
Գայա Ասոյան – «Եվ հիմա անասելի ցուրտ է»
Եվ հիմա անասելի ցուրտ է,
Երբ չկաս դու արդեն մեկ օր,
Արդեն մեկ ամիս,
Արդեն մեկ կյանք…
Եվ դժվար է, դժվար է տանել սպասումն այս, բայց իմանալ, որ այլևս չես գալու…
Եվ դժվար է, դժվար է սիրել քեզ, բայց իմանալ, որ այլևս սիրելի չեն աչքերս, որոնք քոնն էին այդքան, որոնք քեզնով էին այդքան…
Ես փակում եմ դուռը, սիրելիս, ու հավատում, որ դռան ետևում կփոշիանա չգալդ, ու դռնից դուրս կյանքը ծանր չի լինի առանց քեզ…
Եվ ծանր է, ծանր է առանց քեզ ապրել թեթև, ծիծաղել լիաթոք և չսպասել ոչ ոքին…
Եվ դժվար է, դժվար է գիշերները քնել` իմանալով, որ առավոտյան դու հինը չես լինելու, ու չես լինելու իմը,
Իմ հարազատը,
Իմ մոտը…
Եվ դու, որ այդքան հարազատ ես, չկաս արդեն մի կյանքի չափ, ու մեր միջև օտարության անդունդ կա, իմ հարազատ, իմ սիրելի…
Եվ դժվար է, ծանր է, ցուրտ է ապրել այս կյանքը, երբ դու օտար ես այդքան,
Երբ օտար են քո մատները, որոնք շոյել, շոյել են ինձ…
Եվ օտար է, օտար է քեզ համարել հարազատը իմ,
Երբ չկաս իմ օրերում,
Երբ սիրում ես կյանքն առանց ինձ…
23։52