
– Ի՞նչ է ընկերությունը, ինչի՞ վրա է այն հիմնված:
– Իմ տեսանկյունից, պատկերացումով, ապրելակերպից ելնելով հանդերձ, ընկերությունն ինձ համար երկրորդ ընտանիքն է, որը մենք ընտրում ենք և շփվում: Իրականում ունենալով վստահելի և հավատարիմ լավ ընկերներ, դու կարող ես հաղթահարել այս կյանքում բոլոր տեսակի դժվարություններն ու սթրեսները: Ես դա զգացել եմ իրենց հոգատար վերաբերմունքից և ուշադրությունից: Այո՛, ես իրականում երջանիկ մարդ եմ, քանի որ ունեմ հրաշալի ընկերներ: Եվ իրենք պատրաստ են միշտ ինձ լսելու, իսկ ես՝ իրենց: Ապրելով օտարության մեջ միշտ իրենց հիշում եմ և կարոտում:
Կարոտում եմ շատ-շատ, քանի որ այս պահին բնակվում եմ ԱՄՆ-ում, ունեմ շատ լավ ընկերներ թե՛ այստեղ, թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում և թե՛ Եվրոպայում:
Բայց մենք, փա՛ռք Աստծո, տեսակապի միջոցով միշտ պահպանում ենք և աջակցում ենք մեկս մյուսին, այ դա է իրական ընկերությունը: Երբեք մեր ընկերության մեջ չի եղել տարանջատումը, իբրև ես մի բանով ավել եմ կամ պակաս, նյութականը մեզ համար առաջնային չի եղել, առաջնայինը դա մեր փոխադարձ հարգանքն է, մարդկային վերաբերմունքը, սերը մեկը մյուսի նկատմամբ, ու շատ անգամ չեմ հասկացել այն երիտասարդներին, երբ իրենց ընկերներից մեկը սխալվում է և իրենք պատրաստ են շրջապատում փնովել, ցածրացնել նրան:
Ես այն մարդն եմ, ով երբեք չի կարող իր ընկերոջ անվան հետ խաղալ ու ցածրացնել, ընդհակառակը ես պարտավոր եմ ուժ տալ և բարձրացնել, քանի որ նա իմ ընկերն է:
Իրական ընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և անկեղծության վրա: Սա հաջողության գրավականն է ընկերության մեջ: Իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ընկերների:
– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
– Ինձ ոգեշնչում է Աստծո խոսքը, Աստվածաշունչը, Աստծո հրաշագործությունը, Աստծո սերը, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուց տվեց, որ մենք այօր ապրում ենք ազատության մեջ, խաղաղության մեջ, դա ինձ համար ամենամեծ ոգեշնչող իրադարձությունն է, որ ես, որպես քրիստոնյա մարդ՝ ով ճանաչում է Աստծուն, ամեն վայրկյան Աստծո սերը ներկայացնում է: Աստված ինձ հետ է ամեն դժվարության մեջ, ամեն իրավիճակում, իմ կյանքում եղել են թե՛ ուրախ օրեր, թե՛ դժվար օրեր, բայց ես միշտ զգացել եմ Աստծո ներկայությունն իմ կյանքում: Ճանաչելով Աստծուն, կարդալով Աստվածաշունչ, շատ հարցերում ես ստացել եմ պատասխանը, այ դա՛ է ինձ ոգեշնչում, Աստծո սերը, որ Աստված միշտ ինձ հետ է ուր էլ որ լինեմ:
– Կյանքի կարգախոս ունե՞ք, որն է Ձեր կյանքի գերագույն նպատակը:
– Այո՛, միմիայն շարժվել առաջ: Երբեք չկորցնես հավատքդ, հույսդ, սերդ, լինել լավ մարդ: Կյանքիս գերագույն նպատակներից մեկն է լինել լավ մարդ, պիտանի լինել իմ ընտանիքին, ընկերներիս և մեր պետությանը, որ ուր էլ լինել, ինչի էլ հասնեմ, միշտ ունենամ այն հնարավորությունը, որ բոլորին լիքը-լիքը լավ բաներ անեմ: Երբեք ես չփոխվեմ, երբեք ես Աստծուն չմոռանամ:
– Որո՞նք են այն գործերը, որոնցից մեծ բավականություն ես ստացել, ու հպարտ ես, որ կատարել ես դրանք:
– Բարեգործություններ, հասարակական, մշակութային աշխատանքներ: Երիտասարդ՝ ուսանողական տարիներին, երբ ունեցել եմ հնարավորություն ու կարողացել եմ անել փոքրիկ հասարակական աշխատանքներ, դա մեծ բավականություն է բերել, երբ կարողացել եմ ինչ-որ փոքր բանով օգտակար լինել մեր հասարակությանը:
Ծանրաբեռնված լինելով հանդերձ, ոչ թե զբաղվել եմ անիմաստ գործունեությամբ՝ հեռուստացույց դիտելով, խաղեր խաղալով, այլ փոխարենը զբաղվել եմ պիտանի աշխատանքով՝ բարեգործությամբ ու շատ բաներ չեմ լուսաբանել:
Հպարտ եմ, որ ավարտել եմ համալսարանը, ստացել եմ բարձրագույն կրթություն թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Շնորհակալ եմ իմ ծնողներին նման հնարավորություն ընձեռնելու համար, որ ես ծնվել եմ այս աշխարհում, շնորհակալ եմ Աստծուն՝ որ ես կամ: Ես հպա՛րտ եմ, որ ճանաչում եմ Աստծուն, և ունեմ այսպիսի կյանքը:
– Ինչի՞ մասին ես լռում, ի՞նչ փոփոխություններ կցանկանայիր կատարել:
– Այո՛, ես շատ անգամ լռում եմ, երբ ինձ համար դժվար է, երբ շատ հարցերի շուրջ սկսում եմ երկար մտածել, երբ ինձ խաբում են, երբ անկեղծ չեն լինում, բայց ես դա ինքս գիտեմ: Դժվարության մեջ շատ անգամ, փորձում եմ ինքնուրույն դուրս գալ իրավիճակից՝ ընկերներիս անգամ ցույց չտալիով:
Կցանկանայի մի քիչ ժամանակը ետ տալ, հիշելու իմ մանկությունը, կրթությանս վրա ուշադրություն դարձնեի, էլ ավելի շատ կրթվեի, էլ ավելի շատ գիտելիք ստանայի, էլ ավելի շատ աշխատեի: Շատ ժամանակ ես սիրում եմ լռել, մտածել:
Այն մարդկանցից եմ, որոնք իրենց դժվարությունների մասին փորձում են չբարձրաձայնել: Կուզենայի գլոբալ փոփոխություններ լինեին, մարդիկ հարգեին իրար, սիրեին, որովհետև ներկայիս աշխարհը լցված է չարությամբ՝ սպանություններով, գողություններով, ընտանիքներ են քայքայվում:
Եթե մարդիկ ցանկանում են ստեղծել ընտանիք, կասեյի, որ գնահատեք դա, սիրեք և փայփայեք:
– Ի՞նչ կոչ ունես հայ հասրակությանը:
– Ցավոք, այսօր ես ապրում եմ օտարության մեջ, և՛ Մոսկվայում, և՛ ԱՄՆ-ում: Հայ ժողովրդին ցանկանում են համբերություն, առողջություն, զսպվածություն և հանդուրժողականությունը, հարգանք, սեր և որ ամենակարևորն է՝ խաղաղություն: Թող Աստծո սերը պաշտպանություն լինի մեր երկրի համար, մեր զինվորներին առողջություն եմ ցանկանում:
Ցանկանում եմ, որ նոր սերունդը համակարգչային խաղերի փոխարեն, ավելի մեծ ուշադրություն դարձնի գիտելիքին և կրթությանը: Կգա՛ ժամանակը՝ կհասկանաք, կրթվեք, սովորեք ու աշխատեք: Աշխատեք անպայմա՛ն, աշխատանքի շնորհիվ դուք կհասնեք ամեն ինչի, ու կապ չունի, թե ի՞նչ աշխատանք եք կատարում, քիչ են վճարում, վատ աշխատանք է, աշխատանքը մնում է աշխատանք:
Քանի որ դա անում եք Ձեր կարիքների, Ձեր նպատակների, Ձեր բարեկեցիկ ապագայի համար: Անպայման զբաղվեք Ձեր սիրած աշխատանքով, զբաղվեք սպորտով, զբաղվեք առողջ ապրելակերպով, եղե՛ք առողջ, սիրում եմ Ձեզ ու կարոտում հա՛յ ժողովուրդ: