Գեղամ Բիջոյան – «Ես յուրացրել էի մի պարզ ճշմարտություն»

Ես յուրացրել էի մի պարզ ճշմարտություն.
֊Գիտես կյանքում չի կարելի վստահել ոչ մեկի։
֊Ի՞նչ ես ասում։ Եթե ես քեզ չվստահեի, հիմա մենք միասին չէինք լինի։ Իսկ կյանքում, ով չի սկսում, չի վերջացնում։ Ով չի փորձում, չի հաջողում։ Իսկ պարտված լինելն այնքան հեշտ է։ Դե.. հա բոլորս ենք, ի վերջո, դատապարտված պարտվելու, բայց մարդկային պարզ հարաբերություններում էլ հաղթողներ կան։ Ու հաղթում են նրանք` ովքեր փորձում են, ովքեր սիրում ու հավատում են։
Դու հաղթեցիր ինձ, դու սիրում էիր ինձ և հավատում, ես պատճառ չունեի քեզ չվստահելու։ Կամ, ես էլ ուզում էի հաղթել։ Ես էլ ուզում էի խաբվել։
Սակայն ամեն ինչ այսքան հեշտ չէր։ Հեշտ չէր, բայց ակնհայտ էլ չէր։ Հա’, ես էլ, փորձեցի, փորձեցի և հաղթեցի։ Ու թեկուզ հաղթած, բայց խաղից դուրս եկա խաբված։
Բայց ի՞նչ խաբեություն կար, որ չէր երևում։ Չէ՞ որ մենք սիրում էինք իրար և, ըստ էության, երկուսս էլ հաղթող էինք։
Այնուամենայնիվ, չի կարելի հաղթել և մնալ մենակ։ Չի կարելի հաղթել և շարունակ փնտրել նրան, ով արդեն չկա։ Փնտրել դատարկ քաղաքում, որ ծփում է մարդկանց հոծ բազմությամբ և լիքն է դատարկության կեղեքիչ զգացումով։
Պարզվում է` այս ամենը ունի մի շատ պարզ պատճառ, բացատրություն և արդարացում` կյանք։ Կյանք, որում իրականանում են մարդկանց երևակայության մեջ մտնող և մարդկանց երևակայության ու պատկերացումների մեջ չմտնող երևույթներ, իրադարձություններ։ Իսկ վերջը՞։ Վերջը պարզ է։ Վերջում բոլորիս էլ նույնն է սպասվում։ Բացասական ինչ֊որ բան։ Ոնց կուզեք անվանեք ու կոչեք դրան. մահ, պարտություն, վերջ։ Հետաքրքիրը, սիրունը, հավեսը, վատը, չարը և դաժանը այդ ընթացքի մեջ են տեղավորված, և դրանք պետք է հասցնել ապրել։ Ապրել կյանքը, սիրունը, հավեսը, վատը, չարը և դաժանը։ Ուղղակի ապրել, սիրել և հավատալ։

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ