
Բազում են լեզուներն ու բարբառները, որոնցով այսօր խոսում են ամբողջ աշխարհում: Ու չնայած դրան՝ մարդիկ հաճախ չեն գտնում անհրաժեշտ բառերը՝ արտահայտելու համար իրենց զգացմունքների ամենանուրբ երանգները: Իսկ երբ բառեր չեն գտնվում, օգնության են հասնում գեղարվեստը, երաժշտությունը, պարը… և ծաղիկները:
Առանց ծաղիկների աշխարհը գորշ ու տխուր կլիներ: Ծաղիկները միշտ եղել են ու կլինեն գեղեցկության, ուրախության, խաղաղության, սիրո ու ներշնչանքի աղբյուր: Յուրաքանչյուր ծաղիկ իր քնքշությամբ, երանգների բազմազանությամբ, բուրմունքի նրբությամբայնքան հիասքանչ է ու անկրկնելի, որ մարդ արարածը հնուց ի վեր փորձել է հասկանալ ծաղիկների գաղտնիքը և ստեղծել է զարմանալի ու չափազանց արտահայտիչ լի լեզու ևս՝ ծաղիկների լեզուն՝ ֆլորոգրաֆիան (floriography):
Ենթադրություն կա, որ ծաղիկների լեզուն ծնվել է Արևելքում, որտեղ ազատ շփման իրավունք չունեցող կանայք իրենց մտքերը, տրամադրություններն ու զգացմունքները փոխանցել են ծաղիկներին, և վերջիններս աստիճանաբար վերածվել են դրանց կայուն խորհրդանիշների: Ոմանք պնդում են, որ ծաղիկների լեզվի հայրենիքը Ճապոնիան է, մյուսների կարծիքով՝ Չինաստանը, ուրիշներն էլ ծաղիկների լեզվի ծնունդը կապում են Հնդկաստանի հետ:
Սակայն հաստատ է միայն այն, որ ծաղիկների լեզուն հայտնի էր Բյուզանդական կայսրությունում, 18-րդ դարում այդ կախարդական լեզվի մասին Անգլիա տեղեկություններ է հասցրել Թուրքիայում Բրիտանիայի դեսպանի կինը:
Ծաղիկների լեզուն շատ տարածված էր Անգլիայում, հատկապես Վիկտորիա թագուհու կառավարման շրջանում (1837-1901), երբ այդ լեզվին տիրապետելը մարդկանց համար նույնքան կարևոր էր, որքան «լավ հագնվելը»: Նույնիսկ բույրերը ճանաչելն ու տարբերելն էին կարևոր. այս կամ այն բույսի, ծաղկի, նույնիսկ թաշկինակի բույրը ծածուկ «հաղորդագրություն» էր՝ ուղղված որևէ մեկին: Ծաղիկներն «անխոս» հաղորդագրություններ էին, որոնք կարող էին հայտնել այն, ինչ մարդը չէր համարձակվի բարձրաձայնել: Ասելիքը պայմանավորված էր ոչ միայն ծաղիկների տեսակով, չափսերով, փնջի մեջ դրանց դասավորությամբ, այլ նաև մատուցման ձևով: Օրինակ՝ ուղղահայաց մատուցված ծաղիկները դրական մտքեր ու զգացմունքներ էին արտահայտում, իսկ հակառակ դիրքով մատուցվածները՝ բացասական: Եթե ծաղկեփունջը մատուցվում էր աջ ձեռքով, դա «այո» էր նշանակում, իսկ եթե ձախ ձեռքով՝ «ոչ»:
Վիկտորիական դարաշրջանում շատ տարածված էին թուսի-մուսի (Tussie-Mussie) կոչվող ծաղկեփնջերը: Սրանք ոչ մեծ փնջեր էին, որոնք փաթեթավորվում էին ժանեկազարդ անձեռոցիկներով և կապվում կերպասե ժապավենով: Նման յուրաքանչյուր ծաղկեփունջ գաղտնիք էր իր մեջ ամփոփում, որը բացահայտելու ցանկությունը շարժում էր մարդկանց հետաքրքրությունը:
Ծաղիկների նշանակություններն առավել մշակված են ծաղկահարդարման ճապոնական արվեստում՝ իքեբանայում,որը ծաղիկների լեզվի ամենալավ ուղեցույցն է:
Մեր օրերում այս լեզվի շատ նրբություններ մոռացության են մատնվել, բայց կարմիր վարդն այսօր էլ զգացմունքային, ռոմանտիկ սիրո խորհրդանիշն է, վարդագույն վարդը՝ քնքուշ ու բանաստեղծական սիրո, սպիտակ վարդը՝ անկեղծության ու մաքրության, իսկ դեղինը՝ ընկերության ու բարեկամության: Արևածաղիկը խորհրդանշում է հպարտություն, միաժամանակ՝ ակնածանք, խոնարհություն, եղրևանին՝ սիրո առաջին ապրումները ևն: Եթե չեք ուզում սխալված լինել գույնի հարցում, ընտրե’ք սպիտակ գույնը. այն չեզոք է, ներդաշնակ մյուս գույներին և հարմար է բոլոր առիթների համար: Այսպիսի փնջերը մաքրություն, անկեղծություն և լույս են խորհրդանշում:
Չմոռանանք, որ ծաղիկների լեզուն էլ իր «բարբառներն» ունի: Երբեմն տարբեր ժողովուրդներ նույն ծաղիկը տարբեր կերպ են մեկնաբանում: Օրինակ՝ հին Հռոմում սպիտակ շուշանները հարստության ու շքեղության խորհրդանիշ էին, նույնիսկ պատկերվում էին մետաղադրամների վրա: Ըստ գերմանական հավատալիքներից մեկի՝ այս ծաղիկներն աճում էին ինքնասպան եղած մարդկանց կամ բռնի մահով մահացածների գերեզմաններին: Իսկ ֆրանսիացիների համար շուշանն առանձնահատուկ է: Դրա վառ ապացույցը Ֆրանսիայի թագավորական հին զինանշանն է, որի վրա վահան ու խաչված երեք շուշան էին պատկերված: Վերջիններս գթասրտություն, արդարադատություն և կարեկցանք էին խորհրդանշում: Այսօր Ֆրանսիայում շուշան նվիրելը հարգանքի արտահայտության նշան է:
Ծաղիկների լեզուն բարդ է և ոչ բոլորին հասկանալի ու ծանոթ: Բայց եթե ծաղիկը կամ ծաղկեփունջը սրտանց է նվիրվել՝ իբրև հարգանքի, սիրո, ուշադրության նշան, ապա «թարգմանչի» ծառայությունների կարիք չի լինի:
Ուրախություն պարգևե’ք ձեր հարազատներին ու մտերիմներին. ծաղիկնե’ր նվիրեք…
Շարունակելի…