Գայա – «Ու կամ դու կփոշիացնես իմ հոգնությունը, կամ ես կմոլորվեմ քեզ մոտ գալու ճանապարհին»

Քեզ մեկնած ձեռքերս հազար անգամ նահանջելու պատճառ են ունեցել ու հազար անգամ ավելի ուժգին են ընդառաջել քո վշտին..
Ու որքան խաղաղ է այն ճանապարհը, որտեղ կարող եմ գտնել քեզ…
Որքան հարազատ է կարոտը, որը քո մասին է,
Ու երբեմն որքան հեշտ է սպասումը, որը քո վերադարձինն է…

Քեզ փնտրելու համար մոլորեցնող բոլոր ճանապարհները չափել եմ հատ առ հատ, որ ուշանալու հնար չլինի, ու գիրկդ բաց չմնա ամռան ցրտին…
Ու մեջքս, որ հազար անգամ աջ ու ձախ է թեքվել քո չլինելու ծանրությունից, այսօր ավելին, քան ձիգ է, ու սա հուշում է. դու կամ գալու ես, կամ քեզնից հետո փոշիացել է վերադարձը…

Հազար անգամ աջ ու ձախ թեքվելով` քեզ մոտ եմ գալիս հաստատուն ու չշեղվող քայլերով,
Ու հավատում եմ, որ ծռված ու մաշված կարոտիս ձև կտաս ու վերադարձդ փոշիացնելու փոխարեն հոգնությունս կփոշիացնես
Ու կօգնես ինձ…

Գիշերները բոլորից թաքուն գրված տողերը մի օր կստանան իրենց հասանելիքը ու ազատ կարձակվեն, որովհետև բոլոր տողերը գրվում են կարոտի ու սպասումի խաչմերուկներում,
Իսկ ես ոչ մի խաչմերուկում չեմ կորցրել հույսս, որ քեզ հետ ամեն բան պիտի հարթ լինի առանց աջ ու ձախ թեքվելու…

Քեզ մեկնած ձեռքերս չեն հոգնել երբևէ ու գրել են անընդհատ,
Քեզ մեկնած կարոտս չի պակասել երբևէ ու թույլ չի տվել` սպասումը ժամանակից շուտ մեռնի…

Ու ես հավատում եմ, որ ամեն բան, ու ամեն ոք մի օր կստանան իրենց հասանելիքը,
Ու կամ դու կփոշիացնես իմ հոգնությունը, կամ ես կմոլորվեմ քեզ մոտ գալու ճանապարհին…

23։27
2022 թ., հուլիսի 24

Ձեզ նույնպես կարող է դուր գալ