
Ասացեք նրան, որ երազներն իրականանում են, երբ աստղ է ընկնում: Ասացեք նրան, որ նա գեղեցիկ է… գեղեցիկ է, երբ փոշեբույր անցյալների աղմուկն ուսերին չի քայլում անանցյալ քաղաքի ինչ-որ փողոցով կամ երբ տեսախցիկի անխիղճ հիշողությունը չի սևեռված իր դարչնագույն հայացքին: Ասացեք նրան, որ Սատուրնի շուրջ պտտվող սառցե կապույտ օղակին հիմա ձյուն է նստած, ասացեք նաև, որ ինքն էլ ձյուն է: Բայց ես իրեն էլ չեմ գտնի մոլորակների շուրջ պտտվող և ոչ մի օղակում. նա ինքն էր օղակ իմ և իմ միջև՝ իմ շուրջ պտտվող: Ու թափառական սեգ կարոտներիս ունկնդիրն էր նա՝ ալիքը վեհ ափսոսանքի: Նա իմ դիմակն էր, երբ դեմքեր չունեի ու դեմքս էր միակ, որի պատճառով կամ գուցե շնորհիվ դիմակները մի օր թափանցիկ դարձան: Նա իմ գաղտնիքն էր: Ասացեք նրան, որ ոչ մի գաղտնիք գաղտնի չի մնում: Ասացեք նրան, որ աստղ ընկավ: