն սիրում է կարգապահություն, դասերի հանդեպ հետաքրքրասիրության ցուցաբերում, և Մանէին միանգամից հասկանալի դարձավ, ու նա բացականչեց.
– Եվ դու հենց դրա համար նրան ատու՜մ էիր։
– Սիրում եմ, որ կես խոսքից հասկանում ես ինձ։ Հետո, դե հետո . . .
Նորից սկսեց տատանվել ու մի պահ լռեց։ Երևի մտովի հայտնվեց դասարանում, լսեց նրա խանգարող ձայնը, հանկարծ ուշքի եկավ ու նորից դարձավ Մանէին։
– Մինչև դեկտեմբեր ատում էի, – դեմքի անհասկանալի արտահայտությամբ կտրուկ ասաց Նարէն։
Թեթև ժպտալով՝ Մանէն ասաց.
– Իսկ հունվարի՞ց սիրում։
Երկու ընկերուհիները նայեցին իրար, և նրանց կարճատև ծիծաղով լցվեց ամբողջ սրճարանը։

Նարէ և Մանէ
– Համարյա։ Նոր տարին էր մոտենում։ Ինչպես շատ դասարաններ, մենք ևս որոշել էինք Նոր տարվա հայտնի խաղը խաղալ։ Ու երբ վիճակահանություն արեցինք, և իմացա, թե ում եմ նվեր գնելու, ինչ-որ բան խառնվեց մեջս, ու մի պահ հանկարծ հասկացա, որ սրտովս չի, կուզեի, որ . . .
– ՆՐԱ համար գնեիր քո փոքրիկ, բայց արդեն մեծ սրտով ընտրվելիք նվերը։
Նարէն ուշադիր նայեց ընկերուհու աչքերի մեջ, և թեթև ժպիտ անցավ դեմքի վրայով։ Ամեն ինչ ճիշտ էր։
– Նոր տարուց հետո ամեն ինչ փոխվեց։ Ատելությունն ինքնըստինքյան մնաց հին տարում, ու նոր տարին սեր բերեց։
– Ա՜խ, Նա՜ր, այդպես փիլիսոփայաբար մի ասա։
– Իսկ ինչու՞։ Ինչու՞ չասեմ, որ ատել եմ կամ չեմ սիրել, սակայն ժամանակն այնքան բան է փոխել։ Ժամանակի դեմ, այո՛, բոլորն անզոր են։ Ու ես ինքս եմ զգացել։ Երբ արդեն զգում էի, որ էլ առաջվա կարծիքը չունեմ նրա մասին, անընդհատ ժողովրդական խոսքն էի հիշում. «Շատ մի ատիր, սիրել կա . . . »։
– Բայց նաև «Շատ մի սիրիր, ատել կա» , – շտապ ընդհատեց Մանէն ու սուր հայացքով նայեց։ Նարէն հենց նույն հայացքով շտապ պատասխանեց։ Ուղիղ երկու վայրկյան անց նորից ծիծաղ լսվեց նրանց սեղանի կողմից։
Այսպես, ուրախ-զվարթ, մերթ իրար վրա ջղայնանալով, մերթ իրար հետ ծիծաղելով, խոսում էին երկու մտերիմ ընկերուհիներ։
* * *
Արդեն յոթ տարի է իրար ճանաչում են, բայց այդ յոթ տարուց միայն չորսն են, որ փաստում են նրանց ընկերությունը։ Ամուր, անկեղծ, հավատարմությամբ ու վստահությամբ լցված ընկերություն։ Ընկերություն, որ դեռ չորս տարվա պատմություն ունի, բայց մինչև կյանքի վերջ անշուշտ ձգվելու է։ Գաղտնիքներ ու ստեր չճանաչող, մաքուր սրտերով ձևավորած ընկերություն։
* * *
Նարէն պատմեց ավելին, քան պատկերացնում էր։ Դրվագներ, որոնք իր հիշողությունից թռել էին, բայց ՆՐԱ մասին պատմելիս վերակենդանանում և շունչ առնելով՝ դուրս էին ցայտում Նարէի շուրթերից։
Ամեն ինչ միայն ՆՐԱ մասին էր։
* * *
Գուցե ժամեր տևեց այդ խոսակցությունը, այդ հրճվանքն ու սիրով լցված հոգին, որը Նարէն դնում էր իր ամեն բառի, ամեն ժեստի ու ամեն ժպիտի մեջ. . .
* * *
Մանէն շատ ուշադիր հետևում էր Նարէին ու նրա յուրաքանչյուր հայացքից կարդում միայն « Ես ատում էի, իսկ հիմա սիրում եմ ՆՐԱՆ » արտահայտությունը։ Հանկարծ Մանէն նկատեց Նարէի հայացքի կտրուկ փոփոխություն, մի կետի վրա անընդհատ նայելու ցանկություն։ ԴԱ անմիջապես Մանէի հետևում էր կանգնած կամ դրված կամ տեղի ունենում։ Մանէն որոշեց շտապ թեքվել և ետ նայել, բայց, Նարէի աչքերի ասածն ընկալելով, շատ հանդարտ պտտվեց և փորձեց գտնել Նարէին մի պահ շոկի հասցրածը։ Մանէն մի որոշ ժամանակ նայեց։ Նրա աչքից չվրիպեցին սրճարան հենց նոր մտած և դռան մոտ իրենց հազիվ ոտքի վրա պահող տղաներին։ Նայեց նրանց, կտրուկ նայեց Նարէին.
– Հասկացա, – ասաց Մանէն։
ՆԱ տղաներից մեկն էր։ Նարէի դեմքից հեռացավ անտարբերությունը և փոխարինվեց զզվանքով, զայրույթով, նա այնպիսի զգացողությամբ լցվեց, որ, եթե Մանէն չասեր «Նա՛ր», գուցե Նարէն մի քանի քայլով հասներ նրանց և . . .
– Նա՛ր, – նորից դիմեց Մանէն, այս անգամ կարծես զարմացած, – պատմածդ մի բան ինձ ասաց, գիտե՞ս։
Նարէն մի հայացք գցեց Մանէի վրա. աչքը չէր կտրում տղաներից։ Հայացքով ուղեկցեց մինչև սեղան։ Նրանք հարբած էին, այնքան, ինչքան ոչ ոք չի հարբում։ Նրանք, հարբած, անմիտ մտքեր թափելով, շռայլելով գումարներն այստեղ-այնտեղ, թափառում էին քաղաքի ռեստորաններով ու սրճարաններով։ Հերթն այս մեկինն էր։
– Նա՛ր, – ձայնը բարձրացրեց Մանէն, որպեսզի շեղի ընկերուհու ուշադրությունը։
Նարէն, սթափվելով նրա ձայնից, անմեղ հայացքով նայեց Մանէին։
– Երբ դեռ չէին մտել սրճարան, վստահ էի ու պատրաստվում էի ասել մի պարզ ճշմարտություն, բայց հիմա չգիտեմ, վախենում եմ. . ., – խոսքը չհասցրեց ավարտել Մանէն։
– Ասա՛, – արցունքները զսպելով՝ ասաց։
– Ատելությունից գեթ մեկ քա՞յլ էր դեպի սեր, – խզվեց Մանէի ձայնը։
– Սիրուց էլ մեկ քայլ դեպի իսկական հիասթափություն, – գլխով «այո» ասելով՝ Մանէի միտքն ավարտեց Նարէն։
Ստեղծագործության հեղինակ՝ Նարէ Կոմիտասի
Հոդվածի հեղինակ ՝ Գոհար Հայրապետյան