Շատերին է ծանոթ կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը (1927-2014), ով 1982 թվականին ստացավ գրականության Նոբելյան մրցանակ: Մարկեսի հաջողություններում մեծ ավանդ ուներ սիրելի կինը՝ Մերսեդեսը, ում հետ գրողն անցկացրեց ավելի քան 55 տարվա ամուսնական համատեղ կյանք:

Գարսիա Մարկեսն ու Մերսեդես Բարչան հանդիպել են իրար, երբ վերջինս դեռ դպրոցական աղջնակ էր` 13 տարեկան, իսկ Մարկեսը՝18: Դա չխանգարեց սակայն, որ Մարկեսը հասկանա՝ գտել է իր կյանքի սիրուն, ուստի ծանոթության առաջին օրն իսկ առաջարկություն արեց Մերսեդեսին: Նրանք որոշեցին սպասել մինչև Մերսեդեսը ավարտի դպրոցը և հետո միայն ամուսնանան: Այդ ընթացքում Մարկեսը Եվրոպա էր մեկնել՝ որպես օտարերկրացի թղթակից, իսկ Մերսեդեսը համբերատար սպասում էր նրան: Մերսեդեսին չէր անհանգստացնում այն փաստը, որ Գաբրիելը թողել է իրավաբանական ֆակուլտետը և սկսել զբաղվել լրագրությամբ, կարևորն այն էր, որ Գաբրիելը պատասխանի իր նամակներին: Իսկ իր սիրելի Գաբիտոն (այդպես էր կոչում Գաբրիելին Մերսեդեսը) գրում էր, որ ամեն օր քնելիս և արթնանալիս նայում է Մերսեդեսի նկարին:

1958 թվականի մարտին երկար սպասումից հետո զույգը պսակադրվեց: Ապրում էին Կոլումբիայի Բառանկիլյա քաղաքում՝ երկսենյականոց բնակարանում: Հեշտությամբ հարմարվելով աղքատ կյանքին՝ Մերսեդեսը լավ էր գլուխ հանում դրամական հարցերում: 1959-ի օգոստոսին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ռոդրիգո Գարսիան: Հենց այդ ժամանակ հրատարակչությունը, որտեղ աշխատում էր Գաբրիելը, նրան որպես հատուկ թղթակից գործուղեց Եվրոպա: Վերադառնալուն պես Գաբրիելին Prensa Latina կոլումբիական գործակալությունը Նյու Յորքում աշխատանք առաջարկեց, և ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, սակայն դա կարճ տևեց՝ պայմանավորված ԱՄՆ-Կուբա կոնֆլիկտով: Զույգը ստիպված էր լքել երկիրը: Մեխիկո ուղևորվելու ճանապարհին Մերսեդեսը հիվանդ էր. նրա մոտ նյարդային ապրումներից սուր գաստրիտ էր սկսվել:

1962-ին Մեքսիկայում ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Գոնսալո Գարսիան: Գաբրիելը ցանկանում էր դուստր ունենալ, ով նման կլինի իր սիրելի Մեչեին (այդպես էր կոչում Մերսեդեսին), սակայն զույգը ունեցավ երկու որդի:

Համաշխարհային հռչակ վայելող «Հարյուր տարվա մենություն» վեպը գրելու համար Մարկեսը ստիպված էր վաճառել մեքենան և 18 ամիս փակվել իր աշխատասենյակում : Այդ ընթացքում ապրուստ վաստակում էր Մերսեդեսը և հոգ էր տանում ընտանիքի մասին: Գաղտնիք չէ, որ վեպը ահռելի հաջողություն ունեցավ:

1999-ին գրողի մոտ ախտորոշվեց լիմֆոմա, իսկ կյանքի վերջին տարիներին՝ նաև Ալցհեյմերի հիվանդություն: Գրողի եղբայրը լրագրողներին պատմում էր, որ օրեր են եղել Գաբրիելը չի ճանաչել նույնիսկ սեփական եղբորն ու որդիներին: Բայց իր Մերսեդեսին Մարկեսը միշտ է ճանաչել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ