«Գահերի խաղը» հեռուստասերիալի լավագույն և վատագույն զույգերը


«Գահերի խաղը» պատմություն չէ միայն պատերազմների և մահվան մասին, այն ընկերության մասին է, այն սիրո մասին է, այն հարաբերությունների մասին է, որոնք թերևս ոչ միշտ են ճիշտ և ընդունելի:


Եկեք վերհիշենք սերիալի պատմության լավագույն և վատագույն հարաբերություններից մի քանիսը:


Ջոն Սնոու և Ինգրիտ (լավագույն)



Ամենագեղեցիկ, հուզիչ և բնական սիրո պատմություններից մեկը Ջոն Սնոուի և Ինգրիտի սիրո պատմությունն է: Հերոսները հաղթահարել են շատ ու շատ արգելքներ, զոհողությունների գնացել, և արժանի էին միասին լինել, սակայն…


Քիթ Հարինգթոնի և Ռոուզ Լեսլիի հարաբերություններն էկրանից այն կողմ վերաճում են ամուր կապի, և այսօր նրանք ամուսիններ են: Եկեք խոստովանենք, որ այդ հանգամանքն ավելի է գեղեցկացնում Սնոուի և Ինգրիտի սիրո պատմությունը:
Դժվար է պատկերացնել ավելի լավ զույգ Ջոնի համար, քան Ինգրիտն է: Ինքը՝ Հարինգթոնը ևս համամիտ է այս մտքի հետ:


«Ինգրիտը Ջոնի համար լավագույն կինն է և միշտ էլ այդպես կլինի: Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի կարող զբաղեցնել նրա տեղը», -ասել է դերասանը:


Էուրոն Գրեյջոյ և Սերսեա Լանիսթեր (վատագույն)



Դժվար է պատկերացնել ավելի վատ միություն, քան Սերսեայի և Էուրոնի կապն է: Վեսթերոսի երկու ամենաատելի մարդիկ միասին են: Ինչը՞ կարող է ավելի վատ լինել:


Ասում են, որ մարդիկ չեն փոխվում: Այս պնդումը ճիշտ է նաև թագուհի Սերսեայի համար: Իր սրտի տակ կրելով եղբոր՝ Ջեյմիի երեխային, նա վստահեցնում է Էուրոնին, որ երեխան նրանից է:
Հարաբերությունները չեն կարող առողջ լինել, եթե դրանց հիմքում սուտն է, այնպես չէ՞:


Դեյներիս Թարգարիեն և Դարիո Նահարիս (լավագույն)



Սեր առաջի՞ն հայացքից: Կարծում ենք, որ սա ճիշտ է Դարիոյի դեպքում, քանի որ վերջինս Դեյներիսին տեսնելուց ի վեր չէր դադարում մտածել նրա մասին: Դարիոն ցանկացած հարցում աջակցում էր թագուհուն և պատրաստում գահը ստանձնելուն:


Շատ հարցերում անգամ համաձայն չլինելով թագուհու հետ՝ Դարիոն չէր հեռանում նրա կողքից, սակայն շատ երկրպագուներ կարծում են, որ Դեյներիսի կողմից անարդար էր Վեսթերոսի գրավման ժամանակ Դարիոյի «ծառայություններից» հրաժարվելը:


Օբերին Մարտել և Էլարիա Սանդ (լավագույն)



«Գահերի խաղի» ողջ ընթացքում չես գտնի ավելի սեքսուալ և ներդաշնակ զույգ, քան Օբերին Մարտելը և Էլարիա Սանդն է: Այս զույգն աչքի է ընկնում ոչ միայն իր համահունչ լինելով, այլև՝ համարձակությամբ. Օբերինը և Էլարիան դեմ են գնում ավանդական հարաբերություններին, կոտրում են բոլոր կարծրատիպերը և պնդում, որ կատարյալ սերը մոնոգամ չի կարող լինել, նրանք ողջունում են բաց հարաբերությունները:


Երբ Օբերինին սպանում են՝ Էլարիայի հոգին չի գտնում իր հանգստությունն այնքան ժամանակ, քանի դեռ Սերսեան պատասխան չի տալիս սիրելիի մահվան համար: Արդյունքում, իհարկե, տուժում են անմեղ մարդիկ, բայց սիրո հարցում և պատերազմում բոլոր մեթոդներն են արդարացված, այնպես չէ՞:


Տորմունդ Ջայնթսբեյն և Բրիանա Տարտ (լավագույն)



Այս զույգը հիպոթետիկ զույգ է, սակայն պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե Տորմունդը և Բրիանան իրոք միասին լինեին: Այս երկուսին անհնար կլիներ կանգնեցնել:


Խոստովանենք, որ այս երկու հերոսները շատ լավ են նայվում կողք-կողքի, այնպես չէ՞:


Ջեյմի Լանիսթեր և Սերսեա Լանիսթեր (վատագույն)



«Սառույցի և կրակի երգն» այսքան գեղեցիկ չէր լինի, եթե չլիներ այս երկուսի սիրո պատմությունը:
Թեպետ Սերսեան և Ջեյմին ողջ ընթացքում պաշտպանում են իրենց երեխաներին և հոգ տանում միմյանց մասին, այնուամենայնիվ չենք կարող ժխտել այն, որ հենց այս երկուսի ձեռքով են շատ ու շատ հերոսներ հրաժեշտ տվել իրենց կյանքին:


Հիշո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ 1-ին եթերաշրջանում, երբ Բրան Ստարկը հետևում էր, թե ինչպես են Ջեյմին ու Սերսեան սիրով զբաղվում:  Այո՛, առանց որևէ խղճի խայթ զգալու այս երկուսը տղային պատուհանից ցած են գլորում:
Շատ ջրեր են հոսում, զայրույթի և ատելության պահերը գերակշռում են սիրո դրսևորումներին, սակայն Սերսեայի և Ջեյմիի կապը մնում է անքակտելի:


Այս երկուսն անգամ հանդերձյալ աշխարհ միասին են ուղևորվում…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ