
Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ ու լրագրող էր: Նա դարձավ առաջին կոլումբիացին, ով ստացել է Նոբելյան մրցանակ` գրականության ոլորտում (1982 թ.):
Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար:
Մահից առաջ նա գրում է մի նամակ, որը իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում: Նա սովորեցնում է, իսկապես, ԱՊՐԵԼ:
«Եթե միայն մի պահ Աստված մոռանար, որ ես լաթե հասարակ տիկնիկ եմ, և ինձ մի կտոր կյանք նվիրեր, այդ ժամանակ ես գուցե չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի՝ ինչ եմ ասում։ Ես իրերը կգնահատեի ոչ թե նրանց արժեքով, այլ կարևորությամբ: Ես քիչ կքնեի և շատ կերազեի՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր րոպե, երբ փակում ենք մեր աչքերը, կորցնում ենք վաթսուն վայրկյան լույս։ Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես արթուն կմնայի, երբ ուրիշները քնած են, և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են: Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ ևս մեկ ակնթարթի կյանք տար, ես ավելի համեստ կհագնվեի և կնետվեի արևի ճառագայթների տակ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս: Աստվա´ծ իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի արևի դուրս գալուն: Ես Վան Գոգի երազանքով աստղերի ներքո կնկարեի Բենեդետիի պոեմը և Սերրատի երգը կլիներ իմ սերենադը, որ կնվիրեի Լուսնին: Ես կջրեի վարդերն իմ արցունքներով՝ զգալու համար նրանց փշերի ծակոցն ու նրանց թերթիկների կարմիր համբույրը: Աստվա´ծ իմ, եթե միայն մի կտոր կյանք էլ ունենայի…
Ես բաց չէի թողնի ոչ մի օր՝ առանց ասելու սիրելի մարդկանց՝ որքան եմ ես նրանց սիրում:Ես ինձ համար թանկ մարդկանց կապացուցեի իմ սերը և կապրեի՝ սիրուն սիրահարված:Ես կբացատրեի նրանց, ովքեր սխալվում են՝ կարծելով, թե ծերանալով դադարում են սիրահարվել, նրանք չեն հասկանում՝ ծերանում են, երբ դադարում են սիրահարվել։
Ես երեխային թևեր կնվիրեի, բայց թույլ կտայի, որ նա ինքը թռչել սովորեր: Ծերերին ես կհասկացնեի, որ մահը գալիս է ոչ թե ծերության, այլ մոռացման հետ:
Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզնից, մարդի´կ: Ես հասկացել եմ, որ բոլորն ուզում են ապրել լեռան գագաթին՝ առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է:Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինն իր փոքրիկ ձեռքով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ: Ես հասկացել եմ, որ մարդն իրավունք ունի վերևից նայելու մեկ այլ մարդու միայն այն դեպքում, երբ ուզում է օգնել նրան կանգնել:
Այնքա՜ն շատ բան ձեզնից դեռ կսովորեի, մարդի՛կ, բայց իրականում դրանք հազիվ թե պետք գան. երբ ինձ դնեն այս «ճամպրուկի» մեջ, ես արդեն, ցավոք, մահացած կլինեմ։
Մի´շտ ասեք այն, ինչ զգում եք, ու արեք այն, ինչ մտածում եք։
Եթե իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ քեզ քնած տեսնում, ես ամուր կգրկեի քեզ ու կաղոթեի Աստծուն, որ ինձ դարձներ քո պահապան հրեշտակը։ Եթե իմանայի, որ այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում դռնից դուրս գալիս, ես քեզ կգրկեի, կհամբուրեի ու հետ կկանչեի՝ քեզ ավելին տալու համար։ Եթե իմանայի, որ ձայնդ վերջին անգամ եմ լսում, ես կձայնագրեի այն ամենը, ինչ կասեիր՝ դա նորից ու նորից անվերջ լսելու համար։ Եթե իմանայի, որ վերջին րոպեներն են, որ տեսնում եմ քեզ, կասեի՝ սիրում եմ քեզ, ու չէի էլ ենթադրի, որ դու այսպես թե այնպես գիտես դա։
Միշտ կա վաղվա օրը, ու կյանքը մեզ ևս մեկ հնարավորություն է տալիս՝ ամեն բան ուղղելու, բայց եթե ես սխալվում եմ, ու այսօր վերջին օրն է, որ մեզ մնացել է, ես կուզեի ասել՝ որքան շատ եմ քեզ սիրում ու երբեք քեզ չեմ մոռանա։ Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ կգա վաղվա օրը։ Այսօր, հնարավոր է, վերջին անգամն է, որ տեսնում ես սիրելիներիդ. մի´ սպասիր, գործի´ր այսօր. եթե վաղվա օրը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մի ժպիտի, մի գրկախառնման, մի համբույրի համար, ու երբ շատ զբաղված էիր՝ վերջին ցանկությունդ կատարելու համար։ Հարազատ մարդկանց կողքի´ն եղիր, շշնջա´՝ որքան ես զգում նրանց կարիքը, սիրի´ր նրանց ու մե´ղմ եղիր նրանց հետ, ժամանա´կ գտիր՝ ասելու՝ ցավում եմ, կներես, շնորհակալ եմ ու սիրո բոլոր խոսքերը, որ գիտես։
Ոչ ոք քեզ չի հիշի մտքերիդ համար։ Խնդրի´ր Աստծուն իմաստնություն ու ուժ՝ ասելու համար այն, ինչ զգում ես։ Ցո´ւյց տուր ընկերներիդ՝ որքան կարևոր են քեզ համար։ Եթե դու դա այսօր չանես, վաղվա օրը կլինի նույնպիսին, ինչպիսին երեկվանն էր։ Իսկ եթե դու դա երբեք չանես, ոչինչ այլևս նշանակություն չի ունենա։
Իրականացրու՛ երազանքներդ. այդ պահը եկել է»։