Գայա Ասոյան – «Դու քաղաք էիր, որից մնացին փլատակներ, շենքեր, որոնք այլևս չունեն տանիք»

Դու քաղաք էիր, որից մնացին փլատակներ, շենքեր, որոնք այլևս չունեն տանիք…
Դու քաղաք էիր, որի ամեն քարը կորցնելիս կորցրի ինքս ինձ,
Ու դու քաղաք էիր, որտեղ կարող էի մոլորվել, որովհետև խրթին էին ճանապարհները,
Բայց հիմա, ների՛ր, ճանապարհ չկա` քո ներսում մոլորվելու…
Դու քաղաք էիր, որի մասին գրում ու ջնջում եմ,
Որին պահում եմ իմ ներսում
Ու սովորում սիրելիների մասին քիչ խոսել…
Դու քաղաք էիր` ամենասիրելի, ամենաապահով, որտեղ ապրելը վտանգավոր է այնքանով, որ հաջորդ առավոտյան ստիպված կլինենք հավաքել իրերը ու լքել…
Ես ասում եմ` դու քաղաք ԷԻՐ, ու չեմ ստում ինձ, որովհետև դու քաղաքից վերածվել ես փլատակների ու վառված տների…
Ու դու քաղաք էիր, որը կծնվի նորից,
Ու էլ ոչինչ քեզ չի դարձնի փլատակ…
Դու տուն էիր,
Դու տուն ես,
Որից հեռու եմ
Ու որտեղ ապրում եմ ամեն օր…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ