
Ես՝ Ֆարիդա Մալխասյանս, ծնվել եմ Երևանում, 19.01.2004թ.: Ապրել եմ Աշտարակում, այնուհետև Մոսկվայում, որտեղ գերազանց առաջադիմությամբ սովորել եմ 4 տարի (1-4րդ դասարաններ): Մեդվեդկովոյի N756 գիմնազիայում ունեցել եմ մի շարք ձեռքբերումներ, որոնց թվում «Русский медвежонок», «Кенгуру», «Синий кит» մրցույթների 1-ին հորիզոնականները: 5րդ դասարանից գերազանց առաջադիմությամբ սովորել եմ Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան N1 միջին դպրոցում, որտեղ նույնպես ունեցել եմ հաղթանակներ հանրապետական օլիմպիադաներում (հայոց լեզու, գրականություն, ռուսաց լեզու): Այժմ սովորում եմ Ն. Սիսակյանի անվան N5 ավագ դպրոցում: Ստեղծագործում եմ. գրում եմ պատմվածքներ, բանաստեղծություններ, զբաղվում եմ թարգմանություններով՝ հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն: Հոբբիներ՝ պար, ընթերցանություն:
Ով եմ ես
Ես ձյուն եմ՝
Ձմռանն եմ ծնվել.
Գուցե գեղեցիկ, եթե չեն ստում,
Ու սառը, ինչպես շատերն են տեսնում:
Ես այրել եմ քամիները՝
Տերևաթափով չբացահայտված:
Ես ներկել եմ գիշերները՝
Մութ, չհասցեագրված:
Ես օվկիանների սահմանն եմ վաղվա՝
Պահեստն այն անեզր աղի ջրի:
Ես մեղմ քամին եմ անապատների,
Որ փոթորկի գուցե վերածվի:
Ես նա եմ նաև, ով գարունները սիրում է այնքան,
Որքան չի սիրում:
Նա եմ վերջապես, ով
ճանաչում է ինքն իրեն այնքան, որքան չի՜ ճանաչում…