
Թող բոլորն ունենան ժպտալու առիթ, ժպտան, լցնեն աշխարհը սիրով, և ես կլինեմ երջանիկ / Գարիկ Աղասյան
Զրուցակիցս «Հայի բռունցք» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, «Մարքմեդիա» կրթական կենտրոնի և «Ստեղծագործ հրազդանցի» նախագծի հեղինակ Գարիկ Աղասյանն է:
1.Ինչպե՞ս կբնորոշեք Ձեզ:
Ես սիրում եմ պայքարել խաղի արդար կանոններով: Կարող եմ անվերջ պայքարել ու չնահանջել: Երբ կեղծիք եմ տեսնում դառնում եմ անտանելի և անցանկալի մարդ ցանկացած մեկի համար:
2. Կա՞ այնպիսի բան,որի վրա միշտ աչք եք փակել:
Ես ուշադիր եմ մանրուքների նկատմամբ, բծախնդիր աշխատանքում, եթե աչք էլ փակեմ, ապա զվարճաքների վրա՝ ալկոհոլի, խաղամոլության և թմրամոլության վրա, չնայած, որ իմ վարած ակտիվ կյանքով հաճախ կարող էի օգտվել այդ «բարիքներից»:
3. Ինչպիսի՞ երեխա եք եղել:
Խելոք եմ եղել, շատ խելոք, զերծ եմ մնացել ծնողական ծեծից, նկատողությունից, մանկուց գիտակցել եմ, որ ծնողի ասածն օրենք է, և չեմ խախտել այն:
4. Խոսենք բակային խաղերից, կհիշե՞ք այնպիսի դեպք, որ դաս եղավ Ձեզ համար:
Բակային խաղերը հիշում եմ մինչև 12 տարեկանս, դրանից հետո բակում խնդիրներ ունեի, միշտ չէր, որ խաղը ինձ հրապուրում էր, մի անգամ ապակի եմ կոտրել, դա զգուշավորության դաս էր ինձ համար:
5.Գարի՛կ, Դուք միշտ աշխատում եք՝ զանգում, այցելում, գրում, չե՞ք հոգնում:
Կարծում եմ՝ 26 տարեկանիս համար դեռ շուտ է, որ հոգնեմ:
6. Իսկ երբևէ եղե՞լ է ցանկություն թողնել ամեն բան ու դիմել փախուստի:
Դա հուսահատության «պարգևն» է, այո՛, հաճախ ունենում եմ հուսահատություններ, բայց հեշտ եմ տանում, դա ավելի շատ բարկության արդյունք է, ոչ թե ցանկության:
7.Անկե՞ղծ եք ինքներդ Ձեզ հետ և ու՞մ եք տեսնում հայելու առջև:
Իհարկե, ես ամեն բան ինձ հետ համաձայնեցնելով եմ անում, առավոտյան հայելու առջև նույնիսկ բարևում եմ ինձ, լավ օր մաղթում: Հայելու մյուս կողմում ես եմ, ում աչքերին կարող եմ նայել:
8.Ձեզե՞լ են ցավ պատճառում, թե՞ միայն Դուք եք ցավ պատճառում:
Ֆիզիկական առումով երբեք չեմ ցավել և չեմ ցավեցրել, հոգեբանական առումով չեմ բացառում, որ եղել են մարդիկ,որոնց ցավ եմ պատճառել, չեմ համակերպվում կեղծիքի հետ ու հունից դուրս եմ գալիս։ Եթե լինի մեկը, որ կասի՝ ես ցավեցրել եմ իրեն, ապա վստահ եղեք, որ դա դաստիարակչական քայլ է եղել, ինձ էլ են ցավեցնում՝ հաճախ սխալ հասկանալով, չվստահելով։
9.Ըստ Ձեզ, ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
Ծնողներիս բարի համբավը, դա հրաշալի պարգև է ինձ համար:
10.Վերջում խոսենք երազանքներից, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը:
Թող բոլորն ունենան ժպտալու առիթ, ժպտան, լցնեն աշխարհը սիրով, և ես կլինեմ երջանիկ: