Երեխաների հետ շփման առանձնահատկությունները

Երեխաների հետ շփման ընթացքում պետք է առավել  նրբանկատ լինել,քանի որ  դաստիարակչական սխալ խրատները կարող են հանգեցնել լուրջ բարդույթների առաջացման, որոնք հետագայում կազդեն հասարակության մեջ նրանց ինտեգրման և ինքնահաստատման  վրա: Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս  որոշակի արտահայտություններ չօգտագործել երեխաների հետ խոսելիս : Դրանք են.

– Քեզ մոտ չի ստացվի:
Այս արտահայտությունը երեխայի մոտ առաջ է բերում անվստահության զգացում և  ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողություն:

– Վերցրու,միայն թե մի լացիր
Երեխային տալով այն, ինչ նա ցանկանում է, ծնողն անգիտակցորեն հասկացնում է երեխային, որ լացուկոծի և կամակորության միջոցով կարող է հասնել իր նպատակին, և հետագայում մայրիկի ՈՉ-ը արժեք չի ունենա, երեխան այն լուրջ չի ընդունի:

– Եթե մեկ անգամ էլ այդպես վարվես,ապա խիստ կպատժվես:
Շատ հաճախ ծնողների կողմից հնչած սպառնալիքները չեն իրականացվում երեխայի հանդեպ տածած անսահման քնքշության և սիրո պատճառով:Այդ հագամանքը հաշվի առնելով՝ հոգեբանները խորհուրդ են տալիս զուր երեխայի մոտ տագնապ և վախ չառաջացնել և ռեալ գնահատել հետագա քայլերը:

– Անհապաղ վերջացրու:
Երեխաների հետ խոսելիս ավելորդ կոպտությունը չի հանգեցնում ցանկալի արդյունքի և էլ ավելի է խորացնում  ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը: Մանուկների մոտ դա արտահայտվում է լացով, իսկ դեռահասները ինքնամփոփ են դառնում:

– Դու պետք է հասկանաս,որ…
Որքան էլ ծնողը ջանա օգնել իր զավակին խնդիրների լուծման հարցում, կան որոշակի հարցեր, որոնց պատասխանները պետք է երեխան ինքը գտնի, և հարազատների կողմից տրված խորհուրդները նրանց մոտ առաջացնում են ինքնապաշտպանողական ռեակցիա` հանգեցնելով իրավիճակի ավելի բարդացման:

-«Դա աղջկան վայել չէ» կամ «Դա տղային վայել չէ»:
Մանկուց երեխայի մոտ որոշակի կարծրատիպեր դաստիարակելու պարագայում,հետագայում նրանց մոտ առաջանում են բարդույթներ,որոնք տղաների մոտ առաջացնում են   զգացմունքներն  արտահայտելու դժվարություններ,իսկ աղջիկները մասնագիտություն ընտրելիս նախապատվություն են տալիս «կանացի մասնագիտություններին»`հաշվի չառնելով իրենց ցանկությունները:

– Սա քեզ չենք կարող գնել,թանկ է:
Եթե ստեղծվում է նմանատիպ իրավիճակ,ապա  ցանկալի է  մեղմ և նրբանկատ բացատրել երեխային, որ տվյալ գումարը կարելի է առավել արդյունավետորեն օգտագործել:

– Երբ ծնողները զայրույթի պահին օգտագործում են զանազան վիրավորոկան բառեր ,երեխայի մոտ հետագայում կարող է առաջանալ անլիարժեքության զգացում:

Խորհուրդներ ծնողներին

  • Ժամանակ հատկացրեք ձեր երեխային:
  • Ծիծաղեք միասին:
  • Աշխատեք աշխարհին նայել ձեր երեխայի աչքերով:
  • Համբուրեք երեխային, գրկեք նրան, թփթփացրեք մեջքին, սեղմեք նրա ձեռքը:
  • Ամեն օր ասացեք, որ սիրում եք նրան:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ

  • ոչ բոլոր երեխաներն են միևնույն արագությամբ զարգանում. յուրաքանչյուր երեխա անկրկնելի է և զարգանում է իր ուրույն ընթացքով,
  • երեխայի զարգացման ոչ բոլոր ոլորտներն են ընթանում միևնույն փուլում,
  • միշտ էլ կան երեխաներ, որոնք միջինից ավելի արագ և միջինից ավելի դանդաղ են զարգանում:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ