Կարևորել կրթությունը, քանի որ հիմա և ինչպես միշտ շատ կարևոր է խելացի և գիտակ լինելը / Գարիկ Ծատրյան

– Ողջույն, ինչպիսի՞ն է կրթական համակարգը Հայաստանում և արդյո՞ք գոհ եք, ի՞նչ փոփոխություններ կառաջարկեք:

– Բարև Ձեզ, նախ պետք է ասել, որ կրթական վիճակը մեր երկրում բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնած, քանի որ մեր հասարակության մեծամասնությունը չի կարևորում կրթության դերը կամ էլ երեխաներին վաղ տարիքից սահմանափակում է որոշակի մասնագիտությունների ընտրության հարցում, բացակայում են նպատակները և առաջնային տեղում է ոչ թե գիտելիքը, այլ՝ գնահատականը:

Փոփոխությունների հետ կապված, կառաջարկեմ կրթությունը դարձնել 11-ամյա: Ավագ դպրոցների դերը դարձնել նպատակային, այսինքն սահմանափակ թվով աշակերտներ ընդունել, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին ուշադրություն դարձնել,   և թարմացնել ու նորացնել խորհրդային համակարգից մնացած ամեն բան: Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, սակայն մեծացնել նաև պահանջներն ու հստակ վերահսկողական մեխանիզմներ կիրառել: Հասարակության մեջ` հատկապես ծնողների համար նախատեսված սեմինարներ կազմակերպել և հաղորդումներ հեռարձակել: Նաև ևս մեկ փոփոխություն կապված ՆԶՊ առարկայի հետ, որ այն ավելի գործնական դառնա ու դպրոցներում պարտադիր գործեն սկաուտական խմբակների նման խմբակներ, որպեսզի աշակերտներն ավելի ինքնուրույն ու պատասխանատու դառնան շատ հարցերում:

– Ո՞ր մասնագիտություններն են արդի այսօր, աշակերտների հետաքրքրվածությունն ինպիսի՞ն է:

– Երբ նախկինում աշակերտներիս հարցնում էի, պատասխանում էին հիմնականում իրավաբան և տնտեսագետ: Հիմա շատերը ձգտում են դառնալ ծրագրավորող կամ այ թի ոլորտի մասնագետ, սակայն կան նաև տարբեր պատասխաններ, ինչը ուրախալի է:

– Կողմ եք հեռավար ուսուցմանը, որո՞նք են դրական և բացասական կողմերը:

– Հեռավար կրթությունն ունի դրական կողմեր, այն է` ուսուցիչները սովորում են նոր գործիքներ, հարթակներ, սակայն մեր հասարակությունը դեռ լուրջ չի վերաբերվում հեռավար կրթությանը, և բացի այդ շատ երեխաներ չունեն համապատասխան սարքեր միանալու համար, սակայն հեռավար կրթությունն օգնում է նաև համայնքներում բացակա ուսուցիչների փոխարեն բացը լրացնել այլ դպրոցների ուսուցիչներով:

– Ի՞նչն է մոտիվացնում լավ սովորելուն, ի՞նչ կոչ ունեք աշակերներին և ուսուցիչներին:

– Շատ դժվար հարց է, քանի որ ամենակարևորը՝ մոտիվացիայի աղբյուրը բացակայում է թե՛ շատ աշակերտների, թե՛ շատ ուսուցիչների և թե՛ շատ ծնողների մոտ և այս ամենը հանգեցնում է կրթության որակի անկմանը, շատ ծնողներ արդեն իսկ փոքր տարիքից սերմանում են, որ կարևոր չէ ուսումը, միևնույն է մի բան կստացվի, աշակերտներին խանգարող հանգամանքները շատ են` հեռախոս, համացանց, հեշտ ճանապարհով բուհ ընդունվել, շատ մասնագիտությունների համար մեկ քննությունից 8 միավորն էլ է բավական, ոչ հետաքրքիր դասեր, բարոյահոգեբանական բացասական մթնոլորտ: Աշակերտներին կոչ կանեմ կարևորել կրթությունը, քանի որ հիմա և ինչպես միշտ շատ կարևոր է խելացի և գիտակ լինելը, այս արագաշարժ և փոփոխվող աշխարհում շատ կարևոր է լինել զինված գիտելիքներով, իսկ ուսուցիչներին էլ ավելի սիրել ու նվիրվել, չնայած շատերը նվիրյալներ են, իրենց աշխատանքին, դասերը հետաքրքիր ու տարբերվող անել:

Եվ ամենակարևորը սեր սեր սեր…

Գարիկ Ծատրյան ,Մոնթե Մելքոնյանի հ 11 դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, ուսուցիչ, ՀՄԿ վերապատրաստող֊մենթոր

Ձեզ նույնպես կարող է դուր գալ