
Մանկությունն ուրիշ աշխարհ է:
Այնտեղ դու ես,քո հայրական տունն է ու քո մանկության բոլոր հուշերը:
Մանկությունն ինքնին ազատություն է…
Թևեր է տալիս ճախրելու, անել այն ինչ ուզում ես՝ չպարտադրված, չմտածված…
Ոչինչ,որ հետո հեծանիվից վայր ընկնելիս ոտքդ ու ձեռքդ կցավեն,որ վերք կգոյանա ու արյուն կգա և ակամայից մայրդ դուրս կթռչի տանից ,աչքերը կլցնի վերքդ տեսնելիս:
Դու լաց կլինես զրնգուն ձայնով:
Քեզ մայրդ կգրկի և տուն կտանի,վերքդ կմշակի ու պինդ կգրկի: Քնելուց հետո քեզ տաք կծածկի,ու հետո թաքուն մի լավ կլացի,որ սիրտը մի լավ դատարկի:
Հիմա ես մեծ եմ՝ ուսանող աղջիկ…
Գնում եմ դասի՝կոկիկ հագնված, միշտ հարդարված ու միշտ խնամված:
Տուն եմ գալիս թե չէ՝ սեղանը գցած, սիրելի ուտեստս նորից պատրաստված,անգամ քաղցրավենիքս է իր տեղում,որ ճաշից հետո պառկեմ բազմոցին սուրճիս հետ վայելեմ կրկին:
Անցավ 4 տարի, ես աշխատում եմ,գործավար եմ արդեն: Ինձ հարիր կեցվածքով, խիստ պահվածքով,բարի աչքերով՝ ճիշտ հորս նման:
Ու անգամ հիմա՝ տան ճամփան բռնած, ահավոր քաղցած ես տուն եմ շտապում,որ ուտեմ մորս ձեռքի «իման բայալդին», ու իմ մանկության «ոզնի» թխվածքով սուրճս վայելեմ:
Եվ ահա՝ես արդեն իմ իսկ ԸՆՏԱՆԻՔՆ ունեմ: Այն լրիվ այլ է,ուրիշ նիստ ու կացով, ուրիշ ադաթով:
Ինձ ընդունել են ժպտադեմ՝բոլորն անխտիր, բայց մի տեսակ խորթ է, քո մանկության տունը չէ սա: Քո մանկությունից ոչինչ չկա այստեղ…
Հիշում եմ ու զգում մորս պատրաստված ուտեստների ու թխվածքների բույրը շատ հաճախ: Հիշում եմ ամեն բան, ամեն անկյունը մեր տան ու կարոտով հիշում մանկությանս բոլոր խենթություններն ու չարաճճիությունները:
Յուրաքանչյուրն իր սրտում,իր հոգու խորքում պետք է ունենա որոշակի մանկություն, ու ես ունեմ այն բարեբախտաբար:
Այսօր ես առաջին անգամ պետք է այցելեմ իմ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ:
Մոտենալիս տանը սրտիս ասես մի քար ընկավ, ծանր էի շնչում, մանկության բոլոր հուշերը պտտվում էին շուրջս ու գլխապտույտ առաջացնում:
Իմ լավ հիշողությունները հայրական տանս հետ կապված դարձել էր ինձ համար տխրող հանգամանք: Երևի նրա համար,որ էլ չեմ վայելի այն, չեմ պառկի հանգիստ ու ազատ՝իմ սիրելի բազմոցին, այլ կնստեմ կաշկանդված ,ասես օտար լինեմ ու շուրջս կզննեմ օտարի հայացքով: Կհասկանամ,թե որքան նույնն է ու միաժամանակ օտար ինձ՝իմ մանկության տունը:
Հիմա ուսերս ծանրացել են, պարտավորվածությունն է մեծացել:
Իմ մանկության տանը ես ամենաուշն էի արթնանում ու մորս պատրաստած սուրճն էի վայելում՝արմավով ի դեպ:
Իսկ հիմա ես առաջինն եմ արթնանում ու հասկանում ,թե սուրճից առաջ կամ հետո ,որքան բան է արվում:
Եվ քանի,որ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՏ ՏԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՒՂՂԱԿԻ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ԼԱՎ ԲԱՆԵՐԸ ՀԻՇԵԼ, ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼՑՎԵԼ ՈՒ ԱՊՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՀԵՐՈՎ ԿՅԱՆՔԻ՝ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԳԱԼԻՔ ՕՐԵՐԻ: