«Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

Հարգելի ընթերցողներ, այս անգամ ձեզ ենք ներկայացնում հայկական առաջին ֆիլմային կրկնօրինակող ընկերության հետ, որը ձեւավորվել է 2020 թվականի` ի շնորհիվ Գագիկ Մեհրաբյանի, ով ընդամենը 20 տարեկան է։

– Բարև Ձեզ Գագիկ, եկեք միանգամից սկսենք հարցազրույցը, եւ ահա առաջին հարցը, ո՞ր տարիքից եք իմացել եւ սկսել հետաքրքրվել այդ մասնագիտությամբ։

– Բարև Ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, իհարկե։ Դեռևս փոքրուց, երբ DVD -ով դիտում էի հայերեն թարգմանված ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ինձ մոտ հենց այդ ժամանակից էլ հետաքրքրություն առաջացավ դեպի կրկնօրինակումը։ Առաջին փորձերս տվյալ ոլորտում արել եմ 15 տարեկան հասակում։

– Ի՞նչն է ձեզ ավելի հոգեհարազատ վերոնշյալ մասնագիտության մեջ։

– Շատ լավ, բավականին լավ հարց է և միևնույն ժամանակ բարդ։ Ուղղակի սիրում եմ կրկնօրինակել ինձ հարազատ դարձած կերպարներին, տալ նրանց հայկական ձայն ու հնչեղություն։

– Ի՞նչն է Ձեզ դուր գալիս այդ մասնագիտության մեջ։

– Միայն այն փաստը, որ դու հնարավորություն ես ստանում որևէ կերպարի տալ ձայն, խոսք, այն էլ հայերեն, դա արդեն իսկ մեծ ոգևորություն է հաղորդում։ Բացի այդ` կարելի է ֆիլմում խոսակցությունները փոխարինել, և տալ ֆիլմին մի քիչ այլ ընթացք։ Ամենից շատ սիրում եմ արլեկինո ոճի կրկնօրինակումը։

– Ի՞նչն է Ձեզ համար ամենաշատը կարեւոր աշխատանքում։

– Թիմս և թիմային աշխատանքը։ Թիմը միավորում է բոլորիս մեր սիրելի աշխատանքի շուրջ։ Կարևորում եմ նաև աշխատանքի մատուցման որակը։

– Ինչպե՞ս է ձեւավորվել։ ստեղծվել ձեր թիմը։ Որն է ձեր առաջին պրոեկտը։

– Թիմը ես ստեղծել եմ 2020 թվականի գարնանը, ավելի կոնկրետ` ապրիլի կեսերին։ Դեռ մի քանի տարի առաջ նպատակ էի դրել հավաքել համախոհների և միասին որևէ աշխատանք կատարել։ Թիմը դարձավ ընկերություն, եւ հենց այդ ընկերների կողմից ես ստացա լավագույն նվերը, համակարգիչը, որի համար ես երախտապարտ եմ նրանց։ Առանց համակարգիչ դժվար է պատկերացնել կրկնօրինակողի աշխատանքը, իսկ ես մտադիր էի թիմ ստեղծել։ Ինչպես նշել էի տարիներ առաջ սկսել էի փոքրիկ փորձեր կատարել, տարբեր ֆիլմերից հատվածներ կրկնօրինակելով և տեղադրելով դրանք իմ յութուբյան ալիքում։ Ի դեպ, հենց Յություբում ծանոթացա իմ ապագա կոլլեգա և լավ ընկեր Վարդանի հետ, նա ևս ունի յութուբյան ալիք` CrazyFilm Studio անունով, որտեղ տեղադրում է ֆիլմերից հատվածներ հայերեն զվարճալի կրկնօրինակմամբ։ Մինչև թմի ստեղծելը ես և Վարդանը միասին աշխատանքներ ենք կատարել եւ հենց այդպես էլ մտերմացանք։ Վերադառնանք 2020 թվականի գարուն… Ես հայտարարություն թողեցի ֆեյսբուքյան որոշ խմբերում, որպեսզի գտնեմ համախոհների։ Եվ երկու հրաշալի մարդ ինձ միացան, նրանցից մեկը Արուսիկ Պետրոսյանն էր, ով մինչև այդ աշխատել էր ռադիոյում, իսկ մյուսը` Տաթև Սիրունյանը, ով ասմունքող էր և նկարահանվել էր հայկական որոշ սերիալներում, հետո առաջարկեցի թիմին միանալ Էմինին, Վարդանին և այսպես սկսեցինք մեր գործունեությունը։ Ի դեպ, ասեմ, որ իմ բախտը թիմակիցներիս հարցում բերեց, որովհետև նրանք բոլորը տաղանդավոր մարդիկ են և այս ասպարեզում ունեն որոշակի փորձ։ Առաջին Պրոեկտը «Սոնիկ» ֆիլմն էր, որն այդքան էլ հաջող չէր ստացվել, անկեղծ ասած ես էի աղավաղել այդ ֆիլմը։ Առաջին մեծ պրոեկտն էր, մոնտաժ, ձայնի մշակում, ամեն ինչ իմ վրա։ Ու թիմից ամենավատ ձայնագրող սարքը երևի իմն էր, այդ իսկ պատճառով վատ ստացվեց։

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

– Դժվարություններից մեկը հենց որակյալ ձայնագրող սարքի բացակայության հարցն էր։ Որը լուծվեց 3 ամիս հետո, շատ դժվար էր Հայաստանում գտնել ձայնագրիչ իմ նախընտրած պարամետրերի համապատասխան։

– Որեւէ մեկը Ձեզ ուղղորդե՞լ է։

– Ոչ։

– Ունե՞ք ոգեշնչման աղբյուր։

– Ինձ համար ոգեշնչման աղբյուր հենց առաջնային իմ մանկության դիտած գոբլինի թարգմանությունն է։ Իսկ արդեն երկրորդական, իմ ոգեշնչման աղբյուրը ռուս կրկնօրինակման դերասաններն են, Վսեվոլոդ Կուզնեցովը, Պյոտր Գլանցը և այլոք։

– Ձեր ընտանիքում հնչյունավորողներ կա՞ն։

– Ոչ ես միակն եմ, երբեմն հայրիկիս փորձում եմ ներքաշել մեր մթին գործերի մեջ ու մեկ մեկ ստացվում է։ Օրինակ 2017 թվականի «Այն» ֆիլմում հայրս կրկնօրինակել է մի սևամորթ տղայի պապիկին։ Բավականին ստացված էր նրա առաջին փորձի համար։

– Լավագուն ֆիլմը, որը մինչեւ այսօր հնչյունավորել եք, ո՞րն է ըստ Ձեզ։

– «Ժպտերեսը», ճիշտ է կարճամետրաժ ֆիլմ է, բայց ամենաստացվածը` մեր ֆիլմերից, հիմա աշխատում ենք «փաստարկ» ֆիլմի վրա, որը շուտով կկարողանանք դիտել armfilm.co կայքում։

– Ինչ նոր գաղափարներ ունեք առաջիկայում իրականացնելու։

– Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը», մարվելյան կինոտիեզերքից որոշ ֆիլմեր, «Դեդպուլը» և այլն։

– Շնորհակալ ենք, Գագիկ։

– Ձեզ եմ շնորհակալ։


Հիշեցնենք, որ զրուցում էինք HayVoice -ի հիմնադիր Գագիկ Մեհրաբյանի հետ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ